Պատմամշակութային Վաւերագրութիւն
ՔՐԻՍԹԻՆԱ ԱՂԱԼԱՐԵԱՆ
«Զարթօնք»-ի Երեւանի Աշխատակից
Արցախում մօտ 44 օր տեւած անհաւասար պատերազմից յետոյ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանը, Ազրպէյճանի Հանրապետութեան նախագահ Իլհամ Ալիեւը եւ Ռուսաստանի Դաշնութեան նախագահ Վլատիմիր Փութինը, ստորագրեցին հետեւեալ պայմանագիրը. 2020 թուականի նոյեմբերի 10-ի մոսկովեան ժամանակով 00:00-ից Լեռնային Ղարաբաղի հակամարտութեան գօտում յայտարարւում է ամբողջական հրադադարի եւ բոլոր ռազմական գործողութիւնների աւարտի մասին: Ազրպէյճանի Հանրապետութիւնը եւ Հայաստանի Հանրապետութիւնը, այսուհետ՝ Կողմեր, կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում: Ահռելի թուով զոհերի գնով պահուած ու ազատագրուած տարածքները հենց այնպէս, առանց Արցախի կարգավիճակի յանձնւում են թշնամուն։
Ըստ փաստաթղթի՝ Աղտամի շրջանը յանձնւում է Ազրպէյճանի Հանրապետութեանը մինչեւ 2020 թուականի նոյեմբերի 20-ը: Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով եւ Լաչինի միջանցքի երկայնքով տեղակայւում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրախումբ, այդ թւում՝ հրաձգային զէնքով զինուած 1960 զինծառայող, 90 զրահամեքենայ, 380 միաւոր աւտոմոպիլային եւ յատուկ տեխնիկա: Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զօրակազմը տեղակայւում է Հայկական զինուած ուժերի դուրսբերմանը զուգահեռ: Ըստ այդ ստորացուցիչ պայմանագրի՝ Հայաստանի Հանրապետութիւնն Ազրպէյճանի Հանրապետութեանը յանձնում է Քելբաջարի շրջանը մինչեւ 2020 թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչեւ 2020 թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդորում շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնութեան խաղաղապահ զորակազմի վերահսկողութեան ներքո: Պատերազմի արդյունքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը, Մարտունու մի շարք գիւղեր։ Ամեն օր գծւում է հայ-Ազրպէյճանական սահմանի նոր բնագծեր։ Արդեն իսկ յանձնուած է Քարվաճառի շրջանը, իր պատմամշակութային արժէքներով, աստուածային բնութեամբ, ռազմավարական կարեւոր նշանակութեան դիրքերով։
Պատերազմի արդիւնքում Ազրպէյճանական զինուած ուժերի կողմից գրաւուել է Հատրութի շրջանը, Շուշի քաղաքը։ Հատրութի շրջանը յուշարձաններով ու մշակութային արժէքներով հարուստ շրջան է, որն ամբողջութեամբ մնում է թշնամուն։ Թէ ի՞նչ ճակատագրի կ՛արժանանան հայկական հնադարեայ եկեղեցիները, վանքերը ու յուշարձանները, դժուար չէ գուշակել։ Թշնամին առիթը բաց չի թողնի սիրտ քայքայող ու տանջող լուսանկարներ ու տեսանիւթեր հրապարակելու այս կամ այն եկեղեցու պղծումից։ Օրինակներ արդեն կան՝ Շուշիի Ղազանչեցոց ամենափրկիչ եկեղեցին, Կանաչ վանքը, մատուռներ, խաչքարեր, Վազգէն Սարգսեանի կիսանդրին, հայկական մի շարք գերեզմաններ այլն։ Իհարկէ, պաշտօնական մակարդակով ամեն օր յայտարարութիւններ, դիմումներ, կոչեր են հնչում միջազգային հանրութեանը, ԵՈՒՆԵՍՔՕ-ին՝ պաշտպանելու հայկական պատմական ժառանգությունները, բայց յոյսը միայն դնել միջազգային հանրութեան վրայ, չարժեր։ Այն դէպքում, երբ գիտես թէ ինչ թշնամու հետ գործ ունես։
«Զարթօնք» օրաթերթն իր ընթերցողին է ներկայացնում է Արցախի պատմամշակութային յուշարձանների, եկեղեցիների, մատուռների, վանքերի, խաչքարերի ցանկը, որոնք ըստ եռակողմ պայմանագրի, անցնում են Ազրպէյճանի վերահսկողութեան տակ։ Հաշուի առնելով, որ ցանկը շատ մեծ է, այն կը ներկայացնենք մի քանի մասով: Եւ այսպես․ ներկայումս Արցախի տարածքում վկայագրուած է գրեթէ 5000 պատմութեան եւ մշակոյթի յուշարձան, որոնցից 700-ի համար կազմուել են պահպանական գօտիներ: Գործընթացը շարունակական բնոյթ է կրում, եւ տարեցտարի վերոյիշեալ ցանկը համալրւում է: 2011թ. Ասկերանի շրջանում վկայագրուել է 796, Հատրութի՝ 364 յուշարձան, 2012թ. Մարտակերտի շրջանում կատարուել է 1390 յուշարձանի, իսկ արդեն 2013թ. Մարտունու շրջանում` 275 յուշարձանի վկայագրում։ Քաշաթաղի շրջանում այդ աշխատանքները կատարուել են 2015թ., որի արդիւնքում վկայագրուել է 335 յուշարձան։ Վերջին տարիներին ընդհանուր առմամբ վկայագրուել են 3160 պատմութեան եւ մշակոյթի յուշարձաններ:
Շարքի այս 8-րդ համարում կը շարունակենք ներկայացնել հայոց անառիկ բերդաքաղաք Շուշին։ Շուշիի, չակերտաւոր գրաւման մասին տեղեկութիւնները ոչ ոքի հաւատ չի ներշնչում։ Բոլորին է յայտնի, թէ Շուշին իր աշխարհագրական դիրքի շնորհիւ ինչպիսի անառակութիւն ունի եւ այն գրաւելն այնքան էլ հեշտ չէ։ Շուշիի յանձնման մասին հազիւ թէ կարողանանք հաստատուած տեղեկութիւն լսել, քանի որ ազատամարտիկների, զինուորների եւ ականատեսների պատմածի համաձայն Շուշիում կատարուել է դաւաճանութիւն, որի արդիւնքում բերդաքաղաքը ծնկել է։
Սակայն մէկ բան յստակ է՝ հայկական կանոնաւոր բանակը, ժամկէտային զինծառայողներն ու սպաները կռուել են մինչեւ վերջին փամփուշտը, մինչեւ արեան վերջին կաթիլը։ Ցաւօք այսօր դէպի Շուշի տանող ճանապարհին ծածանւում է Ազրպէյճանական ու թուրքական դրօշները, դրան գումարած ռուսական խաղաղապահ առաքելութիւնը։ Թշնամին ամեն օր հրապարակում է տեսանիւթեր, թէ ինչպէս են պղծում հայկական խաչքարերը, մտնում մարդկանց տներ, ջարդում եւ փշրում ամեն ինչ։ Պատկերը անասելի մեծ ցաւ է պատճառում։
Շուշիի բանտը
1873-1896 թթ․ այս տանը ապրել է 1886 թ․ Վանի ինքնապաշտպանութեան ղեկավարներից Մարտիրոս Սարուխանեանը
1860-1881 թթ. այս տանը ապրել է հայ պատմաբան, գրող, գրականագէտ, հրապարակախօս, ՀԽՍՀ գիտութիւնների եւ արւեստի ինստիտուտի իսկական անդամ, փրոֆեսոր Լէոն:
1854-1878 թթ․ այստեղ ապրել է Մուրացանը
Եկեղեցի Սբ. Ամենափրկիչ, «Մեղրեցոց»
Այս եկեղեցին կառուցուել է Մահտեսի միջոցներով, աւերուել է 1960-ական թթ., պահպանուել է միայն արեւելեան՝ խորանի եւ աւանդատների հատուածը, որը վերածուել էր ամառային համերգասրահի բեմի։
Կանաչ Ժամ եկեղեցի կամ Սուրբ Յովհաննէս Մկրտիչ եկեղեցի
Շուշին գրաւելուց յետոյ համացանցում յայտնուեց վանտալիզմի ենթարկուած ու պայթեցուած գմբէթով ու զանգակատնով հայկական եկեղեցին։
Եկեղեցին իր անունըստացել է այն պատճառով, որ ժամանակին եկեղեցու գմբէթը եղել է կանաչ գոյնի։ Այս եկեղեցին կառուցուել է 1818 թուականին՝ Ղարաբաղցոց նախկին փայտաշէն եկեղեցու փոխարէն։ Այդ մասին վկայում է շինարարական արձանագրութեան։ Պատերի մէջ ագուցուած է նաեւ նախկին եկեղեցու արձանագրութիւնները։
Խորհրդային շրջանում, Կանաչ ժամը, որի շուրջ գտնւում էին առողջարաններ, հանգստեան տներ, Ազրպէյճանցիների կողմից վերածուել էր հանքային ջրերի ըմպելասրահի։ Արդիւնքում յուշարձանը խիստ տուժել էր։ Մասնաւորապէս, բեմի վրայ տեղադրուած երկաթէ մեծ ջրաւազանը։ Արեւմտեան՝ զանգակատան հիմնական մուտքի աստիճանները քանդել եւ նրանց փոխարէն նոր՝ յուշարձանին անհամապատասխան աստիճաններ էին կառուցել հիւսիսային ճակատում, որի պատճառով քանդուել էր կեդրոնական լուսամուտի գոգատակի պատը։ Ջրամբարից յաճախ թափուող հանքային ջրերը, ողողում էին խորանները, այնտեղից պատը քայքայելով հոսում դէպի բակը։
Գորգագործական ֆապրիքայի շէնք
Շէնը կառուցել են Շուշիի բարեգործ կանայք. վերակառուցել է 2004 թ. այժմ այստեղ գործում է Նարեկացի մշակութային կենտրոնը։
Շուշիի Հոգեւոր տեսչութեան շէնք
Կառուցուել է 1827–1828 թթ․ Գտնւում է Ղազանչեցոց փող., դպրոցի դիմաց։
Շուշիի շուկա–իջեւանատուն, Վարանդայի եւ Դումանի փողոց,19-րդ դար։ «Թաթարական շուկայ», «Շէյթան պազար». Վերակառուցուել է 2010 թ.։
Պատմաերկրագիտական թանգարանի շէնք
Այս շէնքը եղել է ցարական գեներալ Մեհմանդարովի տունը, խորհրդային ժամանակ եղել է գորգերի թանգարան, 1993 թ.–ից պատմա-երկրագիտական թանգարան։
«Կանաչ դեղատուն»-ը եղել է հասարակական շէնք, յետագայում վերակառուցուել է որպէս թաղային աղօթարան. խորհրդային ժամանակ եղել է դեղատուն, 2000 թթ. վերջին վերանորոգուել է։
Ցարական փոստատան շենք, 1810 թ.
Շարունակելի…