Տոքթ. ՃՈՐՃ ԲԱՐՍԵՂԵԱՆ
Յարգելի «Ժող ջան»
Որպէս քո հարազատ մասնիկ, իրաւունք եմ վերապահում անմիջականօրէն զրուցելու քեզ հետ։
Նախ իմ պարտքն եմ համարում քեզ տեղեկացնել որ, որոշ անհատներ շահարկելով քո անունը, յայտարարելով թէ քո միակ ընտրեալն են, եւ վայելում են քո «մեծամասնութեան» վստահութիւնը, որպէս բացարձակ լիազօր քո անունով կնքում են գործարկներ, կատարում զիջումներ, երկիրն են մասնահատում, ոգին են խեղադիւրում․․․։ Ես հասկանում եմ որ ժողովրդավարութիւնը եւ դեմոկրատիան, որոշ հարցերու վերաբերեալ ձեւաւորում է «մեծամասնութիւն» եւ «փոքրամասնութիւններ», սակայն այդ «որոշ հարցեր» կոչեցեալը երբեք չի ներառում ազգային անվտանգութիւնը, հայրենիքի ամբողջականութիւնը, հոգեւոր եւ մշակութային արժէքներն ու ազգային արժանապատուութիւնը։ Ժող ջան, ես քո բոլոր բաղադրեալներին մէկ առ մէկ չեմ ճանաչում, չգիտեմ նրանք ովքե՞ր են, քանի՞ հոգի են, ի՞նչ նախասիրութիւններ ունեն, սակայն ենթադրում եմ որ քաղաքական մեծամասնութեան հետեւորդը լինեմ թէ ոչ, ծագումնաբանօրէն եւ պատկանելիութեան առումներով ես իրենց նման պէտք է որ լինեմ, ունենամ նրանց տրամաբանութիւնը, արժանապատուութիւնը, նպատակներն ու երազանքները․ եթէ քո մեծամասնութեան ընտրեալը այն է ով գործում է հիմա, ուրեմն ես արդեն մտածելու տեղ ունեմ՝ կամ ես չեմ պատկանում քեզ, կամ նա ով խօսում ու գործում է քո անունից՝ օտար է մեզ համար ․․․։
Յարգելի Ժող ջան․
Մեր հայրենիքի գործադիր ղեկավարը, յայտարարում է թէ ենթարկւում է միայն քեզ, քեզանից է ստանում իր իշխանութիւնը, եւ միայն քեզ է հաշուետու եւ հնազանդ, հետեւաբար միայն դուն իշխանութիւն ունիս իր եւ իր 83 աշակերտներուն վրայ։ Խնդրում եմ իմ՝ հասարակ ՀՀ մահկանացուիս մտահոգութիւնները փոխանցէ մեր երկրի անձեռնմխելիներին, մի գուցէ հաշուի առնելով քու մեծութիւնը մի պահ մտիկ ընեն ․․․
Նախ՝ խորհրդարանականներին։
Հասկանալի է որ ժողովուրդի վստահութեամբ ձեռք բերուող պաշտօնը, դուք ստացել էք ձեր մարգարէի նշանակումով, հետեւաբար հաշուետու էք միայն այդ պաշտօնը ձեզ տրամադրած վարչապետին, սակայն որոշումները կայացնելու ընթացքին, քուէարկելուց առաջ, օգտագործէք ձեր նախնիներից ժառանգած հազարամեայ Հայու խիղճը, մի պահ օգտագործէք ձեր մաքուր ու անփորձ մատղաշ ուղեղները եւ մտածէք վաղուայ օրուայ մասին․․․ դուք ձեր նստաշրջանը որպէս պատգամաւոր աւարտելուց յետոյ դեռ կեանք ունիք ապրելու մեր երկրում, մեր քաղաքում տան տիրոջ իրաւունքով շրջելու կարիքն ունիք, «հայադ»ի (բակի) «բիսետկա»ների (տաղաւար) կողքով ապահով անցնելու իրաւունքն ունիք, ձեր հարազատների պարանոցների կորութեան եւ ճակատի մաքրութեան մասին մտածէք ․․․
Ապա՝ երկրի անձեռնմխելիին՝
Խորհուրդ ստանալու համար փորձառու մարդու են դիմում, որ ունի տուեալ ոլորտի աշխատանքային փորձ։ Ձեր շուրջ հաւաքել էք երիտասարդ քատրեր որ ի՞նչ, իրենց ո՞ր ապրած կեանքի կամ տարիների աշխատանքի փորձից օգտուէք․․․ Իսկ եթէ նպատակը «խորհրդականներ» անուան տակ, մի խումբ երիտասարդներ հաւաքել, եւ ձեր ձեռքին համապատասխան երկու ձեռք բարձրացնելով «բացարձակ մեծամասնութեամբ» որոշում կայացնել է՝ այդ արդեն ուրիշ բան ․․․
Մինչեւ անձեռնմխելի լինելը ապրել էք որպէս ՀՀ հասարակ քաղաքացի․ այդ ընթացքում ձեր «աւտոյի պերեդոք»-ը (մեքենայի թափք) նորոգելու համար ստոմատոլոգի՞ (ստամոքսաբան) էք դիմել, տանը «կաֆել, մետլախ» (յատակի կամ պատի սալիկ) նորոգելու համար դերձա՞կ էք հրաւիրել․․․ Ինչպիսի՜ ատեկվատ (հաւասարակշիռ) որոշում՝ առողջապահութեան համակարգի գլխում իրաւաբան, կարեւորագոյն դիւանագիտական պաշտօններից մէկը յանձնել լեզուաբանի․․․ Եւ ո՞վ ենք տեսնելու յաջորդ պաշտպանութեան նախարարի պաշտօնում՝ Երեւանի Օփերայի եւ պալետի մենակատար պալետ մայստե՞ր…: