Վրաստանում փետրվարի 3-ի դրությամբ արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 688 նոր դեպք: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին հաղորդում է Վրաստանի կառավարության կողմից ստեղծված stopcov.ge կայքը:
Ընդհանուր դեպքերի թիվը երկրում 259 897 է, ինչը Հայաստանի համեմատ ավելի է գրեթե 100 հազարով: Հայաստանում փետրվարի 3-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերի թիվը կազմել է 167 հազար 421:
Վրաստանում ընդհանուր հաշվով վարակը հաղթահարել է 251 հազար 77 մարդ: Երկրում վարակից մահացել է ևս 13 մարդ, ընդհանուր՝ 3 221:
Հայաստանում վերջին օրվա ընթացքում արձանագրվել է մահվան 7 դեպք. ընդհանուր դեպքերի թիվը՝ 3096:
Վրաստանի Հիվանդությունների ազգային կենտրոնի փոխտնօրեն Պաատա Իմնաձեն անդրադարձել է սահմանափակումների վերացման հերթականությանը: Ըստ Իմնաձեի՝ «պարետային ժամը» կչեղարկվի ամենավերջում: Իմնաձեի խոսքով՝ կշեռքի մի նժարին առողջությունն է ու կյանքը, մյուսին՝ վրացական սովորական ապրելակերպը:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 19-ին Առողջապահության նախարարություն կատարած այցի ընթացքում նշել էր, որ կառավարությունը պատվով է դիմակայել նոր տիպի կորոնավիրուսի համավարակին և այսօր էլ միջազգային չափանիշներով մեր երկիրն ունի կառավարելի իրավիճակ: «Ուզում եմ հատկապես հիշեցնել, որովհետև հիմա այդ դրվագի մասին, ըստ էության, մոռացվել է, որ կար ժամանակ, երբ մեզ կորոնավիրուսի դեմ պայքարի համատեքստում ի ցույց էին դնում այլ երկրներ, ասելով, որ ահա տեսեք, թե ինչպես է պետք պայքարել կորոնավիրուսի դեմ, դուք կորոնավիրուսի դեմ պայքարել չգիտեք: Բայց մենք վստահ էինք, որ գնում ենք հավասարակշռված ճանապարհով: Հիմա, երբ մեր ասածն իրականության մեջ արդարացել է, մեզ այլևս ի ցույց չեն դնում այդ երկրները, ոչ էլ մեզ են ի ցույց դնում այդ երկրներին: Իհարկե, կորոնավիրուսն անկանխատեսելի բան է և, ըստ էության, կանխատեսումներն ամենատարբեր են, սկսած նրանից, որ կունենանք 3-րդ, 4-րդ, 5-րդ ալիք, վերջացրած նրանով, որ երևի թե պատվաստանյութը ժամանակին տեղ կհասնի, այն առումով, որ արդյունավետ կգտնվի»,- նշել էր կառավարության ղեկավարը: