ԹԱԼԱԼ ԽՐԷՅՍ
ԵԽԽՎ-ում Եւրոպական ժողովրդական կուսակցութեան խմբակցութեան նախկին նախագահ, իտալացի քաղաքական գործիչ Լուքա Վոլոնթէն դատապարտուել է 4 տարուայ ազատազրկման: ԵԽԽՎ-ում եւ Իտալիայի խորհրդարանում Ատրպէյճանի շահերի լոպիինկով զբաղուող Վոլոնթէն դատապարտուել է Ատրպէյճանից խոշոր չափերի կաշառք ստանալու մեղադրանքով։ Միլանի դատարանը նրան մեղաւոր է ճանաչել Ատրպէյճանցի երկու քաղաքական գործիչներից կէս միլիոն եւրօ կաշառք ստանալու համար: Կաշառքը ստացել է ԵԽԽՎ-ում Ատրպէյճանի քաղբանտարկեալների վերաբերեալ զեկոյցը տապալելու նպատակով։
Իտալական դատարանը Վոլոնթէին մեղադրում էր 2012-2013 թուականների ընթացքում Ատրպէյճանից 2 մլն 390 հազար եւրօ կաշառք ստանալու մէջ, սակայն հնարաւոր է եղել ապացուցել միայն կէս միլիոն եւրոյի ստացումը։ Մեղադրող կողմը համոզուած է եղել, որ Ատրպէյճանի պետական միջոցներից Վոլոնթէին խոստացուել է 10 մլն եւրօ։
Դեռեւս 2016 թուականին Միլանի ոստիկանութիւնն ու դատախազութիւնը քրէական գործ էին յարուցել Լուքա Վոլոնթէի նկատմամբ, որը պնդել էր, թէ այդ գումարը ստացել է Ատրպէյճանցի պատգամաւոր, ԵԽԽՎ-ում Ատրպէյճանի պատուիրակութեան ղեկավար Էլհան Սուլէյմանովից` «խորհրդատուական ծառայութիւնների դիմաց»:
Քրէական հետաքննութիւնը սկսուել էր այն բանից յետոյ, երբ իտալական պանքը հաղորդել էր բրիտանական ընկերութիւնների կողմից մի քանի կասկածելի փոխանցումների մասին, որոնք ստացուել էին Լուքա Վոլոնթէի անունով: