Արցախի Հանրապետության առողջապահական համակարգը ունակ է կազմակերպելու բնակչության բժշկական սպասարկումը, սակայն առկա կադրային ու նյութատեխնիկական հնարավորությունները բավարար չեն պատշաճ որակ և արդյունավետություն, ինչպես նաև ինքնաբավության բավարար չափ ապահովելու համար: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացնում են Արցախի առողջապահության նախարարությունից, այս մասին նշված է Հայաստանի Հանրապետությունից Արցախ ժամանած բժիշկ-փորձագետների եռօրյա այցի արդյունքներով ընդունված համատեղ հայտարարության մեջ:
«Արցախի առողջապահական համակարգը ունի ֆինանսատնտեսական գործունեության մեթոդների ու եղանակների վերանայման, նյութատեխնիկական հնարավորությունների ճիշտ վերաբաշխման և բուժհիմնարկների զինման ու արդիականացման կարիք, որի հիմքում պետք է դրվեն փորձագիտական հետազոտությունների արդյունքներով ընդունված եզրակացությունները: Արցախի բուժհիմնարկներում առկա է կադրային ռեսուրսի պակաս, որը լրացնելու համար հարկ է կիրառել ինչպես հերթափոխով մասնագետների ներգրավմամբ, այնպես էլ նոր մասնագետների խրախուսմամբ, հեռահար բժշկության ներդրմամբ, առկա կադրերի վերապատրաստմամբ ու որակավորմամբ բացը լրացնելու եղանակները: Արցախի բուժհիմնարկներում առկա նյութատեխնիկական միջոցները վերազինելու և նորագույն սարքավորումներով համալրելու համար անհրաժեշտ է ներգրավել ինչպես Նախարարության, այնպես էլ հասարակական կազմակերպությունների, բարեգործական հիմնադրամների և անհատների հնարավորությունները՝ այդ գործընթացում ապահովելով առավելագույն թափանցիկություն և հանրային հաշվետվողականություն: Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները հավանություն են տալիս ԱՀ առողջապահության նախարարին կից հասարակական խորհուրդ ձևավորելու գաղափարին՝ վերահաստատելով խորհրդում ընդգրկվելու ցանկությունն ու պատրաստակամությունը: Հայտարարության բոլոր մասնակիցները միաձայն ընդունեցին, որ Արցախի առողջապահական համակարգի հետագա զարգացման համար հիմնարար նշանակություն ունի ՀՀ բժշկական ասոցիացիաների հետ համագործակցությունը, որը պետք է դիտարկվի որպես Նախարարության հետագա գործունեության ռազմավարական ուղղություն: Հայտարարությանը միացած բժիշկ-փորձագետները պարտավորվում են մեկշաբաթյա ժամկետում Նախարարություն ներկայացնել կատարված ուսումնասիրությունների և դրանց հիման վրա կատարված վերլուծության և գնահատման արդյունքներն ամփոփող եզրակացություն՝ դրա հիման վրա Նախարարության կողմից համակարգի զարգացման կարճաժամկետ քաղաքականությունը մշակելու համար»,-մասնավորապես նշված է համատեղ հայտարարության մեջ:
Համագործակցության ու աջակցության նպատակով Արցախի առողջապահության նախարարության նախարարի հրավերով ընթացիկ տարվա հունվարի 22-ին եռօրյա այցով Հայաստանի Հանրապետությունից Արցախ մեկնած մի խումբ բժիշկ-փորձագետներն այցելել են Ստեփանակերտում, Ասկերանի ու Մարտունու շրջաններում տեղակայված բուժհիմնարկներ: Նրանք հանդիպել են առողջապահության նախարարության և բուժհիմնարկների պատասխանատու անձնակազմի հետ, կատարել ուսումնասիրություններ, գնահատումներ և վերլուծություններ: