Արցախի Հանրապետությունում պատերազմի պատճառով բնակելի անշարժ գույք կորցրած բնակիչները, որոնք միանվագ ստանալու են 250 հազար դրամ, կօգտվեն ԱՀ վերահսկողությունից դուրս մնացած համայնքների բնակիչներին (վերջիններս ստանում են 300 հազար դրամ) տրամադրվող համանման աջակցության ծրագրերից: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուք»-ի իր էջում տեղեկացրել է Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը:
«Մասնավորապես՝ հյուրընկալողների աջակցության ծրագրի համար՝ շահառուները կարող են դիմել եռամսյա աջակցության ծրագրին»,-նշել է Խանումյանը:
«Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից մանրամասնեցին, որ այսուհետ Արցախի վերահսկողությունի դուրս գտնվող համայնքների բնակիչներին տրամադրվող համանման ծրագրի շահառու են հանդիսանալու մասնավորապես այն արցախցիները, որոնց բնակարանները կամ առանձնատները հրետակոծության հետևանքով բնակվելու համար փաստացի անպիտան են դարձել: