Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: ՌԴ արտգործնախարար Լավրովի հետ հանդիպմանը, ի թիվս այլ հարցերի, կողմերը կքննարկեն նաև Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացման հարցը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին տարածած հաղորդագրությամբ հայտնում է ՌԴ արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության հաղորդագրությունում ասվում է, որ փետրվարի 4-6-ը Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեֆ Բորելը աշխատանքային այցով կմեկնի Մոսկվա: Փետրվարի 5-ին նրան կընդունի Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը: Հանդիպման ընթացքում կքննարկվեն Ռուսաստան-ԵՄ հարաբերությունների խնդիրներն ու հեռանկարները:
«Նախատեսվում է նաև մտքերի լայն փոխանակություն՝ միջազգային օրակարգի արդիական թեմաների շուրջ, այդ թվում իրավիճակը՝ Արևմտյան Բալկանների տարածաշրջանում, Մերձավոր Արևելքում, Հյուսիսային Աֆրիկայում, ԱՊՀ տարածքում: Կքննարկվեն իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակի կարգավորման համար համատեղ գործողությունների համապարփակ ծրագրի իրականացման հեռանկարները, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի հետագա կայունացումը, Եվրոպայում անվտանգության խնդիրները և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաներ»,-ասված է հայտարարությունում: