Երևանի պետական համալսարանի բանասիրական գիտությունների գրականության ընթերցասրահն այսուհետև կկրի Շուշիի մարտերում զոհված ուսանող ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանի անունը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ` նման առաջարկ էր ներկայացրել Երևանի պետական համալսարանի ուսանողական խորհրդի նախագահ Դավիթ Ափոյանը:
«Քանի որ Գևորգը մի քանի ֆակուլտետում էր սովորում, պրոֆեսորադասախոսական անձնակազմի հետ ընդհանուր քննարկման ժամանակ որոշեցինք, որ գրադադարանի ընթերցասրահը պետք է անվանակոչենք Գևորգ Արշակյանի անվամբ»,- ասաց Ափոյանը՝ հավելելով, որ Գևորգի կերպարը հայ ուսանողի, հայ զավակի օրինակելի կերպար էր, ով ընկերասեր էր, ուսման ծարավ, հայրենիքի նվիրյալ զավակ:
Իրավագիտության ֆակուլտետի դեկան Գագիկ Ղազինյանը նշեց, որ որոշման կայացման ընթացքում որևէ մեկի կողմից առարկություն չի եղել:
«Շատ դժվար է կարճ կյանքի ընթացքում ձևավորել այնպիսի անուն, այնպիսի հետք, որ նման արձագանքի արժանանաս, այն էլ նման կառույցում, ինչպիսին Երևանի պետական համալսարանն է: 24 տարվա կյանքի ընթացքում ձևավորած այդ անունը որևէ կասկած չթողեց, որ Գևորգը, իրոք, բացառիկ երևույթ է, նույնիսկ, մեր 15 հազարից ավելի ուսանողների շրջանում»,- նշեց Ղազինյանը:
Երևանի պետական համալսարանի Փիլիսոփայության և հոգեբանության ֆակուլտետի շրջանավարտ, իրավագիտության ֆակուլտետի շրջանավարտ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական համալսարանի շրջանավարտ ավագ-լեյտենանտ Գևորգ Արշակյանը զոհվել է նոյեմբերի 7-ին, Շուշիի պաշտպանության մարտերի ընթացքում ստացած վիրավորումից: