ՀԵՆՐԻԿ ԱՆԱՍԵԱՆ
…1945-ի խոր աշուն: Օրերը ցրտել են, վառելիք չկայ, սննդամթերք` նոյնպէս: Ընտանիքին կերակրողը միայն մայրս է, որ աշխատում է շէնքի վրայ, որպէս սեւագործ բանուոր: Դրութիւնը ողբերգական է: Հայրիկիս, որ նորերս է վերադարձել բանակից, աշխատանքի չեն ընդունում: Լաւ է որ ճաղերի ետեւում չյայտնուեց, մի բան, որ պատահեց մեր դրացի Յովհաննէս Չանչուրեանի հետ: Վերջինս հազիւ գերութիւնից վերադարձած, ձերբակալուեց ու մենք այլեւս նրան չտեսանք: Աստուած գիտի թէ հոգին որտեղ աւարտեց:
Այդ դժուարին օրերին մեր թաղում սկսեցին աւելանալ ընտանի կենդանիների թիւը:
Օրերից մի օր մայրս դիմեց հայրիկիս.
— Յակոբ, մեր վիճակը անմխիթար է, մի բան պիտի անենք: Տես թէ ինչպէս են մեր հարեւանները կովեր, ոչխարներ պահում, երեխաների համար կաթ, մածուն, պանիր ապահովում, ի՞նչ ես կարծում, մենք էլ մի կով չգնե՞նք:
— Վերժին, ինչի՞ մասին ես խօսում: Նախ մենք կով գնելու դրամ չունենք,- փորձեց առարկել հայրս,- եւ, յետոյ, ո՞րտեղ պիտի պահենք, մենք գոմ, կամ ախոռ չունենք…,
— Խնդրում եմ չ՚ընդհատես, ուշադիր լսիր: Նախ` դրամի մասին: Պարտք կը վերցնենք մեր հարեւան, մսավաճառ Ասատուրից: Նա շատ դրամ ունի, քեզ էլ շատ է յարգում: Եթէ խնդրես` քեզ չի մերժի, իսկ կովն էլ կը պահենք քո…, քո գրադարանում…:
— Ի՞նչ…, գժուել ես, ինչ է, գրադարանո՞ւմ, տան մէ՞ջ…
— Այո՜, այո՜, գժուել եմ, տան մէջ, գրադարանում…, ի~նչ է, ուզում ես, որ երեխաներս սովից մեռնե՞ն…, հերն եմ անիծել գրադարանիդ էլ, գրքերիդ էլ…,- ու ձեռքը թափ տալով հօրս գլխի վրայ` աւելացրեց,- տօ՜, տօ հենց քեզ էլ…, ինձ համար ընտանիքս ու երեխաներս ամէն ինչից վեր են: Վե՜րջ, ամէն ինչ որոշուած է:
Ես ու եղբայրս թախթի մի անկիւնում կծկուած, երբեւէ չէինք տեսել մեր մօրը այդպէս բորբոքուած:
— Ես ո՞րտեղ եմ աշխատելու, փորձում էր ըմբոստանալ հայրիկս:
— Որտեղ կ՚ուզես աշխատիր…, իբր, որ աշխատում ե՞ս ինչ, ո՞վ է գնահատողը, մի հասարակ գրադարանավարի գործ էլ չեն վստահում քեզ…
— Ի՞նչ, վստահե՞լ…, ինչ է, դու էլ չես հասկանում հա՞ ուրիշների նման, որ խնդիրը վստահութեան մէջ չէ, այլ ուրիշ հանգամանքներ կան…եւ, յետոյ, միայն ե՞ս եմ այս վիճակում յայտնուել: Ակադեմիայի կառոյցից ներս երկու տասնեակի են հասնում ինձ նմանները, որոնք անգործ են:
Զգալով որ «աւելին փախաւ» քան պէտք էր, այս անգամ արդէն մայրս շոյիչ մի ար-
տայայտութեամբ փորձեց մեղմել հօրս վրդովմունքը:
— Յակո~բ ջան, սիրելիս…, կը ներես, սխալ մի հասկանայ, ես ուզեցի ասել, որ քեզ
չեն վստահում ոչ թէ քո գիտելիքների, այլ` պատերազմի ժամանակ գերութեան վիճակում յայտնուելուդ համար: Դէ, դէ~, քիթդ մի կախի: Հիմա ասա, թէ ինչ ենք անելու:
— Ի՞նչ ասեմ…, թող գրադարանս ախոռի վերածուի: Ո՞վ է տեսել, որ հարիւրաւոր գրքերի մէջ կով պահեն, ու ես էլ նրա հարեւանութեամբ նստեմ ու թրիքի հոտի տակ գիտութեամբ զբաղուեմ: Ի~նչ հիանալի տեսարան:
— Դէ լա~ւ, մի չափազանցրու,- արդէն մեղմ ու քնքշալից թոնով պատասխանեց մայրս` աւելացնելով,- Յակոբ ջան, ի՞նչ անենք, պայմաններն են ստիպում: Հիմա ասա, գնում ե՞ս Ասատուրի մօտ` դրամ պարտք վերցնելու: Ասում են, որ հինգ հարիւր ռուբլիով կարելի է կով գնել:
— Չէ՜, ոչ, ես չեմ գնա, ես չեմ կարող այնպէս խօսել, ինչպէս դու…, դու արդէն փորձուած ես, իմ բացակայութեան ժամանակ չորս-հինգ տարի շփուել ես մարդկանց հետ, համոզելու կերպը գիտես:
— Լաւ, ես կը գնամ Ասատուրի մօտ, գոնէ դու էլ գնայ մեր հարեւան Վահրամի մօտ: Իրենք կով ունեն, ինքը հասկանում է նման գործերից եւ կարող է լաւ ընտրութիւն անել մեզ համար: Խնդրիր, որպէսզի մեզ ընկերակցի անասունի շուկայ գնալիս:
Ասատուրը տուել էր դրամը, ի հարկէ` առանց տոկոսի: Նոյնիսկ այդ դժուարին տարիներին, եւ դրանից յետոյ էլ, տոկոսով պարտք վերցնելն ու տալը անյարիր էր մարդկանց մտայնութեանը:
Նման մտածողութիւնը, դժբախտաբար ծնունդ առաւ Երրորդ Հանրապետութեան առաջին իսկ օրերին, որի պատճառով բազում հայ ընտանիքներ եւ ընկերներ թշնամացան միմեանց հետ: Եւ քանի~ քանի «տոկոսի տակ» եղող ընտանիքներ քայքայուեցին ու լքեցին Հայրենիքը:
… Ինչեւէ, կովը գնուեց: Նիհա~ր, քոսոտ մի կով. որը իբրեւ թէ իւրաքանչիւր օր 15 լիտր կաթ էր տալու: Իսկ ո՞վ էր կթելու կովին: Դրա միջոցն էլ գտաւ մայրս, իմ խելացի, ձեռներէց մայրս: Գնաց մեր տան դիմացի ապարանցի Արուսի մօտ, չգիտեմ ինչ ասաց, ի՜նչպէս համոզեց, որ այդ կինը մի ամբողջ շաբաթ եկաւ, կթեց կովը եւ մօրս, նոյնիսկ հայրիկիս սովորեցրեց կով կթելու արուեստը:
Այդ «արուեստում» հայրս աւելի ձեռնհաս եղաւ:
— Վերժի~ն,- ասում էր նա,- նայի~ր, նայիր թէ ես ինչպէս եմ կթում: Պէտք է պտուկի ամենավերին` քոքից բռնես ու մատներդ սահեցնելով բերես ներքեւ, իսկ դու պտուկի ծայրից ես քաշում մատներդ, այդպէս կաթը քիչ կը գայ:
Դժուար է չէ՞ այսօր պատկերացնել, որ Յակոբ Անասեան մեծանուն գիտնական հայագէտը կով է կթել:
Մեր հարեւան Վահրամի ասածը թէ 15 լիթր կաթ է տալու կովը` բնաւ չէր համապատասխանում իրականութեանը: Միայն 5-6 լիթր կաթ էր տալիս մեր կովը: Եւ այդպէս, այդ կովն էլ մտաւ մեր թաղի կովերի «ցանկի» մէջ: Ինչպէս բոլորը, ես էլ դարձայ հովիւ ու մի քանի անգամ էլ հերթը ինձ հասաւ թաղի բոլոր անասուններին արօտատեղ տանելու:
Իւրաքանչիւր երեկոյ, մայրս մածուն էր մերում, չմոռանալով կաթի վրայից մի քանի ճաշի գդալ սեր առանձնացնել ինձ համար: Ես կաթի սեր շատ էի սիրում, բայց
կաթ`երբեք: Առաւօտեան, կէս եւ մէկ լիտրանոց ապակեայ ամաններով (բանկա) լի,
պայուսակի մէջ դրած մածունը վերցրած, շրջում էի յարակից փողոցներով եւ մանկական բարալիկ ձայնով կանչում էի.
— Մածո~ւն, մածո~ւն, լաւ մածուն, ոչխարի մածուն:
Ես ի հարկէ գիտէի, որ ոչխարի կաթի մածունն աւելի յարգի էր քան կովի մածունը, ուստի, ես յաճախորդներին գրաւելու համար ոչխարի մածուն էի ներկայացնում: Ի վերջոյ, ո՞վ էր որոշելու թէ մածունը ոչխարի կաթից է թէ`կովի:
… Չէ, կովն էլ չ՚արդարացրեց մեր ընտանիքի յոյսերը: Օրէ օր աւելի քիչ կաթ էր տալիս մեր կովը, գնալով նուազում էին արօտավայրերը, որոնց տեղերում սեփական բնակարաններ էին կառուցում արդէն արտերկրից եկած հայրենադարձները: Անասունների համար պատրաստուած արհեստական ուտելիքներ (մենք ՔՈՒՍՊ էինք ասում) գնելու համար մենք դրամ չունէինք: Ի վերջոյ, մսագործ Ասատուրը մեզ տուած պարտքի կէսի դիմաց գնեց մեր կովը, մորթեց ու վաճառքի հանեց:
Մենք մի քանի հաւ էլ պահեցինք, որոնց մէկ առ մէկ գողացաւ մեր թաղի հաւագող Քեափանակը, որի իսկական անունն այդպէս էլ չիմացանք: Մի երկու հաւ էլ ժամանակ առ ժամանակ, մայրիկս նուէր էր տանում դպրոցի մաթեմատիկայի ուսուցիչ Գալուստ Չաթալեանին, որպէսզի եղբօրս չկտրի տարեվերջի քննութիւնից:
* * *
Մօտենում էր 1947-ի դրամափոխութեան օրը: Այսպէս էլ, այնպէս էլ մենք դրամ չունէինք, մեզ համար միեւնոյնն էր դրամը կը փոխուի թէ ոչ: Ցրտերն արդէն ընկել էին: Մերոնք չգիտէին ինչ անել, որտեղից վառելիք գտնել: Այդ տարիներին ամէնայաջող վառելիքը ԱՆՏՐԱՑԻՏ անունով ածուխն էր: Մայրիկից աւելի մտահոգ տեսք ունէր հայրիկս: Զգում էինք, որ անյայտ մի պատճառ կրծում էր իր հոգին: Մի երեկոյ, սենեակի մի անկիւնից միւսը մի քանի անգամ գնալ-գալով վերջապէս պայթեց.
— Ախր ո՞րտեղ եմ դրել այդ անիծեալ ծրարը Վերժի~ն:
— Ի՞նչ ծրար Յակոբ, ինչի՞ մասին ես խօսում, ի՞նչ կար մէջը:
— Ի~նչ կար, ինչ կար…, փո~ղ, փող կար մէջը…, շատ փող, հասկացա՞ր:
— Փո՞ղ, ի՞նչ փող, ո՞րտեղից, ինչո՞ւ ես ոչինչ չգիտեմ այդ մասին:
— Ուզում էի անակնկալ անել: Այդ դրամը ես պահել եմ ձմեռուայ վառելիք գնելու համար: Մոռացել եմ թէ որտեղ եմ դրել: Գրադարանում է, դա յիշում եմ:
— Բա դրամը քեզ ո՞րտեղից, չէ՞որ դու չես աշխատում:
— Չեմ աշխատում հա՞, յետո՞յ ինչ, որ պետական հիմնարկում չեմ աշխատում, բայց ես տանն եմ աշխատում:
— Այդպէս է, ճիշդ ես Յակոբ ջան, մի նեղանայ, դու օրը 24 ժամ տանն ես աշխատում, բայց փողը, փողը քեզ ո՞րտեղից:
— ԷՋՄԻԱԾԻՆ ամսագրում տպուած յօդուածի հոնորարն էր: Իմանալով մեր անելանելի վիճակը, Վեհափառի կարկադրութեամբ վճարեցին աւելի` քան օրէնքով հասնում էր: Եթէ քեզ տայի այդ դրամը` պիտի ծախսուէր գնար: Եթէ այս երկու օրը չգտնենք` ստիպուած պիտի լինենք յետոյ, մէկը տասի յարաբերութեամբ փոխանակել:
— Յակոբ ջան դո՜ւ, դու պիտի գտնես այդ դրամը, յիշիր, թէ որտեղ ես դրել, մենք
չենք կարող հարիւրաւոր գրքերը մէկ առ մէկ թերթատել:
Եկաւ դրամափոխութեան օրը: Մեր տան մէջ լարուած իրավիճակ է: Բոլորս անհանգիտ ենք: Երկու-երեք օր է մնացել դրամափոխութեան աւարտին եւ մենք դեռ չենք գտել հայրիկիս պահած դրամը: Որտեղից որտեղ, սովորութեանս համաձայն, բարձրացայ գրադարանի դարակների ամէնավերին շարքից մի գեղատեսիլ ամսագիր վերցնելու: Յանկարծ, ամէնավերեւում, առաստաղի տակ աչքս ընկաւ մի պահածոյատուփ: Վերցնում եմ տուփը եւ բաց անում: Ի՞նչ եմ տեսնեմ` մէջը լիքը փող.
— Պապա~, մամա~…, գտայ, գտա~յ փողը…
Մնացեալը պարզ է: Մայրիկս մի ծանօթ պաշտօնեայի հետ, նոյն օրն իսկ վազում է երկաթուղային կայարան եւ մեծ դժուարութեամբ կարողանում է առանց հերթ կանգնելու, գնել երկու թօն ԱՆՏՐԱՑԻՏ ածուխ:
Ձմեռուայ ահաւոր սառնամանիքն այլեւս մեզ համար սարսափելի չէ…:
—