Օրեր առաջ ռուս խաղաղապահների միջնորդությամբ հայկական կողմին են փոխանցել դեկտեմբերի 27–ին Հադրութի շրջանի Տող գյուղում սպանված 6 հայ զինծառայողների դիերը։ Զոհված զինծառայողների թվում էր Պռոշյան գյուղի բնակիչ, 18–ամյա շարքային Ալբերտ Ստեփանյանը։ Վերջինս ծառայում էր Ջրականի (Ջաբրայիլի) զորամասում եւ նահանջի ժամանակ զինակիցների հետ պատսպարվել էր Հադրութում։
Ալբերտի հարազատները NEWS.am–ին հայտնեցին, որ զինվորի հայրը՝ Գագիկ Ստեփանյանը, նույնպես մասնակցել է պատերազմական գործողություններին, իսկ նոյեմբերի 9–ի համաձայնագրի կնքումից հետո Արցախում անհետ կորած զինծառայողների ծնողների հետ փնտրել է իր որդուն։
Ալբերտը վերջին անգամ ընտանիքի հետ կապ է հաստատել հոկտեմբերի 12–ին՝ Հադրութի Վանք գյուղից։ Շուրջ մեկուկես ամիս Ալբերտի հայրը փրկարարների եւ անհետ կորածների ծնողների հետ որոնողական աշխատանքներ է իրականացրել թշնամու վերահսկողության տակ անցած այն տարածքներում, որոնց վերաբերյալ ռուս խաղաղապահների եւ ադրբեջանական կողմի միջեւ համաձայնություն է ձեռք բերվել։ Հատկանշական է, որ դեկտեմբերի 27–ի միջադեպից հետո ադրբեջանական կողմը թույլ չի տվել Արցախի արտակարգ իրավիճակների ծառայությանը որոնողական ու փրկարարական աշխատանքներ կատարել Հադրութի մի շարք գյուղերում, այդ թվում՝ Տող գյուղում։՝
Հարազատների խոսքով՝ թշնամին 90 օր ողջ մնացած տղաներին հայտնաբերելուց հետո կտտանքների է ենթարկել նրանց, ապա սպանել։