Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ակնկալում է, որ «Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագրի հաջող իրականացման արդյունքում Հայաստանի և Ռուսաստանի միջև զբոսաշրջության ոլորտում համագործակցությունը կզարգանա: Այդ մասին վարչապետը նշեց կառավարության նիստում: Վարչապետը հույս հայտնեց, որ արդեն փետրվարի վերջից երկկողմ կանոնավոր ավիաչվերթների ծավալը էապես կաճի:
«Սա ենթադրում է, որ թռիչքները դեպի ՌԴ կընդլայնվեն, չվերթները կավելանան։ Սա շատ կարևոր ծրագիր է, և ես ուզում եմ շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ մեր գործընկերներին ու Ռուսաստանի Դաշնության կառավարությանը՝ այս ակտիվ և արդյունավետ համագործակցության համար։ Սա եղել է ՀՀ կառավարության նախաձեռնությունը, որն աջակցություն է ստացել գործընկերների կողմից ու Եվրասիական բանկը ֆինանսավորել է ծրագիրը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, հավելեց Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև ավիահաղորդակցության վերականգնմանը սպասում է նաև տուրիզմի ոլորտը, ինչը կնպաստի փոխայցելությունների ծավալների ավելացմանն ու ոլորտի վերականգնմանը:
«Ճամփորդում եմ առանց covid-19-ի» պիլոտային ծրագիրը կգործարկվի փետրվարի 1-ից: