«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի առաջին քառորդ դարը» խորագրով ժամանակավոր ցուցադրությանը, որը նվիրված է կառույցի հիմնադրման 25-ամյակին, ներկայացված են փաստեր կազմակերպված գիտաժողովների, ժամանակավոր և շրջիկ ցուցադրությունների, հրատարակությունների, տարբեր պատվիրակությունների այցերի մասին: Ցուցադրված են նաև հուշամեդալներ, նամականիշներ, մրցանակներ, որոնք ևս պատմում են թանգարան-ինստիտուտի ծավալած գործունեության մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ ցուցահանդեսի բացման հանդիսավոր արարողությունը տեղի ունեցավ դեկտեմբերի 23-ին Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ժամանակավոր ցուցադրությունների սրահում: Ներկա էին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը, «Արմենպրես» պետական լրատվական գործակալության տնօրեն Արամ Անանյանը, Մայր Աթոռ Սուրբ էջմիածնի Արխիվի և թանգարանների տնօրեն Տ. Ասողիկ աբեղա Կարապետյանը և այլք:
«Աշխարհում ցեղասպանության թանգարանները շատ են, բայց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը միակն է: Հոլոքոստի թանգարանը ստեղծվել է Հոլոքոստի ավարտից երեք տարի հետո, իսկ մեր թանգարանը՝ Հայոց ցեղասպանությունից 80 տարի անց նորանկախ Հայաստանի Հանրապետության առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի հրամանագրով: Թանգարանն անցել է լինելիության ոչ հեշտ քառորդ դար, որովհետև դրանք կայացման տարիներ էին: Հիմա մենք առաջ ենք գնում և այն լավագույն ավանդույթները, որոնց հիմքը դրվել է թանգարանում, փորձում ենք պահպանել ու թանգարանի գործունեությունը դնել ավելի բարձր մակարդակի վրա»,-ասաց Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Հարություն Մարությանը:
Նա ընդգծեց, որ թանգարան-ինստիտուտի 25 տարվա ընթացքում կատարած աշխատանքը հնարավոր չէր ներկայացնել մեկ ցուցադրության շրջանակում, սակայն 15 ենթախորագրով փորձել են անդրադառնալ թանգարանի հուշահամալիրի ձևավորումից մինչև մեր օրեր:
Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի ցուցադրությունների կազմակերպման բաժնի վարիչ Սեդա Պարսամյանն էլ մանրամասներ հայտնեց ցուցադրությունից՝ նշելով, որ հայերեն և անգլերեն ցուցադրության «1965 թվականի զարթոնքը. հիշողության ուժը», «Արդարություն, հատուցում, կանխարգելում», «Ինչո՞ւ ցեղասպանություն. Ռաֆայել Լեմկինը և Մեծ Եղեռնը», «Հայրենադարձության փորձությունը» և այլ ենթախորագրերի միջոցով անդրադարձել են կազմակերպված գիտաժողովներին, ժամանակավոր և շրջիկ ցուցադրություններին, հրատարակություններին, տարբեր պատվիրակությունների այցերին, թանգարան-ինստիտուտի գործընկերներին, բարերարներին, որոնց շնորհիվ թանգարան-ինստիտուտի գործունեությունն առավել արդյունավետ է դառնում, նամականիշներ, բացիկներ, ոսկե հուշամեդալների շարք:
«Շատ ենք կարևորում թանգարան-ինստիտուտի գիտահրատարակչական աշխատանքը Հայոց ցեղասպանության հարցն աշխարհին առավել ճանաչելի դարձնելու, պահանջատիրության խնդիրը բարձրացնելու գործում և այստեղ առանձին խորագրով ներկայացրել ենք նաև մեր թանգարանային ֆոնդերը և գրադարանը: Թանգարան-ինստիտուտի գիտաշխատողներն իրենց ներդրումն ունեն միջազգային ցեղասպանագիտական ծրագրերում, մասնակցություն են ունենում միջազգային բոլոր կարևոր գիտաժողովներին, կլոր սեղաններին: Մեզ մոտ հաճախ քննարկումներ են կազմակերպվում Հայաստանի և արտերկրի լավագույն մասնագետների մասնակցությամբ»,-տեղեկացրեց Պարսամյանն ու հայտնեց, որ ցուցահանդեսը բաց կլինի մինչև 2021թվականի ապրիլի 13-ը:
1995 թվականի ապրիլի 24-ին՝ Հայոց ցեղասպանության 80-րդ տարելիցին, Հայոց ցեղասպանության հուշահամալիրին կից կառուցվել է Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտը, որը ամբողջ աշխարհում Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը ոգեկոչող միակ թանգարանն է և գիտահետազոտական ինստիտուտը: