Առնվազն յոթ մարդ Է սպանվել Սուրբ Ծնունդի նախօրյակին «Բոկո Հարամ» ահաբեկչական խմբավորման զինյալների հարձակման հետեւանքով, որը կատարվել Է Նիգերիայի հյուսիս-արեւելքի գյուղերից մեկի վրա: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հաղորդել Է «Ֆրանսպրես» գործակալությունը՝ վկայակոչելով տեղական աղբյուրների:
Տեղի աշխարհազորի առաջնորդի խոսքով ՝ զինյալները դեկտեմբերի 24-ին բեռնատարներով եւ մոտոցիկլետներով ներխուժել են Նիգերիայի հյուսիսարեւելյան Բոռնո նահանգի տարածքում գտնվող Պեմի գյուղ, որտեղ առավելապես քրիստոնյաներ են ապրում, եւ անկանոն կրակ բացել խաղաղ բնակիչների վրա ու հրկիզել մի քանի շենքեր: «Ահաբեկիչներն սպանել են յոթ մարդ, հրկիզել տասը տուն եւ գողացել են այն ուտելիքը, որը պետք Է բնակիչների միջեւ բաժանվեր Սուրբ Ծնունդի տոնակատարության համար»,-գործակալությանը հայտարարել Է տեղի աշխարհազորի առաջնորդը: Նշվում Է, որ զինյալների հարձակման հետեւանքով զոհերի թիվը կարող Է աճել, քանի որ բազմաթիվ բնակիչներ թաքնվել են, իսկ ոմանք Էլ ուշադրություն չեն դարձրել դրա վրա: Աշխարհազորի առաջնորդը հավելել Է, որ զինյալները կողոպտել եւ հրկիզել են տեղի հիվանդանոցը, եկեղեցին եւ առեւանգել քահանային: Գարկիդա գյուղի բնակիչների խոսքով, որտեղ նույնպես քրիստոնյաներ են ապրում, դեկտեմբերի 24-ին «Բոկո Հարամ»-ի զինյալները նույնպես նման հարձակումներ են կատարել, զոհերի մասին չի հաղորդվում:
«Բոկո Հարամ» արմատական շարժումը, որը նաեւ հայտնի Է որպես «Իսլամական պետության արեւմտաաֆրիկյան նահանգ», գործում Է Նիգերիայից: Նրա զինյալները հանդես են գալիս կրթության արեւմտյան մոդելի դեմ եւ ձգտում են շարիաթի օրենքները տարածել ամբողջ երկրում: Խմբավորումը կանգնած Է ահաբեկչական գործողությունների մեծ մասի հետեւում, որոնք կանոնավոր կերպով իրականացվում են՝ ի պատասխան իր դեմ կազմակերպված այն ռազմական արշավի, որն անցկացնում են Նիգերը, Կամերունը եւ Չադը, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին: