ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
Սոյն յօդուածի անուանման նախադասութիւնը պատկանում է հայ երաժշտութեան երկրորդ հանճար (Արամ Խաչատրեանից յետոյ) Առնօ Պապաջանեանին, որի երաժշտական մտածողութիւնը, ազգային երաժշտութեան ակունքներում բնատուր տաղանդը երաժշտական տարբեր ժանրերում դրսեւորելու մոլեռանդ ձգտումը ժառանգեց իր երկու ուսուցիչներից` Արամ Խաչատրեանից եւ ռուս գոմփոզիտոր Սերգէյ Ռախմանինովից:
Այս օրերին փառահեղ պայմաններում պիտի նշուէր Պապաջանեանի ծննդեան 100-ամեակը, սակայն վիրուս-միրուսի, ժահր-մահրի պատճառով ստիպուած եղանք բաւարարուել մանր-մունր հաղորդագրութիւններով եւ Երեւանի Կարապի լճի մօտ տեղադրուած գոմփոզիթորի պրոնզաձոյլ արձանի առջեւ ծաղկեփնջեր դնելով:
Հարց է ծագում, իսկ ինչո՞ւ երաժշտի գերեզմանի վրայ չանել այդ արարողութիւնը: Հարցրէք իւրաքանչիւր երեւանցի երաժշտասէրի, թէ ո՞րտեղ է թաղուած հանճարեղ գոմփոզիթորը: Վստահ եմ, հիմնականում պատասխանը կը լինի` «Էլ ո՞ւր, Կոմիտասի այգում, Երեւանի պանթէոնում»:
— Այո՜, այդպէս պիտի լիներ,- սակայն, ցաւօք, այդպէս չէ:
Հինգ տարի առաջ Դիմատետրի բազմաթիւ նիւթերի մէջ առաջինը, որ գրաւեց ուշադրութիւնս` հետեւեալն էր.
Ինձ բոլորովին անծանօթ մի հեղինակ` Քոչար Ոսկանեան անունով (հաւանաբար յօրինուած անուն-մականուն), ռուսերէն լեզուով երկարաշունչ մի յօդուած էր գրել տաղանդաւոր դաշնակահար եւ համաշխարհային ճանաչման արժանացած կոմպոզիտոր Առնօ Պապաջանեանի մասին` կապուած նշանաւոր հայորդու ծննդեան 95-ամեակի հետ:
Յօդուածի բովանդակութիւնից դժուար չէր ենթադրել, որ հեղինակը Առնօ Պապա- ջանեանի ընտանիքին մօտ կանգնած անձնաւորութիւններից մէկն է, որովհետեւ նա երգահանի ծննդեան թուականի հետ կապուած մի այնպիսի յայտարարութիւն է անում, որը չկայ եւ կամ ես չեմ հանդիպել գոմփոզիթորին նուիրուած որեւէ աշ-խատութեան մէջ:
Քոչար Ոսկանեանը գրում է, որ Առնօ Պապաջանեանը ծնուել է 1921 թուականի ոչ թէ Յունուարի 22-ին, այլ 21-ին, այսինքն Ռուսական Յեղափոխութեան առաջնորդ Լենինի մահուան օրը: Անհամ համեմատութիւնից զերծ պահելու համար, խելացի որոշումով, անսալով պատկան մարմնի թելադրանքին, ծնողները համաձայնուել են մէկ օր առաջ տանել երեխայի ծննդեան թուականը եւ հաստատել Յունուարի 22-ը:
Յօդուածի հեղինակը բաւական ցայտուն սարգազմով (Սարգազմ` կծու, սպանիչ ծաղր) հարուածի տակ էր դրել Հայաստանի Մշակոյթի Նախարարութեանը, որ արժանիօրէն չի նշել հենց միայն երաժշտական գլուխ-գործոց եղող <<Հերոսական Բալլադ>>-ով հայ ժողովրդին հերոսացնող Առնօ Պապաջանեանի ծննդեան 95-ամեակը, այլ բաւարարուել է մի խումբ անյայտ մարդկանց հետ ծաղկեփունջ դնելով Երեւանի ամենահին, Թոխմախ անունով յայտնի գերեզմանատանը հանգչող կոմպոզիտորի գերեզմանի վրայ:
Յօդուածագիրը միանգամայն իրաւացիօրէն, սրտի ցաւով է նկարագրում Առնօ Պապաջանեանի մահուան եւ թաղման մանրամասները: Պարզւում է, որ ինքը` Բաբաջանեանն է կտակ թողել, որպէսզի իրեն հողին յանձնեն Հայաստանում, հակառակ պարագային, եթէ այդ կտակը չլիներ, անկասկած նրան կը թաղէին Մոսկուայում:
Եւ տարօրինակն այն է, որ այդ օրերի (1983 թուական) Հայաստանի իշխանա-ւորները, ի մասնաւորի Կուսակցութեան Առաջին Քարտուղարը, որ անուն էր հանել որպէս ազնիւ, մաքուր, դասական երաժշտութեան գիտակ, վախենալով մոսկովեան իշխանութիւններից (միանգամայն անտեղի) չհամարձակուեց Առնօ Պապաջանեանին արժանիօրէն հողին յանձնելԿոմիտասի անուան այգու Պանթեոնում` Հայ մշակոյթի եւ գրականութեան մեծերի հարեւանութեամբ:
Արդիւնքում` Պապաջանեանի դին հողին յանձնուեց, ինչպէս վերը նշեցի Երեւանի ամենահին գերեզմանոցում` Թոխմախգեօլի գերեզմանատանը, հայ բեմի անզուգա-կան վարպետ Աւետ Աւետիսեանի եւ…, եւ, որքան էլ արտառոց հնչի, Անկախ Հայաստանի առաջին տարիներին անփառունակ վախճանով կեանքին հրաժեշտ տուած Հայաստանի գլխաւոր դատախազ Հենրիկ Խաչատրեանի հարեւանութեամբ:
Նայելով Դիմատետրի մէջ տարիներով անխնամ թողնուած ծուռմռտիկ, դժգոյն, անշուք երեք տապանաքարերի լուսանկարները, սարսափի զգացումով է խառնւում ներաշխարհդ: Վստահաբար, գրող-լուսանկարիչը նպատակ է ունեցել հասարակութեան ուշադրութիւնը բեւեռել արտառոց «Եղբայրական» գերեզմանի վրայ, միեւնոյն ժամանակ առաջարկելով, միանգամայն իրաւացի, երկու խոշորագոյն արուեստագէտների շիրիմները տեղափոխել Երեւանի Քաղաքային Պանթէոն:
Այսօր ուղղակի հրամայական է ստիպել Հայաստանի պատկան մարմիններին, ի մասնաւորի չորս տառանի յապաւումի նախարարութեան մէջ «տեղաւորուող» Մշակոյթի բաժնին, որպէսզի նրա աշխատանքի շնորհիւ, մեր հանճար Առնօ Պապաջանեանի շիրիմը իր տեղը գտնի նրա սերնդակից գոմփոզիթորներ Ալեքսանդր Յարութիւնեանի, Էդուարդ Միրզոյեանի եւ Կոնստանթին Օրբելեանի շիրիմների հարեւանութեամբ: Ուստի, խնդրում եմ միանալ իմ կոչին ու հրատարակել այս յօդուածը թէ՜ հայաստանեան մամուլում եւ թէ Սփիւռքի ողջ տարածքին: Հայաստանի Գոմփոզիթորների Միութիւնը առաջինն է, որ պիտի միանայ այս անդուլ պայքարին:
Այժմ, թարմացման համար, մի կողմ թողնենք Առնօ Պապաջանեանի մեծածաւալ դասական գործերի մասին խօսելը ու անցնենք նրա փայլուն, փոքրածաւալ գործիքային գործերին, հայ ու օտար (ի մասնաւորի ռուս) երաժշտասէրների ամենասիրած Պապաջանեական երգերին, դաշնամուրային մանրանուագներին ու կինոերաժշտութեանը:
Սկզբից ասենք, որ Առնօ Պապաջանեանի բոլոր երգերը ներծծուած են հայկական
ժողովրդական երաժշտութեան հնչերանգներով, մի երեւոյթ, որ գալիս է նրա ուսուցիչ
Խաչատրեանից: Եթէ Խաչատրեանը ժողովրդական, աշուղական երաժշտութիւնը օգ-
ագործում էր գործիքային երաժշտութեան մէջ, Պապաջանեանը երգեր յօրինելիս էր
օգտւում ժողովրդական երաժշտութիւնից: 30 տարեկան հասակում ստեղծելով «Հերոսական բալլադ» կոթողային ստեղծագործութիւնը, գոմփոզիթորը նոյն ժամանակ յօրինեց «Հայկական ռապսոդիա» դաշնամուրային փայլուն, շէնշող մի գործ, որի մէջ յարութիւն առաւ հին երեւանցիների ամենասիրած «Այ բաղմանչի, բաղմանչի…» (Այգեպան,- ՀԵՆ. Ա. ) երգի քնքուշ մեղեդին, որին յաջորդում է փոթորկոտ, հայկական ժողովրդական պարին համապատասխան խառն ռիթմով պարը:
Պապաջանեանի յաջորդ դաշնամուրային գործերն են «Էլեգիա»-ն ու «Նոկտիւրն»-ը: Առաջին բիեսում հնարամտօրէն, երկակի մեղեդային ընթացքով փառաւոր տեսք է ստացել Սայաթ Նովայի «Քանի վուր ջան իմ» երգը, որը, ինչպէս ասում են` լսես` հա լսելդ կը գայ…: Յիշեցնեմ, որ «Էլեգիա»-ն գոմփոզիթորը նուիրել է Արամ Խաչատըրեանի յիշատակին: Պապաջանեանի Նոկտիւրն»-ը կոթողային գործ կարելի է համարել: Այն չափազանց տարածուած է նաեւ երգի տեսքով: Այս առնչութեամբ հետաքրքիր է հետեւեալ փաստը:
Պապաջանեանի կեանքի մայրամուտին, մեծանուն երգիչ Իոսիֆ Գոպզոնը խնդրում է գոմփոզիթորին երգի վերածել «Նոկտիւրն»-ի սքանչելի մեղեդին` իր երգացանկում ընդգրկելու համար, սակայն Պապաջանեանը մերժում է եւ ասում.- Իմ մահից յետոյ, խնդրեմ, ինչ որ ուզէք` կարող էք անել: Գոմփոզիթորի մահից յետոյ «Նոկտիւրն»-ը վեր է ածւում երգի եւ դառնում Գոպզոնի երգացանկի ամենատարածուած երգերից մէկը: Այնուհետեւ այն կատարում են այլ երգիչներ, նոյնիսկ զուգերգի տեսքով:
Անցեալ դարի 70-ականներից սկսած Պապաջանեանի համար շարժուն ասպարէզ դարձաւ էստրատային երաժշտութիւնը, եւ նրա այդ ժանրի երգերը դարձան պահանջ` ողջ սովետական երկրում: Բոլոր երգիչների համար օրուայ հացի պէս անհրաժեշտութիւ դարձաւ նրա երգերը կատարելը:
Առնօ Պապաջանեանը համաշխարհային հռչակի արժանացաւ հիմնականում իր էստրադային, տարածուն երգերով: Այդ ժանրի առումով նրան կարելի է համարել նախկին Խորհրդային ողջ տարածքի եւ եւրոպական նախկին դեմոկրատական երկրների երաժշտասէրների ամենասիրուած երգահանը, աւելին` այդ ժանրի ԱՍՏՈՒԱԾԸ:
Պապաջանեանը մեծապէս նպաստել է հայկական էստրադային երգի զարգացմանն ու առաջընթացին: Նրա մահից գրեթէ 40 տարի անց, այսօր էլ բազմաթիւ հայ եւ օտար (հիմնականում ռուս) հանրայայտ աստղեր են կատարում Պապաջանեանի հրապուրիչ, շոյիչ, երբեմն էլ առնական, պարային ռիթմերով հարուստ երգերը:
Պապաջանեանը Հայաստանի եւ Ռուսաստանի ամենասիրուած ու հեղինակաւոր երգաստեղծն է (նոր բառ է, ուշադիր,- ՀԵՆ. Ա.):
Յիշենք նրա «Երեւան», «Առաջին սիրոյ երգը» եւ «Երեւանի սիրուն աղջիկ» երգերը: Ըստ որում մինչեւ օրս էլ շատերին թւում է թէ վերջինը ժողովրդական երգ է: Նոյնն է պարագան «Հարսնացուն Հիւսիսից» ֆիլմի աւարտին հնչող ռուսական ժողովրդական երգի վերաբերեալ: Սրտմաշ, հոգեթով, գողտրիկ, փայլուն կատարմամբ ռուսական
Ժողովրդականացած այդ երգը Պապաջանեանի գլուխ-գործոցներից մէկն է:
Յիշենք նաեւ Պապաջանեանի ամենատարածուն երգերից մի քանիսը.
«Գեղեցկութեան թագուհի», «Ժպտա,», «Մի շտապիր», «Շնորհակալ եմ քեզ», «Եղիր ինձ հետ», «Կանչիր ինձ», «Հարսանիք» եւ այլն:
Առնօ Պապաջանեանը երաժշտութիւն է գրել բազմաթիւ հայկական ֆիլմերի համար, որոնցից երկուսը` «Հարսնացուն Հիւսիսից» եւ «Երջանկութեան մեխանիկա» ժապաւէնների երաժշտութիւնը Պապաջանեանը յօրինել է իր կեանքի վերջալոյսին` տուրք տալով մտերիմ բարեկամ, տաղանդաւոր բեմադրիչ Ներսէս Յովհաննիսեանի խընդրանքին: Այս երկու ֆիլմերն էլ մեծ ժողովրդականութիւն են վայելու հայ աշխարհում եւ յաճախ են ցուցադրւում հայկական եւ ռուսական հեռուստատեսութեամբ:
Առնօ Պապաջանեանի միակ երգչախմբային գործը «Ազգ փառապանձ» խմբերգն է, որը վեր է ածուել մի տեսակ հիմներգի (նոր բառ է, ուշադիր,- ՀԵՆ. Ա.): Այս խմբերգի առաջին մասում կենդանութիւն է առել սրտմաշուկ Գիքորին կենդանացնող «Տիգրա- նիկս չուխայ չունի, հանդ է գնում ոտաբաց» հոգեթով երգի մեղեդին:
Հիմնականում բնակուելով Մոսկուայում, գոմփոզիթորը մտքով, հոգով, ամբողջ էութեամբ շնչում էր Հայաստանով, ապրում նրա առօրեայով: Որպէս մարդ հաղորդական էր, անմիջական, ընկեր էր բոլորի հետ: Բնութիւնից ունենալով խոշոր քիթ, երբեք քիթը բարձր չէր պահում ոչ մէկի առջեւ:
Լաւ է ասել Առնօ Պապաջանեանը. «Երաժշտութիւնը պէտք է յուզի քեզ, ցնցի, մտնի սիրտդ եւ ոչ թէ զարմացնի»:
Այս յօդուածն աւարտելու պահին յայտնի դարձաւ, որ Ռուսաստանի իշխանութիւնները որոշել են Առնօ Պապաջանեանի ծննդեան 100-ամեակի կապակցութեամբ, 2021 թուականը դարձնել Պապաջանեական Տարի: Առաջին ձեռնարկը տեղի է ունեցել Յունուարի 22-ին, որի ծրագրում հնչել են գոմփոզիթորի բացառապէս նուագախմբային գործերը: Ամբողջ տարուայ ընթացքին Ռուսաստանի բոլոր խոշոր քաղաքներում լաւագոյնս կ՚ արժեւորուի մեր հայրենակից, ՄԵԾ ՀԱՅ Առնօ Պապաջանեայի հիասքանչ երաժշտութիւնը: