Այց Եռաբլուր Եւ Հոգեհանգիստ Նահատակ Քաջորդիների Համար
Դեկտեմբերի 20-ի առաւօտեան Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսը եպիսկոպոսների ուղեկցութեամբ այցելեց Եռաբլուր զինուորական պանթէոն՝ յարգանքի տուրք մատուցելու եւ աղօթք բարձրացնելու արցախեան պատերազմում նահատակուած քաջորդեաց հոգիների խաղաղութեան համար։
Ծաղկեպսակի զետեղումից յետոյ Վեհափառ Հայրապետը եւ եկեղեցականները այցելեցին նաեւ զինուորականների շիրիմներին, կատարեցին իրենց առանձնական աղօթքը։
Այնուհետեւ Սուրբ Գայիանէ վանքում, Վեհափառ Հայրապետը ներկայ գտնուեց Սուրբ Պատարագին, որի աւարտին, նախագահութեամբ Աﬔնայն Հայոց Կաթողիկոսի, զոհուած հերոսների համար կատարուեց հոգեհանգստեան արարողութիւն։
Անարարողութիւնից յետոյ Ամենայն Հայոց Կաթողիկոսն իր խօսքն ուղղեց հոգեւոր դասին, ներկայ բարեպաշտ հաւատացեալներին եւ համայն հայ ժողովրդին։
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի Խօսքը
Արցախեան Պատերազմում Զոհուած Նահատակների
Հոգեհանգստեան Արարողութեանը
Սիրելի հաւատաւոր զաւակներ Մեր,
Այսօր վերստին ոգեկոչում ենք լոյս յիշատակը հայրենիքի համար զոհուած մեր զինուորների, աշխարհազօրայինների եւ զօրահրամանատարների, ովքեր արցախեան պատերազմում խիզախաբար պայքարեցին անարգ թշնամու դէմ եւ իրենց թանկագին արեան հեղումով ընդունեցին նահատակութեան անթառամ պսակը։ Քաջարի սխրագործութիւններով նրանք անմահացան մարտի դաշտում եւ ժառանգեցին յաւիտենական կեանքի պարգեւը, ինչպէս խոստացաւ մեր Տէր Յիսուս Քրիստոս՝ ասելով. «Արդ, Ես նրանց յաւիտենական կեանք կտամ, եւ նրանք յաւիտեան չեն կորչի» (Յովհ. 10.28):
Տէրունաւանդ խոստումին ապաւինած՝ մեր սիրասուն զաւակները իրենց կեանքն ընծայեցին հայրենիքին եւ անօրինակ սխրանքներով զարդարեցին հայոց ազատամարտի նորագոյն էջերը։ Հայ ժողովուրդը կրկին հերոսներ ծնեց, ովքեր բարձր ու լուսաշող տեղ գրաւեցին հայոց տարեգրութեան մէջ եւ երկնքում դասուեցին բոլոր ժամանակներում վասն հաւատոյ եւ վասն հայրենեաց մարտնչած ու նահատակուած քաջերի կողքին։ Մեր հերոսները զոհուեցին արցախահայութեան ազատ ապրելու արդար իրաւունքի եւ հայրենիքի խաղաղ, ապահով եւ բարօր կեանքի տեսիլքով՝ պատգամելով մեզ աննկուն լինել ոգով եւ արիաբար պայքարել՝ յանուն մեր ազգային նպատակների իրագործման։
Սիրելիներ, վիշտն ու սուգը Աստուած փարատում է Իր Սուրբ Հոգու մխիթարութեամբ եւ սփոփիչ զօրութեամբ։ Նա շնորհն ու կարողութիւնն է պարգեւում, որ վեր յառնենք նեղութիւններից ու դժուարութիւններից, Քրիստոսի նման յարութիւն առնենք մեր պատմութեան հերթական Գողգոթայից եւ վկայենք աշխարհասփիւռ մեր ժողովրդի ներուժը, աստուածապարգեւ մեր հաւատն ու ամուր կամքը, նոր կեանք կառուցելու մեր եզակի վճռականութիւնը։
Համազգային ուժերով եւ միասնական ոգով ներքին ու արտաքին մարտահրաւէրներին դիմագրաւումը, քաղաքական եւ հասարակական ճգնաժամի յաղթահարումը պիտի լինեն մեր արժանի տուրքն ու խոնարհումը նահատակ հայորդիների շիրիմներին։ Ներկայ բարդ իրավիճակում զգաստութեան եւ ողջախոհութեան պահպանումը, մեր նահատակների կորուստը արժանավայել սգալը եւ սուգը չքաղաքականացնելըպիտի լինեն նուիրական յարգանքի ճշմարիտ արտայայտութիւնը մեր հերոսների անմոռաց լոյս յիշատակի առջեւ։ Ազգային համերաշխութեամբ ու համընդհանուր շահերի վսեմ գիտակցութեամբ ապրելու ու արարելու մեր ընթացքը պիտի լինի պատուաբեր շարունակութիւնը մեր զաւակների Քրիստոսանման անձնազոհութեան։
Արդ, մեր նահատակ հերոսների անմար լոյս յիշատակի առջեւ վերահաստատենք հայրենանուիրումի ու ազգանուիրումի ուխտը։ Թող ազգի ու հայրենիքի հանդէպ նրանց պարտքի գիտակցութիւնը, յանձնառութեան եւ զոհաբերութեան ոգին օրինակ դառնան պետական ու քաղաքական այրերին եւ համայն մեր ժողովրդին՝ անսակարկ նախանձախնդրութեամբ եւ անձնուրաց զոհողութիւններով ամեն կարելին ներդնելու մեր հայրենիքի բարօր ու շէն կեանքի կերտման եւ մեր պետականութեան ամրապնդման համար։Չվտանգենք մեր պետականութիւնը անխոհեմ քայլերով, չգերադասենք անձնական շահերը, այլ գործենք յանուն մեր ժողովրդի ու հայրենեաց անկորուստ պահպանութեան, զօրացման ու առաջընթացի։ Միայն ուժեղ պետութեամբ է հնարաւոր յաւերժացնել մեր ինքնութիւնն ու լինելիութիւնը, նաեւ մեր քաջորդիների յիշատակը։
Ի խորոց սրտի աղօթենք միասին, որ Ամենագութն Աստուած հանգստութիւն ու երանութիւն շնորհի քաջաբար զոհուած մեր սիրասուն զաւակների անմահ հոգիներին։ Աղօթենք, որ գթառատ Տէրն Իր Սուրբ Հոգով սփոփի մեր հերոսների ծնողների, կանանց ու զաւակների սգացեալ սրտերը եւ մեր բոլորի վշտակիր հոգիները։ Թող այլեւս սուգն ու տխրութիւնը չմթագնեն մեր ազգային կեանքը, ողբերգութիւնները չպատուհասեն մեր ժողովրդին, եւ Աստծուն ապաւինած ու ազգովին համախումբ՝ կերտենք լուսաւոր գալիքը հայրենեաց եւ համայն հայութեան։
Փառք եւ երիցս փառք մեր նահատակ որդիներին։
Խոնարհում, մշտահունչ աղօթք եւ բիւր օրհնութիւն մեր հերոսների լոյս յիշատակին։
Խօսքի աւարտին Ամենայն Հայոց Կաթողիկոսը աղօթք բարձրացրեց առ Բարեգութն Աստուած՝ ասելով.
«Քրիստոս Որդի Աստծոյ, որ ներողամիտ ես ու բարեգութ, ընդունիր մեր աղօթքները եւ ունկնդիր եղիր մեր խնդրանքներին։ Արարչական սիրովդ գթա Արցախեան ազատամարտում Հայրենիքի պաշտպանութեան համար նահատակուած մեր հերոս զինուորների եւ զօրավարների հոգիներին։ Լոյսերիդ մէջ աջակողմեան դասում ընդունիր նրանց Քո սուրբերի հետ միասին եւ պարգեւիր երկնքի անվախճան արքայութիւնդ։
Ամենախնամ Տէր, Քո աստուածային ազատութիւնը պարգեւիր մեր գերիներին, որպէսզի օր առաջ նրանք ապահով տուն վերադառնան։
Քո ամոքիչ եւ կենդանարար սիրով օրհնիր եւ բժշկութիւն պարգեւիր նաեւ վիրաւորներին ու ապաքինուող բոլոր անձանց եւ Քո Սուրբ Հոգու մխիթարիչ զօրութիւնը պարգեւիր որդեկորոյս ծնողներին՝ սգակիր հայրերին ու մայրերին, այրիացեալ կանանց ու որբացած մանուկներին, նրանց հարազատներին եւ վշտակիր համայն մեր ժողովրդին։
Բարերար եւ բազումողորմ Տէր, Քո հայրական խնամքով եւ ամենախնամ Սուրբ Աջովդ պահպանիր մեր ժողովրդին սիրով միաբան՝ Հայաստանում, Արցախում եւ Սփիւռքում եւ զօրացրու մեր հոգիները հաւատքով ու յոյսով, որպէսզի Քո օգնականութեամբ այս ծանր ճգնաժամը եւս յաղթահարենք։ Հեռացրո՛ւ մեզնից ատելութեան ու բռնութեան չարիքը եւ շնորհի՛ր համերաշխութեան ու եղբայրասիրութեան ոգի, որպէսզի ազգովին համախումբ շէնացնենք ու զօրացնենք մեր հայրենիքը եւ հանապազ գոհութեամբ օրհնաբանենք Քեզ՝ Հոր եւ Սուրբ Հոգու հետ, այժմ եւ միշտ եւ յաւիտեանս յաւիտենից. ամեն»։