Երկուշաբթի, 9 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Արցախի Պատմամշակութային Արժէքները, Եկեղեցիները Յանձնւում Են Ազրպէյճանին. Ի՞նչ Է Լինելու Դրանց Ճակատագիրը. ԶԱՐԹՕՆՔ Կը Վաւերագրէ — Մաս 7 —

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

Պատմամշակութային Վաւերագրութիւն

ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ

«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից

Արցախում մօտ 44 օր տեւած անհաւասար պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, ստորագրեցին հետեւեալ պայմանագիրը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկովեան ժամանակով 00:00- ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ահռելի թուով զոհերի գնով պահուած ու ազատագրուած տարածքները հենց այնպէս, առանց Արցախի կարգավիճակի յանձնւում են թշնամուն։

Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը վերադարձւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր աւտոմոպիլային եւ յատուկ թեքնիքա: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ըստ այդ ստորնացուցիչ պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետութիւնն Ազրպէյճանի

Հանրապետութեանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 քմ լայնութեամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմի վերահսկողութեան ներքոյ: Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը, Մարտունու մի շարք գիւղեր։ Ամեն օր գծւում է հայ-Ազրպէյճանական սահմանի նոր բնագծեր։ Արդեն իսկ յանձնուած է Քարվաճառի շրջանը, իր պատմամշակութային արժէքներով, աստուածային բնութեամբ, ռազմավարական կարեւոր նշանակութեան դիրքերով։

Պատերազմի արդիւնքում Ատրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը։ Հատրութի շրջանը յուշարձաններով ու մշակութային արժէքներով հարուստ շրջան է, որն ամբողջութեամբ մնում է թշնամուն։ Թէ ինչ ճակատագրի կ՛արժանանան հայկական հնադարեայ եկեղեցիները, վանքերը ու յուշարձանները, դժուար չէ գուշակել։

Թշնամին առիթը բաց չի թողնի սիրտ քայքայող ու տանջող լուսանկարներ ու տեսանիւթեր հրապարակելու այս կամ այն եկեղեցու պղծումից։ Օրինակներ արդեն կան՝ Շուշիի Ղազանչեցոց Ս. Ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ վանքը, մատուռներ, խաչքարեր, Վազգէն Սարգսեանի կիսանդրին, հայկական մի շարք գերեզմաններ եւ այլն։ Իհարկէ, պաշտօնական մակարդակով ամեն օր յայտարարութիւններ, դիմումներ, կոչեր են հնչում միջազգային հանրութեանը, ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ պաշտպանելու հայկական պատմական ժառանգութիւնները, բայց յոյսը միայն դնել միջազգային հանրութեան վրայ, չարժէ։ Այն դէպքում, երբ գիտես թէ ինչ թշնամու հետ գործ ունես։

«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի ցանկը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, այն կը ներկայացնենք մի քանի մասով։ Եւ այսպէս ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ:

Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում է: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններ:

Շարքի այս համարում կ՛անդրադառնանք հայոց անառիկ բերդաքաղաք Շուշիին։ Բերդաքաղաքի, չակերտաւոր գրաւման մասին տեղեկութիւնները ոչ ոքի հաւատ չի ներշնչում։ Բոլորին է յայտնի, թէ Շուշին իր աշխարհագրական դիրքի շնորհիւ ինչպիսի անառակութիւն ունի եւ այն գրաւելն այնքան էլ հեշտ չէ։ Շուշիի յանձնման մասին հազիւ թէ կարողանանք հաստատուած տեղեկութիւն լսել, քանի որ ազատամարտիկների, զինուորների եւ ականատեսների պատմածի համաձայն Շուշիում կատարուել է դաւաճանութիւն, որի արդիւնքում բերդաքաղաքը ծնկել է։

Սակայն մէկ բան յստակ է՝ հայկական կանոնաւոր բանակը, ժամկէտային զինծառայողներն ու սպաները կռուել են մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ արեան վերջին կաթիլը։ Ցաւօք այսօր դէպի Շուշի տանող ճանապարհին ծածանւում է Ազրպէյճանական ու թուրքական դրօշները, դրան գումարած ռուսական խաղաղապահ առաքելութիւնը։ Թշնամին ամեն օր հրապարակում է տեսանիւթեր, թէ ինչպէս են պղծում հայկական խաչքարերը, մտնում մարդկանց տներ, ջարդում եւ փշրում ամեն ինչ։ Պատկերը անասելի մեծ ցաւ է պատճառում։

 Շուշիի պատմութիւնը

Մինչեւ 1923 թուականը՝ Պարսկաստանի եւ Ցարական Ռուսաստանի տիրապետութեան ժամանակաշրջանում Շուշին եղել է վերջինների կազմում գտնուող կիսանկախ Արցախի քաղաքական-մշակութային կեդրոնը։ 1920 թուականին թուրքերի կողմից աւերուել է եւ հայաթափուել: Արցախեան պատերազմի ժամանակ՝ 1992 թուականի մայիսի 9-ին հայկական զինուած ուժերի կողմից ազատագրվել է։ Յայտնի «Հարսանիք լեռներում» ռազմական գործողութեան շնորհիւ։ Շուշիի հին բնակավայր լինելու մասին վկայում է 1428 թուականին Տէր-Մանուէլի ստեղծած Աւետարանը, որտեղ նշուած է, որ «արդ գրեցաւ աստուածագիծ սուրբ Աւետարանս ձեռամբ ոգնամեղ եւ ապիկար գրչի տէր Մանաւելի, ի թուականութեանս Հայոց ՊՀԷ (1428), ի յաշխարհիս Աղուանից, ի վիճակս Ամարասայ, ի գեղս Շուշու կոչեցեալ, ընդ հովանեաւ Սուրբ Աստուածածնիս, ի կաթողիկոսութեան տէր Յովհանիսի… »։ Շուշիի հիմնադրման, ամրոցաշինութեան, այդ հին բնակավայրի կառուցապատման եւ նրա յուշարձանների էթնիկ պատկանելիութիւնը ուսումնասիրող հետազօտողները, մինչեւ Շուշիի ազատագրումը, ստիպուած էին առաւելապէս բաւարարուել 18-19-րդ դդ. հեղինակների կեղծած եւ իսլամամէտ գրաւոր աղբիւրներով։ Այսպէս՝ 1892-1897 թթ. ռէալական ուսումնարանի ուսուցիչ Է. Ռեսլերը, իսկ 1973 թ. Խորհրդային Ազրպէյճանի հնագէտ Հ. Ջաֆարովը պեղել են Շուշիի դամբարանաբլուրները, որոնք հիմնականում կրել են գանձախուզական բնոյթ։ Միայն Ազրպէյճանի գաղութային լծից ազատագրուելուց յետոյ Շուշիի հնագիտական, վիմագրական, տեղագրական բնոյթի բազմաթիւ աղբիւրներ մատչելի են դարձել լուրջ եւ առարկայական ուսումնասիրութիւնների համար։

2004 թ. մայիսին «Շուշի հնագիտական արշաւախումբը»` պատմական գիտութիւնների դոկտոր Հ. Պետրոսեանի գլխաւորութեամբ, անդամութեամբ հնագէտներ Նորա Ենգիբարեանի ու Վարդգէս Սաֆարեանի, ճարտարապետ Մանուշակ Տիտանեանի եւ պատմաբան-շուշիագէտ Աշոտ Յարութիւնեանի, դաշտային հնագիտական դիտումների միջոցով կազմել է Շուշիի եւ նրա շրջակայքի հնագիտական յուշարձանների ցուցակն ու դրանց տեղաբաշխման քարտէզը, որոնք ներառում են մօտ 200 յուշարձանների անուանում, այդ թւում.

Պալեոլիթեան մէկ կայան (մ.թ.ա. 2 միլիոն-10 հազար տարի)

Մէկ կիկլոպեան ամրոց (մ.թ.ա.1-ին հազարամեակ)

Հին դամբարանադաշտեր (մ.թ.ա.1-ին հազարամեակ)

Երկու անթիք եւ վաղ քրիստոնէական

դամբարանադաշտեր (մ.թ.ա. 3-րդ դ. մինչեւ մ.թ. 4-րդ դար)

վեց միջնադարեան գիւղատեղիներ (5-րդ դ. մինչեւ 13-րդ դար)

մօտ 40 խաչքար

1920-ի մարտի 23-ին Այսրկովկասի մարգարիտ համարուող Շուշի քաղաքը դարձաւ Թուրքիայի եւ Ազրպէյճանի բանակների կողմից կազմակերպուած ցեղասպանութեան զոհ: Մի քանի օրում հրոյ ճարակ դարձաւ շուրջ երկու դարերի ընթացքում շուշեցի հայերի ստեղծած համամարդկային արժէքներ, հայ ժողովրդի մշակութային ժառանգութեան բացառիկ գոհարներ, ճարտարապետական կոթողներ, այդ թւում շուրջ 7000 տարաբնոյթ շինութիւններ, որոնց արժէքը մինչ այսօր դեռ չի գնահատուած ֆինանսական տեսանկիւնից։ Թուրք-մուսավաթական զօրքերը ոչնչացրին շուրջ 8 հազար հայ խաղաղ բնակիչների, առեւանգեցին եւ բռնի իսլամացրեցին հազարաւոր հայ երեխաների, բանտարկեցին հազարաւոր անմեղ մարդկանց։ Բազմաթիւ փաստեր հաստատում են, որ Սուլթանովը եւ Ազրպէյճանի կառավարութիւնը աշխոյժ կերպով նախապատրաստւում էին Արցախը նուաճելուն, իսկ այդ նպատակի համար գլխաւոր թիրախ էր ընտրուած հենց Շուշի քաղաքը։ 1988-մայիս-սեպտեմբերին Շուշիից բռնի տեղահանուեցին տեղի հայ բնակչութիւնը։ 1989-90 թթ. խորհրդային ՆԳ զօրքերի օգնութեամբ իրականացուած «Կոլցո» ահաբեկչական գործողութեամբ իրենց բնակավայրերից տեղահանուեցին Մեծ Շենի, Հին Շենի, Եղցահոցի եւ Տասը վերստի հայերը։ Միակ գիւղը, որ մնաց անառիկ Ազրպէյճանական զաւթիչների համար՝ Քարին Տակն էր։ Քարին Տակի հերոսամարտը հիմք դրեց շրջանից Ազրպէյճանական զաւթիչների վտարմանը։ Այս յաղթանակն ունեցել է նաեւ համահայկական խոշոր նշանակութիւն եւ համաշխարհային հասարակութեան համար բացայայտել է Արցախեան հիմնահարցի նպատակների ու խնդիրների ողջ լրջութիւնը։ Շուշիի ազատագրման մարտերում հայկական կողմն ունեցել է 57 զոհ, թշնամին՝ 250-300 սպաննուած, 600-700 վիրաւոր, 13 գերի: Շուշիի ազատագրման պատմական կարեւորութիւնից եւ Ղարաբաղեան պատերազմում ունեցած շրջադարձ ային նշանակութիւնից ելնելով՝ ԼՂՀ ԱԺ-ը 1994 թ. սահմանել է «Շուշիի ազատագրման համար» շքանշան: Հայաստանում եւ Արցախում մայիսի 9-ը պաշտօնապէս յայտարարուած է «Շուշիի ազատագրման եւ յաղթանակի» օր։ Այսօր արդեն այս ազատագրական փառահեղ գործողութիւնը հաւասարուեց զրոյի, արեան գնով ազատագրուած Շուշին այլեւս թրքացուել է։

Բոլորը գիտեն, որ Շուշին բաց թանգարան է երկնքի տակ։ Զբօսաշրջիկների յաճախակի այցելութեան վայրերն են ռէալական ուսումնարանը, Ժամհարեանների առանձնատունն ու հիւանդանոցի շէնքը, Մարիամ Ղուկասեան օրիորդաց դպրոցի շէնքը (այժմ՝ ԼՂՀ Մշակոյթի եւ երիտասարդութեան հարցերի նախարարութեան շէնքը), Մեղրեցոց եկեղեցու խորանը, Ղազանչեցոց Սուրբ Ամենափրկիչ տաճարը, Սուրբ Յովհաննէս Մկրտիչ (Կանաչ Ժամ) եկեղեցին, քաղաքը հիւսիսից եզերող ամրոցի պատերն ու Ելիզավետպոլեան մուտքը, գերեզմանոցները, Ձիարշաւարանը, սարաւանդը եզերող ժայռապարը, Հունոտի կիրճը, Մամռոտ քարը, քարանձաւները, Իսահակի աղբիւրը (Պեխէ աղբիւր) եւ այլն։ Ի դէպ՝ Շուշի քաղաքի նոր զինանշանի վրայ պատկերուած է Ղազանչեցոց սբ. Ամենափրկիչ Եկեղեցու պահապան Հրեշտակը։

Շուշիում են գտնւում հետեւեալ պատմամշակութային արժէքները.

Աղբիւր «Ելիզավետապոլեան դարպասներ»–ի մօտ, հիւրանոցի տարածքում կառուցուել է ի յիշատակ գեն. Հ. Լազարեւի պապի՝ Ա. Քալանթարեանի

Աղբիւր-յուշարձանՂազարյանփողոցում, «Ներքինմզկիթից» հեռու, 19 դ․

Աղբիւր «Մամահի», կառուցուել է ի յիշատակ Թադեւոս Թամիրեանցի 1900 թ

Շուշիի ամրոց

Շուշիի ամրոցը հիմնադրուել է Փանահ-Ալիի  կողմից, ով ռազմական ծառայութիւն էր իրականացնում Նադիր շահի մօտ։ Վերջինիս մահից յետոյ Իրանում սկսւում են գահակալական կռիւներ, եւ Փանահ-Ալին, օգտուելով դրանից, հեռանում է Շաքի, ապա՝ Շիրվան, եւ իրեն հռչակում Ղարաբաղի խան։ Խամսայի հայ մելիքների միութիւնը խախտելով՝ նա 1748-1759 թուականներին դառնում է տեղի վարչական ղեկավարը։

Շուշին կոչւում է «Փանահաբադ», իսկ աւելի ուշ՝ մօտակայ Շուշիքենդ գիւղի անունից՝ Շուշի, որի բնակիչների մի մասը տեղափոխւում է այս ամրոց՝ Շահբուլաղի բնակիչների հետ միասին: Հին ժամակների ռազմական տեխնիկայի համար անմատչելի այդ պարիսպները կառուցուած էին կրաքարից: 7-8մ բարձրութեամբ պատերը ուժեղացուած էին կիսակլոր աշտարակներով:

Քաղաք-ամրոցը միջնադարեան Արցախի նմանատիպ այլ կառոյցների նման ունեցել է իր գաղտնուղին: Ժայռերի մէջ փորած աստիճանը սկսւում էր հարաւային Երեւանեան դարպասների մօտ եւ անցնելով քարանձաւների բաւիղների միջով դուրս էր գալիս Կարկառ գետի ձորը:

Շուշիի պաշտպանական համակարգում առաջնահերթ դեր էին խաղացել ամրութիւններից հարաւ գտնուող բազմաթիւ քարանձաւները:

Շարունակելի․․․

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img