ՀՀ կառավարությունը փետրվարի 1-ին միջպետական գանգատ է ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան ընդդեմ Ադրբեջանի` սանձազերծած 44-օրյա պատերազմի ընթացքում և դրան հաջորդող ժամանակահատվածում թույլ տրված կոնվենցիոն խախտումների համար:
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակից, մասնավորապես ՀՀ կառավարությունը պնդում է, որ Ադրբեջանը խախտել է Արցախի և ՀՀ-ի բնակչության կյանքի, խոշտանգումներից և անմարդկային վերաբերմունքից զերծ մնալու, անձեռնմխելիության, սեփականության, անձնական և ընտանեկան կյանքի, կրթության և մի շարք այլ իրավունքները:
Կառավարության կողմից գանգատին կից ներկայացվել են բազմաթիվ և ծավալուն ապացույցներ: Գանգատում, ի թիվս բազմաթիվ այլի, բարձրացված է նաև ռազմագերիների և քաղաքացիական անձանց, Արցախի տեղահանված բնակչության, զոհված և վիրավորված քաղաքացիական անձանց, նրանց հարազատների, սեփականությունը կորցրածների, տեղական և միջազգային ԶԼՄ-ների ներկայացուցիչների իրավունքների պաշտպանության մի շարք հարցեր։
Այս Միջպետական գանգատը պետության անունից ընդդեմ Ադրբեջանի տարվող իրավական գործընթացի կարևորագույն քայլ է: Այս առումով հատկանշական է, որ այս գանգատը Եվրոպական դատարան ՀՀ-ի կողմից ներկայացվող առաջին միջպետական գանգատն է:
Առաջիկայում Եվրոպական դատարան են ուղարկվելու արդեն իսկ ներկայացված պահանջները հիմնավորող լրացուցիչ մեծածավալ ապացույցներ: Ինչպես մինչ օրս, այնպես էլ ապագայում ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը հանրությանը կծանուցի հետագա զարգացումների և ձեռնարկած քայլերի մասին: