Արցախի Հանրապետության վարելահողերի 75-80%-ը պատերազմի հետևանքով անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` այս մասին փետրվարի 15-ին հրավիրված քննարկման ընթացքում ասաց Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի ղեկավար Արտակ Բեգլարյանը:
«Արցախի վարելահողերի մոտ 75-80%-ը, ինչպես նաև արոտավայրերի մի զգալի մասն անցել է Ադրբեջանի վերահսկողության տակ: Նախնական քննարկում ենք ավելի ինտենսիվ գյուղատնտեսությունը զարգացնելու տարբերակը, օրինակ` ջերմոցների կառուցումը, ինտենսիվ կաթիլային այգիների գործարկումը, դրանք նախագծման փուլում են: Պետությունը խթանելու է ինտենսիվ գյուղատնտեսությունը, ներառյալ` այգեգործությունը»,- ասաց Բեգլարյանը:
Արտակ Բեգլարյանը նշեց, որ նոր կառուցվելիք համայնքներում բնակիչների տները կառուցելու են այնպես, որ տնամերձ հատվածում հնարավոր լինի կառուցել, օրինակ` ջերմոց:
Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի հաշվարկներով` Արցախում այս պահին բնակվում է 105-110 հազար արցախցի, շուրջ 35-40 հազարն էլ դեռևս գտնվում են Հայաստանի Հանրապետությունում: