Սիրելի զաւակներ Մեր,
Այսօր Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին նշում է նուիրական յիշատակը Սրբոց Վարդանանց:
Արդարեւ, Սուրբ Վարդանանք սոսկ պատմութիւն չեն, այլ ոգու վեհ ներկայութիւն մեր կեանքում: Հայ քրիստոնէական մեր ինքնութեանը ոչինչ այդչափ ոգեշնչում չի պատճառում, որքան հաւատքի եւ հայրենեաց սիրոյ նրանց վկայութիւնը: Հինգերորդ դարում նրանք արիութեամբ դիմակայեցին ահեղ փորձութեանը՝ ունենալով վստահութիւնը, որ մեր ժողովուրդը առյաւէտ սիրով կապուած պիտի մնայ հայրենի իր երկրին եւ Քրիստոսի Սուրբ Անվանը, քանզի «երկնքի տակ չկայ մարդկանց տրուած այլ անուն, որով կարելի լինի, որ մենք փրկուենք» (Գործք Դ 12):
Այսօր Սուրբ Վարդանանք դարերի հեռուից պատգամում են մեզ, որ Քրիստոսով զօրացած եւ հայրենեաց սիրոյ ջերմ զգացումով քաջ ու արդիւնաւոր լինենք մեր սրբութիւնների ու արժէքների պաշտպանութեան եւ մեր հայրենիքի զօրացման ու շէնացման սրբազան մեր պարտքի ու պատասխանատուութեան մէջ: Նրանց յիշատակը կոչում է, որ բազմապատկենք ու միաւորենք մեր ջանքերը՝ յանուն մեր ժողովրդի լուսաւոր ապագայի, յանուն մեր իղձերի, յանուն մեր նահատակ զաւակների, ովքեր Վարդանանց պայծառ ու անմահ ոգով մարտնչեցին եւ զոհուեցին Արցախի համար այս պատերազմում:
Հայցում ենք առ Փրկիչ մեր Տէրը, որ բարեխօսութեամբ Սրբոց Վարդանանց, Իր Սուրբ Աջի հովանու ներքոյ խաղաղ պահի մեր հայրենիքը, պահպանի մեր ժողովրդին սիրով միասնական, ամուր յոյսով ու հաւատքով եւ պարգեւի մեր սրտերին հայրենաշէն ու ազգաշէն ձեռքբերումների ու յաղթանակների ուրախութիւններ: