ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով Երևանում անցկացվող «Արժանապատվության երթ» բողոքի ակցիան ավարտվեց: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, երթը մեկնարկել էր Արաբկիր վարչական շրջանի Վահագն Դավթյանի անունը կրող զբոսայգուց:
«Մի՜ լռիր», «Ոտքի կանգնի՜ր» և այլ կարգախոսներով երթի մասնակիցներն անցան Երևանի փողոցներով: Մասնակիցներն իրենց ելույթներում դժգոհություն հայտնեցին գործող իշխանություններից, նրանց վարած քաղաքականությունից, իրավապահ մարմինների գործունեությունից: Նրանք բարձրաձայնեցին նաև Սյունիքի սահմանային համայնքների բնակիչների անվտանգության խնդիրը: Երթին մասնակցում էր խորհրդարանական և արտախորհրդարանական ավելի քան 16 կուսակցությունների վարչապետի թեկնածու, ՀՀ նախկին վարչապետ Վազգեն Մանուկյանը:
«Այս պայքարը մեր Հայրենիքի համար է, որպեսզի մենք ոտքի կանգնենք, որ շարժվենք առաջ: Մենք շարունակելու ենք մեր պայքարը՝ պահանջելով վարչապետի հրաժարականը»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
Մասնակիցները երթով անցան Հր. Քոչար, Բաղրամյան, Սայաթ Նովա փողոցներով: Այնուհետև եղան Հանրապետության հրապարակում: Երթի արդյունքները ամփոփվեցին Սուրբ Աննա եկեղեցու մոտ: Այդտեղ էլ ակցիան ավարտվեց: