ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարծում է, որ ընդդիմադիրներն իրենց հարցերի ձևակերպումներով վտանգի տակ են դնում Ադրբեջանում գտնվող հայ գերիների անվտանգությունը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ վարչապետը նման տեսակետ հայտեց ԱԺ-ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամանակ՝ պատասխանելով ԼՀԿ-ից Գևորգ Գորգիսյանի հարցին:
Գորգիսյանը, շեշտելով միտքը, որ հունվարի 11-ի հանդիպմանը գերիների վերադարձի հարցում վարչապետին չի հաջողվել առաջընթաց գրանցել, հարցրեց, թե Փաշինյանն ինչո՞ւ է շարունակում պաշտոնավորել՝ կարծիք հայտնելով, թե վարչապետն ունակ չի լինելու պաշտպանել ՀՀ-ի շահը:
Փաշինյանը նշեց, որ բավականին երկար տարիներ ՀՀ-ից միշտ գերիներ են եղել Ադրբեջանում: Նա հարցրեց, թե ինչու՞ գերիների վերադարձի հարցը այդ երկար տարիների ընթացքում չի հնչել ԱԺ դահլիճում, ընդ որում, երբ այդ հարցը միշտ եղել է ՀՀ օրակարգում: Նա նշեց, որ երկար տարիներ ամենատարբեր ֆորմատներով եղել են հայ-ադրբեջանական բանակցություններ: «Եվ ինչու՞ամեն անգամ չի հնչել այդ նույն հարցը՝ դուք գնացիք, բանակցեցիք և Ղարաբաղի հարցը չկարողացաք լուծել, ինչու՞ հրաժարական չեք տալիս: Պետք է հասկանանք՝ մենք ուզում ենք գերիները վերադառնա՞ն, թե՞ ուզում ենք գերիների չվերադառնալու վրա քաղաքական միավորներ շահենք: Կներեք, բայց ես այս ողջ ընթացքում չեմ տեսել ընդդիմադիր դաշտից արված որևէ գործողություն, որն առնվազն չխանգարի գերիների վերադարձին: Եվ այո, շատ դժվար է հինգ ճակատով պայքարել գերիների վերադարձի հարցի շուրջ»,-ասաց Փաշինյանը:
Ըստ Փաշինյանի՝ ԱԺ-ում հարցուպատասխանի ընթացքում պատգամավորը հարցեր են բարձրացրել, որոնց ձևակերպումների արձագանքները դեռ կերևան: «Թվում է, թե մենք հարց ենք տալիս ճանապարհի անվտանգությունն ապահովելու համար, բայց իրականում հարց ենք տալիս՝ էժան քաղաքական միավոր շահելու համար, որի արդյունքում այդ ճանապարհի գործունեության համար ձևավորվում է շատ կոնկրետ վտանգ»,-ասաց նա:
Վարչապետը նաև նշեց, որ նախկինում ոչ մի անգամ գերիների՝ այդպիսի ծավալով վերադարձ տեղի չի ունեցել: «Կներեք, եթե դուք ինձ ասում եք, որ մենք, որպես իշխանություն, ի վիճակի չենք սպասարկել Հայաստանի շահը, ես էլ ասում եմ, որ դուք որպես ընդդիմություն՝ առավել ևս ի վիճակի չեք սպասարկել Հայաստանի շահը: Դուք ձեր շեշտադրումներով և էժան միավոր հավաքելու ձեր փորձով վտանգի տակ եք դնում գերիների կյանքը, անվտանգությունը, առողջությունը»,-ասաց Փաշինյանը: