ԱՆԱՀԻՏ ԿՕՇԿԱՐԵԱՆ
«Զարթօնք»ի Աշխատակից
Նիլ Եանկը յայտնի գանատացի երաժիշտ է , որը բազմաթիւ սիրուած երգեր ունի։ Նրա ամենասիրուած երգերից մէկը «Heart of Gold» երգն է, որը տասնամեակներ շարունակ իր յստակ տեղն ունեցաւ երաժշտասէրների երգացանկերում ։
Ի սկզբանէ Նիլը «Heart of Gold» եւ «Man Need a Maid» երգերը երգում էր որպէս մէկ ամբողջական երգ։ Դժբախտ պատահարից յետոյ նա վնասեց իր մէջքը եւ երկար ժամանակ կանգնած նուագել ծանր էլեկտրակիթառ նրան թոյլ չէր տալիս առողջական վիճակը։ Այս երկար երգը նա բաժանեց երկու մասի։ Այստեղ ամենակարեւորն այն էր, որ «Heart of Gold» -ը կարելի էր երգել աքուսթիք կիթառի նուագակցութեամբ, որը կարելի է նստած նուագել։ Երգերից իւրաքանչիւրը իր ճակատագիրն ունեցաւ յետագայում։ Ի դէպ նա իր ողջ «Harvest» ալպոմը այս ոճով էլ ձայնագրեց։
Երգը ձայնագրեց 1971 թուականին, Նեշուիլում (Nashville, Tennessee), ուր եկել էր նկարահանուելու Ճոննի Քաշի (Johnny Cash) հեռուստացուցադրութեան մէջ ։ Այստեղ նա ծանօթացաւ երաժշտական արտադրիչ Էլիոթ Մայզերի (Elliot Mazer) հետ, ով նրա համար գնայ ձայնագրման արհեստանոցը եւ օժանդակ երաժիշտներին։ Երգը ձայնագրուեց ողջ գիշեր, յոգնեցնելով երաժշտախմբի անդամներին, ովքեր բաւական դժուարութիւն ունէին նստած Նիլի հետ միեւնոյն խօսափողով ձայնագրուելու մէջ։ Բանն այն է, որ Նիլը եւ օժանդակ երգիչները, այս պարագային մասնաւորապէս Լինտա Ռոնսթաթը (Linda Ronstadt), պէտք է միասին գտնուէին միեւնոյն բարձրութեան վրայ, խօսափողի մէջ ճիշտ հնչելու համար։ Քանի որ Նիլը բաւական բարձրահասակ էր , նստած աղջկայ հասակը չէր հասնում խօսափողին, եւ նա ստիպուած է եղել ողջ ընթացքում աթոռին նստել ծնկերի վրայ։ Համաձայնենք, որ բաւական անյարմար եւ տանջալից գործընթաց է։ Այնուամենայնիւ , աշխատանքները տուեցին իրենց բարի պտուղները, երգը արագօրէն տարածուեց ու սկսեց սիրելի լինել լայն լսարանների կողմից ։ Տարիներ անց, Rolling Stone ամսագիրը այն ներառելու է «500 մեծագոյն երգեր»-ի թւում, Billboard Hot 100-ը այն դասելու էր 1972 թուականի լաւագոյն երգերի շարքին։
Թէ ինչի մասին է երգը՝ «Heart of Gold» կամ «Ոսկէ Սիրտը», Նիլն այդպէս էլ չպատմեց, թողնելով հանդիսատեսն ինքը որոշի, թէ այն բարեգթութեան, մարդասիրութեան մասին է, թէ սիրելիից ոգեշնչուած, սիրահարուած երիտասարդի հոգեվիճակի մասին։
Յայտնի երգիչ Պոպ Տիլանը (Bob Dylan) պատմում է,- «Ես ատում եմ այս երգը։ Ու կ՛ասեմ թէ ինչու՞։ Երբ ես լսում եմ այն, ինձ թւում է, որ այն ես եմ երգում։Այն ամբողջութեամբ իմ հնչողութեանն է նման, ամբողջութեամբ ինձ է արտայայտում։ Եւ ուրեմն ինչո՞ւ ես չեմ այն երգում։ Այն բաւական երկար մնաց հիթ-շքերթի առաջատարում եւ ամեն անգամ լսելիս նոյն զգացողութիւնն ունէի։ Անհամբերութեամբ սպասում էի, թէ երբ է այլեւս իջնելու այս երգը հիթ-շքերթից։ Երեւի ինձ բարկացնում էր այն հանգամանքը, որ այդ երգը կարող էի գրել ես, բայց չէի գրել, գրել էր Նիլը․․․» ։
Երգը Նիլին անմիջապէս դարձրեց հանրաճանաչ։
«Այս երգը ինձ ուղղորդեց դէպի ճանապարհ։ Այդ ճանապարհով գնալն ինձ շուտով յոգնեցրեց եւ ես յայտնուեցի «ջրատարում»։ Սա իհարկէ հպարտանալու առիթ չէ, սակայն հենց «ջրատարում» ես հանդիպեցի հրաշալի մարդկանց, ում հետ յետագայում առիթ ունեցայ ընկերանալ»,- Նիլ Եանկ։