Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը կարծում է, որ Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ Արման Թաթոյանն այս մասին գրառում է արել «Ֆեյսբուք»-ի իր էջում:
«Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու ապահովության, կենսական ապրուստը հոգալու հնարավորությունների և ու վերջապես՝ ՀՀ պետական սահմանների անվտանգության մասին է:
Մարդու իրավունքների պաշտպանն աշխատակազմի մասնագետների հետ միասին աշխատանքային հատուկ այցով եղել է Սյունիքում ու համոզվել այս խնդիրների խիստ արդիականության հարցում: Դրանից բացի, երեկ ու այսօր վաղ առավոտից Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը Սյունիքի սահմանային բնակավայրերի բնակիչներից ստանում է նույն խնդիրներին վերաբերող ահազանգեր ու անհանգստություններ, իրականացվում է մարդկանց բողոքի ակցիաների մշտադիտարկում:
Հայաստանի Հանրապետության կառավարությունը, հատուկ շեշտում ենք՝ ոչ թե Սյունիքի մարզային կամ համայնքային մարմինները, այլ մեր պետության գործադիր իշխանության բարձրագույն մարմինը պարտավոր է հանրությանն ու հատկապես սահմանային բնակավայրերի բնակիչներին տրամադրել պատշաճ բացատրություններ նրանց ու, առհասարակ, մեր ողջ հանրությանը վերաբերող հարցերի ու զարգացումների մասին:
Սա քաղաքացիների Սահմանադրությամբ երաշխավորված իրավունքն է:
Դա ապահովելու ուղիղ պարտավորություն կրում է պետությունը և վերջ».- գրել է Թաթոյանը: