ՔՐԻՍՏԻՆԱ ԱՂԱԼԱՐՅԱՆ
Տարվա սկզբից պատուհասած կորոնավիրուսային համավարակն, այնուհետև արցախյան պատերազմը Հայաստանի տնտեսության համար պարզապես աղետալի հետևանքներ կարող են ունենալ։ Տնտեսության պաշտոնական թվերը հուսադրող չեն։ Գործազրկություն, բիզնեսների համատարած փակում, արտագաղթ, տնտեսական անկում, պետական աճող պարտք, բյուջեի ճեղքվածք, դրամի արժեզրկում։ Այս բոլոր գործոնները ոչ ճիշտ տնտեսական քաղաքականության արդյունքում կարող են կործանարար լինել Հայաստանի համար։ Թեմայի վերաբերյալ «Զարթօնք» օրաթերթը զրուցել է տնտեսական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գագիկ Վարդանյանի հետ, ով 2002 թ-ից 2006 թվականները զբաղեցրել է Հայաստանի Հանրապետության առևտրի և տնտեսական զարգացման նախարարի տեղակալի պաշտոնը։
-Պարոն Վարդանյան, հնարավո՞ր է, արդյոք, նախնական գնահատել ՀՀ տնտեսության վրա համավարակի և պատերազմի ազդեցությունը, հետևանքների խորությունը և ծավալները:
— Որոշ, գնահատականներ հնարավոր է տալ, որոնք, սակայն, չեն կարող ներկայացնել տնտեսության ամբողջական պատկերը: Դեռևս չեն հրապարակվել հոկտեմբերի որոշ պաշտոնական վիճակագրական տվյալներ: Հիմնվելով սեպտեմբերի տվյալների վրա, կարելի է փաստել, որ համավարակով պայմանավորված տնտեսական անկումը շարունակվել է: 2020 թվականի երրորդ եռամսյակում ՀՆԱ-ն (համախառն ներքին արդյունք) նախորդ տարվա համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ նվազել է 9.1 %-ով: Առաջին հայացքից սա բավական մեծ անկում է, սակայն հունվար-հունիսի նկատմամբ, երբ անկումը կազմել էր 13.7 %, անտարակույս, կարելի է ասել, որ համավարակի առաջացրած բացասական ազդեցությունը տնտեսության վրա աստիճանաբար սկսել էր նվազել: Ըստ նախնական (2020 թ. նոյեմբերի 25-ի դրությամբ) տվյալների՝ տնտեսական ակտիվության ցուցանիշը 2020 թ. հունվար հոկտեմբերին կազմել է 93.3 %՝ 2019 թ. նույն ժամանակահատվածի նկատմամբ: Ընդ որում, տարվա ամենացածր ցուցանիշը գրանցվել էր ապրիլ ամսին՝ 83.6 %: Ի դեպ, 2020 թ. հունվարի տնտեսական ակտիվությունը կազմել էր 109.2 %, իսկ առաջին եռամսյակում արձանագրվել էր 3.8 % աճ:
Հունվար-հոկտեմբերին արդյունաբերության ծավալը, 2019 թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ, կազմել է 100.5 %, շնարարությանը՝ 86.7 %, առևտրինը՝ 87.5 %, ծառայություններինը՝ 87.2 %: Փաստորեն, համավարակի ազդեցությունը մեծ է եղել վերջին երեք ոլորտների վրա: Ընդորում, շինարարության անկումը ապրիլ ամսին կազմել է 51 % (2019 թ. ապրիլի նկատմամբ):
Ընդհանուր առմամբ, ՀՆԱ-ի և տնտեսական ակտիվության ցուցանիշների մասով նկատվել են թույլ արտահայտված դրական միտումներ:
Հունվար-հոկտեմբերին արտաքին առևտրաշրջանառության անկումը կազմել է 11.4 %. արտահանման ծավալի անկումը կազմել է 4.4 %, իսկ ներմուծմանը՝ 14.9 %:
Ինչ վերաբերում է պատերազմի ազդեցությանը, ապա պետք է նկատել, որ, ինչպես ցույց է տվել համաշխարհային պրակտիկան, պատերազմների ժամանակահատվածում բարձրանում է զբաղվածության մակարդակը, գրեթե լիովին օգտագործվում է տնտեսական ներուժը: Բայց այստեղ կա մի նրբություն: Եթե տվյալ երկրի ենթակառուցվածքը, արտադրական հզորությունները վնասվել են պատերազմական գործողությունների արդյունքում, ապա այդ չափով արդյունաբերական կամ այլ ոլորտների արտադրանքի ծավալը նվազում է: Դա տեղի է ունեցել Արցախի Հանրապետությունում, որի տնտեսությունն ինտեգրված էր ՀՀ տնտեսության հետ և որոշակի փոխազդեցություն գոյություն ուներ: Հետևաբար, մի քանի ամիս հետո հնարավոր կլինի ավելի հստակ գնահատականներ տալ:
-Ըստ Ձեզ՝ ՀՀ տնտեսությունն այս պահին ի՞նչ վիճակում է գտնվում. տնտեսության մասնակի կանգ, գործազրկության մակարդակ, դրամի արժեզրկում։ Այս ամենն ինչի՞ կարող է հանգեցնել։
— Ամենին ինչից զատ, ներկայում մեծ է տնտեսական վարքագծի տեսանկյունից կարևոր՝ հոգեբանական գործոնի բացասական ազդեցությունը. անորոշությունները շատ են: Նախ համավարակի պատճառով տնտեսության մասնակի կանգի մասին: Այդ փուլը մենք հաղթահարել ենք, իհարկե, նշանակալի տնտեսական կորուստներով, որոնք արտացոլված են ՀՆԱ-ի ցուցանիշում: Պաշտոնական վիճակագրությունը հնարավորություն է ընձեռում դրանք առանձնացնել ըստ ոլորտների: Երրորդ եռամսյակում այդ հետևանքներն իներցիայով պահպանվել են: Բայց, այստեղ կա նաև արտաքին գործոնների ազդեցությունը. համաշխարհային տնտեսությունը դեռևս ուշքի չի եկել, առանձին երկրներ հանդիպել են համավարակի երկրորդ, երրորդ ալիքներին, ինչի պատճառով տնտեսությունները կրկին կանգ են առնում: Ըստ Ազգային վիճակագրական ծառայության՝ (ԱՎԾ) աշխատուժի հետազոտության արդյունքների՝ 2019 թվականի I և II եռամսյակների նկատմամբ զբաղվածության փոփոխությունը համապատսխանաբար կազմել է ՝ 100.2 % և 97.6 %, իսկ գործազրկությանը՝ 92.3 % և 105.2 %: Պաշտոնապես գրանցված գործազուրկների միջին ամսական թվաքանակը հունվար – սեպտեմբերի (աճողական, 2019 թվականի նույն ժամանակահատվածի նկատմամբ) կազմել է 95.3%: Հետևաբար, կարելի է ասել, որ գործազրկության կամ զբաղվածության առումով, ցուցանիշները դրական միտում չեն դրսևորել:
Ինչ վերաբերում է դրամի արժեզրկմանը, ապա այն կարող է ունենալ ինչպես բացասական, այնպես էլ դրական ազդեցություն: Դրականը վերաբերում է արտահանման շահավետ դառնալուն կամ արտասահմանից տրանսֆերտներ ստացող տնային տնտեսությունների, դրամական արտահայտությամբ, եկամուտների աճին, ինչը որոշակիորեն կչեզոքացվի գնաճի հետևանքով: Իսկ գնաճը կլինի բացասական հետևանքը, թեպետ, այլ հավասար պայմաններում, գնաճն ինքնին նպաստում է տնտեսական ակտիվության բարձրացմանը:
Այս ամենի ընդհանրական բացասական հետևանքներն էլ ավելի կարող են սրվել Արցախի մնացած տնտեսության վերականգնման, Արցախից եկած փախստականների պարագայում. ենթակառուցվածքների վերականգնում, փախստականների բնակության, զբաղվածության, սոցիալական այլևայլ խնդիրների առաջացմամբ:
—Եվ իհարկե, ի՞նչ կանխատեսումներ կան ապագայի վերաբերյալ։
Կանխատեսել այսօրվա տնտեսության ապագան անիմաստ զբաղմունք կլիներ: Նշված ցուցանիշները որոշակի կբարելավվեն, սակայն ստեղծված իրավիճակում դա առոչինչ է: Պետք է մտածել ապագայի տնտեսության, տնտեսության ոչ կենսունակ կառուցվածքից ձերբազատվելու, տեխնոլոգիական առաջընթացի արագացման մասին: Պետք է մտածել ոչ թե նրա մասին, թե ինչպես ներդնել նու-հաուներ, այլ ավելի կարևոր է հասկանալ, թե ովքեր կարող են դա անել: Իսկ դրա պատասխանը կտան գիտությունն ու կրթությունը՝ տևական հեռանկարում: Մինչ այդ նպատակահարմար է թվում աշխարհասփյուռ հայության ներուժի իրացման համար արդյունավետ կառուցակարգերի գործադրումը: Միաժամանակ, այդ ամենից զատ, գլխավորը հասարակության մեջ միմյանց և պետական հաստատությունների նկատմամբ վստահության ամրապնդումն է: