ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը փետրվարի 5-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ժոնաթան Լաքոտին` ՀՀ-ում Ֆրանսիայի դեսպանության ռազմական կցորդ Դեննի Փիթի ուղեկցությամբ (նստավայրը` ք.Թբիլիսի):
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, հանդիպման ընթացքում քննարկվել են տարածաշրջանային անվտանգությանը և պաշտպանության ոլորտում երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր: ՀՀ պաշտպանության նախարարը ներկայացրել է նաև տարածաշրջանի անվտանգային միջավայրը, առկա սպառնալիքները և ակնկալվող զարգացումները:
Դեսպան Լաքոտն իր հերթին նշել է, որ ռազմական գործողությունների ընթացքում և դրանց դադարեցումից հետո իրավիճակը մշտապես եղել է Ֆրանսիայի ղեկավարության ուշադրության կենտրոնում, մտահոգությունների մասին բարձրաձայնվել է և ջանքեր են գործադրվում իրավիճակի վերջնական կայունացման համար: Պաշտպանության բնագավառում երկկողմ համագործակցության մասին խոսելիս դեսպանը տեղեկացրել է համագործակցության բազմակողմանի զարգացմանն ուղղված մի շարք ծրագրերի առաջարկի մասին, որն ընդունվել է պաշտպանության նախարարի կողմից:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել հաջորդ ամսվա ընթացքում համագործակցության խթանմանն ուղղված մի շարք միջոցառումների իրականացման վերաբերյալ: