Դադիվանքի վանական համալիրի բակը երեկ կրկին մարդաշատ էր։ Ուխտավորների անվտանգության երաշխավորներն այստեղ ռուս խաղաղապահներն են։ Պատերազմից հետո նրանց ուղեկցությամբ են հավատացյալներն անցնում Դադիվանք՝ մոմ վառում, աղոթում, մասնակցում պատարագի։ Ուխտագնացություն դեպի Դադիվանք Արցախի թեմը պարբերաբար է կազմակերպում, մասնակիցների թիվը գնալով ավելանում է, գրում է news.am-ը:
«Աստված տա ավելանալով ավելանան. որքան շատ ուխտավոր, այնքան ավելի պայծառ եկեղեցի»,- ասում է Պարգեւ արքեպիսկոպոս Մարտիրոսյանը։
Կիրակնօրյա պատարագից հետո Դադիվանքում նաեւ պսակադրության արարողություն էր։ Զիինադադարից հետո Աստծո այս տաճարում՝ առաջինը, որոշումը փեսացուինն էր, պիտի ամուսնանային հոկտեմբերին, պատերազմի պատճառով ստիպված էին հետաձգել։
«Որոշեցինք ոչ միայն պսակադրություն անցկացնենք խորհրդանշական Դադիվանքում, այլ նաեւ հետպատերազմյան այս խավարի մեջ մի լույս վառենք։ Սա մի երախտիքի քայլ է բոլոր զոհվածների, նրանց ծնողների, հայրենիքի հանդեպ։ Ցույց տանք, որ Արցախն ապրում է»,- ասում է փեսան։