ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ստեղծված իրավիճակում ճիշտ որոշում է համարում արցախցի երեխային սպանելու համար դատապարտված ադրբեջանցի երկու դիվերսանտին հայ գերիներով փոխանակելը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին Փաշինյանն ասել է «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում:
«Այստեղ մենք պայմանավորվել էինք, արդեն ասվել է, որ պետք է բոլորը փոխանակվեն բոլորի հետ: Եվ ես կարծում եմ, որ ստեղծված իրադրության մեջ դա ճիշտ որոշում էր: Եվ ես նաև երեկ և անհետ կորածների, և ենթադրվող գերեվարված մեր զինվորների հարազատների հետ ունեցել եմ հանդիպում և պարզաբանել եմ՝ ի վերջո, նաև եկեք արձանագրենք, որ այդ որոշման արդյունքում Հայաստան վերադարձվեցին նաև մեր այն քաղաքացիները, ովքեր Ադրբեջանում էլի դատավճռով դատապարտված էին: Այլ բան, թե ով ինչքանով էր արդար դատապարտված, բայց մենք մեր քաղաքացիներին վերադարձնելու համար կայացրել ենք այդպիսի որոշում և ծանր որոշում»,- ասաց Փաշինյանը:
Վարչապետը հավելեց, որ այդ որոշումը կայացվել է՝ հետագայում գերեվարված անձանց հաստատված դեպքերի շուրջ ավելի արագ և ավելի արդյունավետ համաձայնություններ ձեռք բերելու համար:
Ադրբեջանցի դիվերսանտ Դիլհամ Ասկերովը 2014թ.-ի դեկտեմբերի 29-ին ԼՂՀ-ում դատապարտվել էր ցմահ, իսկ Շահբազ Գուլիևը՝ 22 տարվա ազատազրկման: Նրանք մեղադրվում էին ազգային ատելության շարժառիթներով մարդուն առեւանգելով սպանելու, կազմակերպված խմբի կողմից անչափահասի նկատմամբ զենքի գործադրմամբ բռնություն գործադրելու, լրտեսության, Ղարաբաղի պետական սահմանը կազմակերպված խմբի կողմից հատելու, հրազեն եւ ռազմամթերք կրելու մեջ։ Դիլհամ Ասկերովին նաեւ կազմակերպված խմբի կողմից ազգային ատելության շարժառիթով երկու անձանց սպանության փորձի մեղադրանք էր առաջադրվել։
Դեկտեմբերի 14-ին ռուս խաղաղապահների միջնորդությամբ տեղի է ունեցել գերիների փոխանակման գործընթաց: Ադրբեջանից Հայաստան են տեղափոխվել պաշտոնապես հաստատված 44 մեր հայրենակիցներ։