Որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերված 2 քաղաքացի՝ հայր և որդի Միքայել և Գեղամ Պետրոսյանները, ռուս խաղաղապահների և կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ քիչ առաջ տեղափոխվել են Ստեփանակերտ՝ 61 օր անհայտության մեջ գտնվելուց հետո: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տեղեկացնում է ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը:
ԱԻ պետական ծառայության տնօրեն գեներալ-մայոր Կարեն Սարգսյանը և ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանը նրանց դիմավորել և ուղեկցել են հանրապետական բժշկական կենտրոն, որտեղ Պետրոսյանները համապատասխան բուժօգնություն կստանան:
Կարեն Սարգսյանը շնորհակալություն է հայտնել Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմին՝ հրամանատար գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովի գլխավորությամբ, ՊԲ գեներալ-մայոր Աշոտ Բալասանյանին և որոնողական աշխատանքներ իրականացնող խմբի ուղեկցողներին:
ԱԻ ծառայության տնօրեն Կարեն Սարգսյանը նշել է, որ որոնողական աշխատանքները կրում են ամենօրյա բնույթ և գործադրվում են բոլոր հնարավոր ջանքերն ու լծակները՝ անհետ կորած զինծառայողներին և քաղաքացիներին հայտնաբերելու համար:
Դեկտեմբերի 20 ին Թշնամու վերահսկողության տակ անցած տարածքներում իրականացվող որոնողական աշխատանքների արդյունքում՝ ԱՀ արտակարգ իրավիճակների պետական ծառայության, Արցախում խաղաղապահ առաքելություն իրականացնող ռուսական զորակազմի և Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ջանքերով ավելի քան 70 օր անհայտության մեջ գտնվող ժամկետային 6 զինծառայողներ էին գտնվել: