Պաշտպանության նախարարությունը դիմել է Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովին` պատերազմում վիրավորում ստացած զինծառայողներից 12-ի բուժումն արտերկրում կազմակերպելու հարցով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, պատասխանելով «Իմ քայլը» խմբակցության անդամ Նարեկ Մկրտչյանի հարցին:
«Կան դեպքեր, որ վիրավորում ստացած մեր զինծառայողները կարիք կունենան նաև արտերկրում լրացուցիչ կամ ավելի բարդ տեսակի բուժօգնություն ստանալու: Այս դեպքերի համար կա հստակ ընթացակարգ, երբ ՊՆ-ն ներկայացնում է նման դիմումները Առողջապահության նախարարության մասնագիտական հանձնաժողովին, որը գնահատում է` արդյոք արտերկիր մեկնելու կարիքը կա, թե ոչ, ինչի արդյունքում որոշում է կայացնում, ինչի արդյունքում պետությունն այս դեպքերի համար էլ ամբողջովին փակում է վիրավոր զինծառայողների բժշկական օգնության ծավալը: Այս պահին հանձնաժողովի քննարկմանն է ներկայացված 12 դիմում, որոնք ընթացքի մեջ են»,- ասաց Ավանեսյանը:
Նախարարը հավելեց, որ վիրավորված զինծառայողների բժշկական օգնությունը ողջ ծավալով իրականացվում է պետական միջոցների հաշվին` և’ ստացիոնար, և’ ամբուլատոր պայմաններում: