Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն անդրադարձել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուի հայտարարությանը, թե «եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ»: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ՀՀ ԱԳՆ խոսնակը Թուրքիայի արտաքին գործերի նախարարի հայտարարությանն անդրադարձել է՝ պատասխանելով PanARMENIAN.Net լրատվականի հարցին:
Հարց. Օրերս Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարել էր, թե, եթե խաղաղությունը երկարատև լինի, Թուրքիան և Ադրբեջանը պատրաստ են քայլեր ձեռնարկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ։ Արդյոք կարող եք մեկնաբանել, թե արդյոք հայկական կողմը պատրաստ է «հարաբերությունները կարգավորելու»: Ինչ պետք է հասկանալ այդ հայտարարության ներքո, այս մասով որևէ նախաձեռնություն նկատվել է, մասնավորապես՝ թուրքական կողմից։
Պատասխան. Չէի ուզենա մեկնաբանել թուրք-ադրբեջանական ղեկավարության հայտարարությունները, որոնք որևէ ձևով չեն ամրապնդվում գործողություններով: Ավելին, դրանք հակասում են միմյանց: ԵԱՀԿ հանձնառությունների խախտումներով Հայաստանի սահմանների մոտ իրականացվող թուրք-ադրբեջանական զորավարժությունները չեն վկայում, որ թուրք-ադրբեջանական ղեկավարությունը խաղաղ մտադրություններ ունի Հայաստանի հանդեպ: Հայաստանի հանդեպ թշնամական գործողությունների դադարեցումը կարող է պայմաններ ստեղծել տարածաշրջանում վստահության ձևավորման համար: