Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց կաթողիկոսը հանդես է եկել Ամանորի առիթով ուղերձով: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին Մայր Աթոռ Ս. Էջմիածնի Տեղեկատվական համակարգից, Կաթողիկոսի ուղերձում ասվում է.
«Սիրելի զավակներ Մեր ի Հայաստան, Արցախ և ի սփյուռս,
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից հայրական սիրո Մեր ողջույնը, աղոթքն ու օրհնությունն ենք բերում ձեզ տարեմուտի այս երեկո:
Հնի և նորի սահմանագծին, երբ մեր հայացքն ուղղվում է դեպի ապագա, ծանր հոգով նաև վերհիշում ենք չարաղետ 2020 թվականը և սգում մեր հազարավոր զավակների և Արցախ աշխարհի զգալի մասի կորուստը։ Անցնող տարում համավարակի և պատերազմի արհավիրքները կորստյան ցավ ու մահվան վիշտ տարածեցին հայրենական մեր կյանքում։ Մեր հոգիները ալեկոծեցին նաև Սիրիայում չընդհատվող պատերազմի ծանր հետևանքները և աղետալի դեպքերը Լիբանանում։ Հայաստան և Արցախ մեր երկրի առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական մարտահրավերները, հայրենիքի սահմաններին անկայուն խաղաղությունը, ապագայի անորոշությունը, արդարև, տկարացրել են մեր ժողովրդի զավակների լավատեսության ոգին։ Հուսախաբ ենք, այո՛, բայց Աստծուն ապավինած՝ լի ենք հավատով, որ պիտի հաղթահարենք դժվարին այս ճգնաժամը:
«Դու չես լքի նրանց, ովքեր փնտրում են Քեզ, Տեր» (Սաղմ. Թ 11)։ Սաղմոսերգուի այս խոսքերը հոգում ծրարած՝ մեր ժողովուրդը բոլոր ժամանակներում իր հուսավառ հայացքը ուղղել է դեպի գալիքը։ Հայոց անկախ պետականության նվիրական տեսիլքն ու անհատնում ձգտումն իր սրտում ազգս հայոց զորությունն է ունեցել հառնելու ամենածանր փորձություններից, անգամ հայրենազրկումի և ցեղասպանության արհավիրքներից, և այսօր էլ, հավատում ենք, ներուժն ունի վերակազմակերպելու իր կյանքը, զորացնելու հայրենի պետությունը։ Հայրենաշինության սրբազան առաքելությունը հաջողությամբ պիտի պսակվի միայն մեր ժողովրդի կարող ու առողջ բոլոր ուժերի համերաշխ մասնակցությամբ և միաբան ոգով։ «Միաբանությունը,- ինչպես գրում է Մեծն Եղիշե վարդապետը,- բարի գործերի մայրն է, անմիաբանությունը` չար գործերի ծնողը»։
Սիրելիներ, Հայրապետիս հորդորն ու պատգամն է՝ ստեղծված լրջագույն իրադրության առջև զորանալ հավատով և ամրապնդել վճռականությունը, որպեսզի ամենայն հանձնառությամբ կառուցենք և սերունդներին ավանդենք հզոր, բարօր և անվտանգ հայրենիք։ Աստծո Խոսքին ու քրիստոնեական արժեքներին հավատարիմ՝ հոգ տանենք միմյանց և ջերմագին սիրով առ բազմաչարչար մեր հայրենիքը, մեր ջանքերն ու ուժերը մեկտեղենք ի նպաստ ազգային ու հայրենական մեր կյանքի նորոգության ու պայծառության։ Մեր հայրենիքը հզորացնելու, մեր պետականությունը վտանգներից զերծ պահելու, մեր սահմանները խաղաղ ու ապահով դարձնելու և համայն մեր ժողովրդի կյանքը շենացնելու պատասխանատվությունն ամենքինս է: Այս գիտակցությամբ հայրենիքի նոր օրը խարսխենք եղբայրսիրության, արդարության և օրինահարգության վրա։
Նոր տարվա սեմին միասնաբար հայցենք, որ Տիրոջ Սուրբ Ծննդյան շնորհները «յերկիր խաղաղութիւն, ի մարդիկ հաճութիւն» ավետիսով տարածվեն մեր հայրենի եզերքներում: Աղոթենք ու երախտագետ սրտով հիշենք մեր նահատակներին, շուտափույթ վերադարձ մաղթենք գերեվարվածներին, ապաքինություն՝ վիրավոր մեր զավակներին և խնդրենք Աստծո զորակցությունն ու օրհնությունը նրանց, մեր հերոսների ընտանիքներին և համայն մեր ժողովրդին: Աղոթենք հայրենյաց պաշտպանության դիրքերում գտնվող մեր բանակի քաջարի զորականների և բոլոր նրանց համար, ովքեր տարեմուտը դիմավորում են ծառայության մեջ: Աղոթքով հիշենք և համավարակից մահացած մեր ժողովրդի զավակներին:
Ամենագութ Աստված, բարերար Քո կամքով և ամենառատ ողորմությամբ թող 2021 թվականը լինի խաղաղության, ազգաշեն ու հայրենանպաստ իրագործումների տարի և մխիթարություն բերի մեր սրտերին, զորություն և հաղթություն՝ հայոց կյանքին:
Աստված պահապան մեր հայրենիքին և ժողովրդին:
Բարի, օրհնյալ տարի»։