Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանի հետ հանդիպման ընթացքում որոշ հարցերի պատասխաններ բավարարել են ընդդիմության ներկայացուցիչներին, որոշները՝ մնացել կիսատ։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, հունվարի 9-ին այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը, ամփոփելով ԱԳ նախարար հետ հանդիպան արդյունքները։
«Մեր հարցերին ստացել ենք պատասխաններ։ Որոշ հարցերի պատասխաններ բավարարել են, որոշ պատասխաններ կիսատ են մնացել: Մենք մյուս հանդիպումից հետո ավելի մանրամասն կխոսենք դրա մասին»,- ասաց Մանուկյանը։
«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն ասաց, որ հանդիպման ընթացքում նախարարին հայտնել են իրենց մտահոգությունները, լսել որոշ բացատրություններ դրա վերաբերյալ։
«Ինչ վերաբերում է ավելի մանրամասներին, ապա մենք դեռ հանդիպում ունենք զինված ուժերի գլխավոր շտաբի պետի հետ, այդ բոլոր հանդիպումներից հետո կամփոփենք եւ հայտարարություն կանենք»,- ասաց Վազգեն Մանուկյանը` չհստակեցնելով, թե երբ է լինելու ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի հետ հանդիպումը։
Նախարարի հետ հունվարի 9-ի հանդիպմանը մասնակցում էին «Հայրենիքի փրկության շարժման» ներկայացուցիչներ Վազգեն Մանուկյանը, Իշխան Սաղաթելյանը և Արթուր Վանեցյանը:
Շարժման ավելի վաղ տարածած հայտարարությամբ «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը դիմել էր արտաքին գործերի նախարար Արա Այվազյանին, Ազգային անվտանգության ծառայության տնօրեն, գնդապետ Արմեն Աբազյանին, Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին՝ հանդիպման նպատակով: