ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ
Իմ վերջին գրութեամբ իմ կարծիքն էի գրել, որ չպիտի կլանուել Հայաստանի իշխանութիւնների կողմից ամեն օր յօրինուած մի նոր խաղ/ստով։ Որ պիտի անպատասխան թողնենք նրանց, ու չընկնել ծուղակը։ Այլապէս՝ ամեն օր պիտի մեր միտքն ու հոգին զբաղուած պահենք ու վատնենք մեր ժամանակը՝ շեղուելով բուն հարցից, հարցերի հարցից, որ Հայաստանի ներկայ թրքածին ու թրքամոլ իշխանութիւնների հեռանալն է։ Ես ուզում եմ յարգել իմ որոշումը։
Բայց․․․
Կար մի լուր, մի հետաքրքիր լուր, որի հիման վրայ կարելի է շատ խորը վերլուծութիւն անել ու ճիշտ եզրակացնել։ Դա Հայաստանում խորհրդարանական արտահերթ ընտրութիւններ անել/ չանելն է։ Նիկոլի հիւանդ եւ անսկզբունք լինելու մասին ասում են շատերը։ Միաժամանակ, նա անուղղելի ստախօս է, հակասական բաներ է ասում միշտ, ու որպէս այդպիսին՝ բնաւ վստահելի մարդ չէ։ Ու չխօսենք վստահելի քաղաքական գործիչ լինելու մասին։ Նա դրածոյ է, չունի սեփական նկարագիր, չունի քաղաքական գործչին վայել ընթացք, կեցուածք, բառապաշար ու մօտեցում չունի։ Հետեւաբար՝ մերժուած է թէ՛ հայերի կողմից, թէ՛ աշխարհում։ Նա Հայաստանն ու Արցախը դարձրեց զրօ գործօն տարածաշրջանում ու միջազգային յարաբերութիւնների մէջ։ Նա խորտակեց ամեն ինչ։ Օրինակներ չբերենք՝ հէնց այս օրերում պատահածներից։ Չեմ ուզում ձեր ժամանակը խլել։ Յիշեմ միայն մէկը՝ Հայաստանում կանեփ աճեցնելու առաջարկը, որ չգիտեմ որոշում եղա՞ւ, թէ՞ ոչ։
Քանի մը օր առաջ, Նիկոլն ասաց որ գնալու են խորհրդարանական արտահերթ ընտրութիւնների՝ առանց նշելու դրա ճանապարհային քարտէզը, թէ ի՞նչ հանգրուաններով ու կարգով պիտի դա պատահի։ Բայց նախորդ օր կար մի շատ հետաքրքիր լուր, որ Նիկոլին աջակցող “իմ-քայլ”ականները (“Իրենց-քայլ”ականները) որոշել են տեղի չունենայ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններ, քանի որ “եզրակացրել են” Նիկոլն ունի ժողովրդի մեծամասնութեան համակրանքն ու նեցուկը։
Պաշտօնական մակարդակներով ասուած այս երկու հակասական յայտարարութիւնները շատ բան են նշանակում։ Չգրեմ մանրամասնօրէն, քանի որ դուք կարող էք առցանց գտնել դա։ Գրեմ իմ կարծիքը։ Նիկոլը, հաւանաբար, իր տէրերի վերջնական կարծիքը չէր ստուգել՝ խորհրդարանական արտահերթ ընտրութիւններ անելու համար։ Ու հակադարձութիւնը եղաւ շատ արագ։ ՉԱՆԵԼ այդ ընտրութիւնները։ Ինչո՞ւ։ Քանի որ ես հաւատացած եմ, Հայաստանում եւ դրսում կան եւ աշխատում են վերլուծական մասնագիտական կեդրոններ, որոնք իմանալով եւ վերլուծելով հասարակութիւնների մէջ կարծիքներն ու տրամադրութիւնները, ուղղութիւն են փոխանցում իրենց դրածոներին։ Ես վստահ եմ, ԱԺ-ի “Իրենց-քայլ”ական պատգամաւորների յայտարարութիւնը, որ չեն գնալու արտահերթ ընտրութիւնների, թելադրուած է եղել այդ կենտրոնների կողմից, քանի որ շատ քիչ է հաւանականութիւնը՝ նիկոլականների յաղթանակի։ Ուստի՝ որոշուեց Նիկոլը շարունակի զբաղուած պահել վարչապետի աթոռը, ու չգնալ արտահերթ ընտրութիւններին։ Հիմա չխօսենք այն հնարաւոր զարգացումների մասին, որ տեղի կրնայ ունենալ Հայաստանում՝ այս որոշումից յետոյ։
Սա այն համառօտն է, որ ես կարող եմ ասել ԱԺ-ի արտահերթ ընտրութիւններ անել/ չանելու վերաբերեալ՝ երկու օրում Հայաստանի պետական կառոյցների հակասական յայտարարութիւններից յետոյ։
* * *
Եւ ինչքան ճիշտ է ասում Մեծն Սահեանը՝ Համօ Սահեանը․․․ “Ճգնում է այդ ստի ուժով․․․ Հեռացնել, կանխել անգամ․․․ Ահեղ ժամն իր հոգեվարքի”։
Ահա՛ ամբողջ բանաստեղծութիւնը։ Ճիշտ ու ճիշտ ներկան է բնորոշում։
ՀԱՄՕ ՍԱՀԵԱՆ
“Ես չեմ կարող
Չըմբոստանալ այն ստի դէմ,
Որ գալիս է օտար հողից,
Որ թափւում է
Մինչեւ անգամ յարդագողից։
Ականջներ է փնտրում անփորձ,
Հոգիներ է փնտրում անգործ,
Ճգնում է, որ մի ճեղք ճարի
Մեր հաւատի ամրոցի մէջ
Ու խարխլի․․․ Լոյսի սովոր
Մեր աչքերը մեզնից խլի․․․
Ու վնգստայ, ու վնգստայ,
Որ սեւ ասենք սպիտակին,
Ագռաւ ասենք մեր տատրակին,
Իրենց բուին արծիւ ասենք,
Առիւծ՝ իրենց կատուի ձագին։
Ես չեմ կարող չըմբոստանալ
Այդ ստի դէմ եւ այն կարգի,
Որ իր կաշուից դուրս է գալիս,
Ճգնում է այդ ստի ուժով
Հեռացնել, կանխել անգամ,
Ահեղ ժամն իր հոգեվարքի”։