Արցախյան պատերազմից հետո ևս «Հայաստան» համահայկական հիմնադրամին սփյուռքի կողմից հանգանակվել է հսկայական գումար՝ մոտ 27 միլիոն դոլարի չափով: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում տեղեկացրեց «Հայաստան» համահայկական հիմնադրամի մարկետինգի և հասարակայնության հետ կապերի պատասխանատու Աշոտ Բարսեղյանը:
«Այդ գումարը հավաքվել է մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Կանադայի, Նիդեռլանդների, Բելգիայի, Արգենտինայի և մի շարք այլ երկրների հայ համայնքների ուժերով»,-մանրամասնեց Բարսեղյանը:
Անդրադառնալով համահայկական հիմնադրամի կողմից հետպատերազմյան շրջանում Արցախին ցուցաբերվող աջակցության ծրագրերին՝ նա նշեց, որ իրագործվել են 1000-ից ավելի վնասված բնակարանների և առանձնատների վերանորոգման ու ապակիների, պատուհանների տեղադրման աշխատանքներ:
«Կառավարություն փոխանցված միջոցներով՝ 300 հազար և 68000+15000 դրամի չափով, ֆինանսական աջակցություն են ստացել տասնյակ հազարավոր մեր հայրենակիցներ: Բացի այդ՝ Արցախ է հասել հսկայական քանակի հումանիտար օգնություն՝ հոսանքի հզոր գեներատորներ, մեքենաներ և բազմապիսի այլ օգնություն», -ասաց Աշոտ Բարսեղյանը:
«Հայաստան» համահայկական հիմնադրամի միջոցներով իրականացվող ծրագրերի առաջնահերթությունների շարքում են մասնավորապես՝ վիրավորված զինծառայողների վերականգնողական բուժում, տեղահանվածների բնակարանային հարցերի լուծում, աջակցություն՝ առողջապահական համակարգին, ժամանակավոր կացարանների տրամադրում տեղահանվածներին, կամ կացարանների պայմանների բարելավում, ինչպես նաև սննդի կազմակերպում կարիքավորներին:
«Մենք աջակցում ենք Հայրենիքի պաշտպանի վերականգնողական կենտրոնին և հումանիտար աջակցություն ենք տրամադրում բազմաթիվ բուժհաստատությունների: Առաջիկայում ամբողջ ընթացքը կներկայացնենք»,-ասաց Բարսեղյանը: Ինչ վերաբերում է Արցախում հիմնադրամի միջոցներով նախատեսվող բնակարանաշինությանը, ապա ըստ մեր զրուցակցի՝ այդ ծրագրերը մեծ գումարներ են ենթադրում և դեռևս քննարկումների փուլում են:
Հիմնադրամի կայքի համաձայն՝ Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պատերազմի ընթացքում նախաձեռնված «Մենք ենք, մեր սահմանները» դրամահավաք արշավի ընթացքում հանգանակվել է 170 միլիոն 694 հազար 341 դոլար: