ՀՀ Արտաքին գործերի նախարար Արա Այվազյանը Ադրբեջանին կոչ արեց հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` Այվազյանն այս մասին ասաց խորհրդարանում լրագրողների հետ զրույցում, պատասխանելով Ադրբեջանի այն հայտարարությանը, թե հայ պաշտոնյաներն իրավունք չունեն այցելել Լեռնային Ղարաբաղ:
«Նոյեմբերի 9-ի հայտարարությունը որևէ սահմանափակում չի դրել և չի կարող դնել հայ պաշտոնյաների և արտասահմանյան գործընկերների, ցանկացած մարդու այցը Արցախ: Հետևաբար, մենք հրավիրում ենք ադրբեջանական կողմին` առնչվել իրականության հետ, հրաժարվել ռազմատենչ և հայատյաց հռետորաբանությունից և, եթե իսկապես պատրաստ են բնականոն հարաբերություններ հաստատել Հայաստանի ու Արցախի հետ, միասին աշխատել և սկսել բանակցությունները կարգավիճակի վերջնական հստակեցման ուղղությամբ»,- ասաց Այվազյանը:
Հունվարի 14-ին ՀՀ արտգործնախարար Արա Այվազյանը մասնակցում էր ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամների հետ աշխատանքային քննարկմանը: