Հայրենիք վերադարձած 44 ռազմագերիներից 10-ը տարբեր վիրավորումներ եւ բուժման կարիք ունի: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում հայտնեց Երեւանի կայազորային հոսպիտալի վիրաբուժական բաժանմունքի ղեկավար, բժիշկ Միքայել Սամսոնյանը, որն Ադրբեջանից Հայաստան գերիներին տեղափոխող ռուսական ինքնաթիռում ուղեկցող բժիշկն էր:
Բժշկի խոսքով՝ անմիջապես տեղում, ռազմագերիների հետ հենց առաջին հանդիպման ժամանակ ինքը զննել է նրանց՝ վիճակը գնահատելու եւ հասկանալու համար, թե նրանցից ով օգնության կարիք ունի: Անհետաձգելի օգնության անհրաժեշտություն չի եղել, սակայն 10-ը հայրենիք վերադառնալուն պես բուժման կարիք ունեին: Մի քանիսի մոտ բժիշկը հայտնաբերել է ոչ մեծ վերքեր:
Բժշկի խոսքով՝ զինվորներն իրեն ասել են, որ այդ բոլոր վիրավորումները ստացել են մարտական գործողությունների ժամանակ: Իրականում այդպես է եղել թե ոչ, մասնագետի խոսքով, դժվար է ասել, անհնար է բացառել, որ զինվորներն այդպես էին ասում միայն այն պատճառով, որ բուժզննման եւ զրույցի ժամանակ դեռեւս գտնվում էին ադրբեջանական տարածքում:
Այսպես թե այնպես, կյանքին վտանգ սպառնացող վիրավորումներ ոչ մեկի մոտ չի հայտնաբերվել: Մի զինծառայողի ոտնաթաթի մի մասն է անդամահատվել, մեկ ուրիշի կոտրված ոտքի վրա հավաքվել է Իլիզարովի դիստրակցիոն-կոմպրեսիոն սարքը: Նրա վերքի վիճակն, իհարկե, դժվար է բավարար համարել: Նախնական տեղեկություններով՝ երկուսն էլ բավական երկար բուժման կարիք կունենան:
Բժշկի խոսքով՝ բոլոր զինվորներին նախնական տեղափոխել են «Կանազ» զինվորական հոսպիտալ, որտեղից անհրաժեշտության դեպքում կտեղափոխեն այլ բուժկենտրոններ:
Մանրամասները՝ NEWS.am-ում