ԳՈՀԱՐ ՄԱԿԱՐԵԱՆ
Երբ լսուեց որոտը արկերի
Եւ զինապարտի կանչը սահմանի,
Ես կրկին հաւատով լցուած
Յաղթական ոգով մարտի գնացի…
Գէորգ Արշակեան
Յաղթական ոգով մարտադաշտ մեկնած Գէորգը մի նշանակութիւն ունէր՝ հայրենիքի սահմաններն ամուր ու պաշտպանուած տեսնել, հզօր ու անպարտ հայրենիքում ապրել ու արարել, ու յանուն այդ ցանկութիւն անգամ սեփական կեանքը չխնայեց: Ի թիւս հազարաւոր հայորդիների՝ Գէորգը եւս իր արեամբ ներկեց հայրենի երկրի սահմաններն ու յաւերժի ճամփորդ դարձաւ՝ վասն հայրենեաց ու վասն հաւատոյ…
Գէորգը ծնուել էր 1992 թուականի հոկտեմբերի 7–ին Արմաւիրի մարզի Մրգաշատ գիւղում, պատանի տարիներից սէր ունէր նկարչութեան հանդէպ եւ յետագայ կեանքի ճանապարհը կապեց արուեստի՝ գեղանկարչութեան հետ: Աւարտելով Արմաւիրի մարզի Արուեստի դպրոցը ընդունուեց Հայաստանի գեղարուեստի պետական ակադեմիա, իսկ աւարտելուց յետոյ շարունակեց ուսումը ակադեմիա մագիստրութիւնում: Գէորգը իր ստեղծագործութիւններով մասնակից է եղել մի շարք ցուցահանդէսներում Հայաստանում թէ արտասահմանեան երկրներում: Արժանացել է մրցանակների եւ պատուոյ գրերի:
Ոգեւորուելով Փանոս Թերլեմեզեանի հերոսական կեանքի դրուագներից եւ ստեղծագործական գործունութիւնից անդամագրուել է Ռամկավար Ազատական Կուսակցութեան շարքերը, ապա ընտրուել Արմաւիրի ՌԱԿ Երիտասարդական ակումբի վարչութեան անդամ:
Գէորգի կտաւների հերոսը միշտ հայ զինուորն էր, պայքարող, մարտնչող, երբեք չյանձնուող, հզօրութեան ու ուժի խորհրդանիշ հայ զինուորը, ով, անկախ ամեն ինչից, միշտ հերոսական պատմութիւն է կերտել ու ողջ աշխարհին ապացուցել, որ անպարտ ոգու ու զօրեղ բազկի կրողն է: Այդպիսին էր նաեւ ինքը: Վրձինն ու գունաւոր ներկերը մի կողմ դնելով՝ պատերազմի առաջին իսկ օրուանից շտապեց առաջնագիծ՝ հայրենիքը պաշտպանելու, մասնակիցը լինելու այն մարտերին, որոնք այդքան հմտօրէն պատկերում էր իր կտաւներում:
Համեստ ու լուռ էր Գէորգը, լռութեամբ էր արարում իր արուեստը՝ կտաւներում արտացոլող իր ներաշխարհն ու կտաւին փոխանցում այն մտքերն ու յոյզերը, որոնք ամփոփուած էին իր հոգում: Հայրենասէր երիտասարդի ստեղծագործութիւններում կարմիր թելի նման անցում է մի գաղափար՝ զինուորն ու հայրենիքն անբաժան են, հայրենիքը զինուորն է կերտում, իսկ զինուորին սնում է հայրենիքը: Այս գաղափարն էլ սրտում ու մտքում ռազմաճակատ մեկնեց Գէորգը: Որոշել էր տուն վերադառնալուն պէս ցուցահանդէս-վաճառք կազմակերպել, վաճառել բոլոր կտաւները, գոյացած հասոյթն էլ ուղղել հայոց բանակի շէնացման գործին: Ցաւօք, չհասցրեց իրագործել ցանկութիւնը… Հայրենիքի հանդէպ սէրը յաղթեց ամեն ինչին, ու Գէորգն հայոց հողի յաւերժութիւնը գերադասեց սեփական կեանքի հանդէպ:
Գէորգը հաւատացած էր, որ եթէ անգամ ողջ աշխարհն էլ դէմ լինի, Աստծով է յաղթելու անպարտ Հայաստանը… Յաւերժական Հայաստանի յաղթանակի կերտմանն իր արիւնը խառնեց նաեւ ինքը՝ Գէորգը, ում անունը, հայրենիքի համար ընկած իւրաքանչիւր հերոսի անուան հետ միասին ոսկէ տառերով է գրուելու հայոց պատմութեան էջերում: