«Հայրենիք» հասկացությունն ունի աշխարհագրական և հոգևոր իմաստ: Աշխարհագրական իմաստով՝ հայրենիքն այն տարածքն է, որը պատմականորեն պատկանում է տվյալ հավաքականությանը, իսկ հոգևոր տեսակետից՝ այն բնատարածքն է, որը տվյալ ազգի կամ էթնիկ հանրույթի անհատներն ընկալում են որպես իրենց ազգային կամ էթնիկ ինքնության անքակտելի մաս: Այս իմաստով՝ ազգը և հայրենիքը անբաժանելի ամբողջություն են: Հայրենիքն աղերսվում է հայրերի՝ նախնիների հետ. այդ առումով ունի նաև զգայական ենթատեքստ. ենթադրում է մայր հայրենիքի հանդեպ հատուկ, սրբազան զգացմունք, որը զուգակցվում է սիրո, պարտքի գիտակցմանը, նվիրվածությանը և հայրենասի-րությանը: Հայրենիքը փոխանցվում է սերնդեսերունդ: Հայրենիքը սրբություն է: «Հայրենիք», «պետություն», «ծննդավայր» հասկացություններն ունեն տարբեր բովանդակություններ: Որևէ ազգի կամ էթնոսի անդամը կարող է ծնվել ու ապրել իր հայրենիքից դուրս՝ այլ տարածքում, լինել ոչ իր հայրենի պետության քաղաքացին: Այդուհանդերձ, նրա հայրենիքն իր նախահայրերի բնօրրանն է: Այս գիտակցության աղավաղումը հանգեցնում է ազգային-էթնիկ ինքնագիտակցության երկփեղկմանը, որն էլ անխուսափելիորեն տանում է ուծացման և ձուլման օտար հավաքականությունների մեջ: Դարերի ընթացքում Հայոց Աշխարհում ծնվել են այնպիսի քաջազուններ, ովքեր առանց կյանքը խնայելու պայքարել են հայրենիքը շենացնելու, բարգավաճելու ու արտաքին թշնամուց պաշտպանվելու համար: Մեր օրերի հերոսների շարքին է դասվում Ապրիլյան պատերազմի մասնակից, Արցախի Հանրապետության պաշտպանության բանակի զինծառայող, զինված ուժերի կապիտան, 2016 թվականի ապրիլին տեղի ունեցած արցախա-ադրբեջանական կարճատև պատերազմի մասնակից Արմենակ Մեէրսի Ուրֆանյանը:Նրա մասին գրվել ու գրվում և գրվելու են բազմաթիվ մենագրություններ, հուշեր, նկարահանվել են բազմաթիվ հաղորդումներ` ներկայացնելու նրա սխրանքն ու հերոսական ուղին: Բավականին վերջերս իմացա,որ Արցախում լույս է տեսել «Բանակի տղան» գիրքը:Գրքի հեղինակն է երիտասարդ գրող, <<Վարդանանք>> թերթի գլխավոր խմբագիր Վովա Արզումանյանը: Աշխատությունը նվիրված է Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի վառ հիշատակին։ Գրքի էջերում Արմենակն է` իր հերոսական կերպարով։ Նրան նվիրված հեղինակի էսսեները և էտյուդները նույնպես ներառված են այս գրքում ։ Գրքի հեղինակ Վովա Արզումանկանի հետ կայացած հարցազրույցը սիրով ներկայացնում եմ իմ ընթերցողին:
— Վովա նախ և առաջ, թույլ տվեք շնորհավորել Արմենակ Ուրֆանյանին նվիրված գրքի հրատարակվելու առիթով, որի հեղինակը Դուք եք:
-Շատ շնորհակալություն:
—Ինչպե՞ս ծնվեց Արմենակ Ուրֆանյանին նվիրված գիրք ստեղծելու գաղափարը:
-Քանի որ ես Արցախում եմ ապրում ու այդտեղի զավակ եմ, իմ հարգանքի տուրքն եմ մատուցում մեր հերոսներին, ու ոչ մեկին չեմ բաժանում իրարից: Ուզում էի, որ Արմենակի սխրանքն արժանավույն գնահատվի և դա արեց Արցախի նախագահը՝ նրան շնորհելով Արցախի հերոսի բարձրագույն կոչում: Եվ ես ուրախ եմ, և պարտավորված, որ Արցախի հերոսի կոչումը կրող հերոսի մասին եմ գիրք գրել: Այսպիսի միտք ունեի, որ մեր հերոսներին նվիրված ինչ-որ գիրք լույս ընծայեմ ժամանակի ընթացքում, որպեսզի նվիրեի նրանց հիշատակին, քանի որ նրանց սխրանքի արդյունքն է, որ այսօր մենք կանք։ 2016 թվականի ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ամեն ինչ փոխեց: Եվ Արմենակն ինձ համար դարձավ հայրենապաշտության չափանիշ, և այդպես էլ որոշեցի նրան նվիրված գիրք գրել, քանի որ նա արդարև լեգենդար հրամանատար էր և լեգենդար մարդ էր նախևառաջ:
-Արդյոք երբևէ հանդիպել եք Արմենակ Ուրֆանյանի հետ: Ինչ հետաքրքիր դեպք կպատմեք նրա կյանքից
-Ցավոք Արմենակի հետ կենդանի շփում չեմ ունեցել, նրա հետ հանդիպել ենք երեքով` ես,երկինքը և գրիչը: Եվ այդպես էլ ծնվեց գիրքը` նրա հետ խոսելով, նրա նկարներին նայելով, հայացքի մեջ ժպիտ որոնելով, ամեն պատմածի հետ վերապրելով ու իսկապես նրա հերոսական կերպարի մեջ հոգեպես լուսավորվելով։ Նրա լեգենդար զինվորական կեցվածքը ինձ ուղեկցեց բոլոր հանդիպումներում,երկրից դեպի երկինք:
—Մի քանի բառով բնութագրեք գիրքը և գրքի վերնագիրը:
— Գրքում տեղ են գտել հարցազրույցներ, իմ հեղինակային էսսեները,էտյուդներ պատմվածքներ, որտեղ Արմենակի մոր զգացմունքներն են և իմ ապրելու և արարելու կամքը` նրա արյունով սրբացված հողում։ Ես իմ խոսքով փորձել եմ ամբողջացնել ու ստեղծել Արմենակի կերպարը, որպեսզի նրան չճանաչողները ճանաչեն ու նրա հոգու անդորրությունը չզգացող մարդիկ զգան: Ես իմ գրած տողերը վերընթերցելու ժամանակ կարծես նա ինձ այնքան մոտիկ լինի, որ ասեմ.
Իսկ ինչ վերաբերում է վերնագրին, ապա կարող եմ ասել, որ այն կապված է նրա խոսքերի հետ, երբ մի օր նա մորն ասեց. <<Ես քո տղան չեմ, ես բանակի տղան եմ>>:
-Ներկայացնելու եք այն զորամասերում: Արդյոք կազմակերպվելու է գրքի շնորհանդեսը։
Այո, գիրքը ինձ թվում է մեծ տարածում կգտնի, որովհետև մինչև հրատարակելն էլ շատ էր մարդկանց հետաքրքրվածությունը։ Գրքի շնորհանդեսը կլինի, բայց նախապես չեմ ցանկանում տեղեկություններ տալ։ Ամեն ինչ` իր ժամանակին։ Գիրքը կտարածվի նաև զորամասերում։
—Պատրաստվո՞ւմ եք այն թարգմանել նաև այլ լեզուներով:
Միանշանակ, այդպիսի միտք ունեմ, և , կարծում եմ, որ դա այդքան էլ չի ուշանա, չնայած լայնածավալ աշխատանք է պահանջում ու շատ պատասխանատվություն։
— Ժամանակը նոր Արմենակներ կբերի՞…
-Արմենակն արդեն Արցախի հերոս է ։ Կարծում եմ, եթե նրա սխրանքի մասին սերունդները շատ կխոսեն։ Արմենակներ կծնվեն, բայց երազում եմ, որ խաղաղություն լինի մեր երկրում։Արմենակը մի անգամ ծնվեց, հերոսացավ ու հավերժ կապրի …
-Արմենակը , եթե կենդանի լիներ, ի՞նչ կասեիք առաջինը…
-Արմենակը միշտ ապրում է … « Արմեն, էս դու ինչ հզոր ես , ախպերս…»։ Անցյալով խոսել չի ստացվում, կներեք։
-Օգոստոսի 30-ին դուք դիրքեր այցելեցիք` Արմեն Ուրֆանյանի մայրիկի` տիկին Համեստի հետ։ Ինչպիսի՞ օր ունեցաք։
—Օգոստոսի 30-ը կարելի է համարել պատմական օր Ուրֆանյանների ընտանիքի համար, քանի որ լեգենդար կապիտան Արմենակ Ուրֆանյանին «Արցախի հերոս» բարձրագույն կոչում շնորհելու հաջորդ օրը մայրն է այցելել առաջնագիծ , որտեղ էլ հերոսացել է Արմենակը։ Լրագրողներիս և զինվորականների ուղեկցությամբ մարտական դիրքում շրջելուց հետո, Արցախի հերոս Արմենակ Ուրֆանյանի մայրը` տիկին Համեստն անկեղծացավ. «Կարծես որդիս այստեղ լինի, ես զգում եմ նրա ներկայությունը։ Բայց մի կողմից էլ չեմ հավատում, որ նա էլ չկա»։ Զինվորները հյուրերին սուրճ հյուրասիրեցին, իսկ տիկին Համեստն իր մայրական խորհուրդները հղեց։ Ամեն մի զինվորի հայացքում կյանք կար` հայրենասիրությամբ լեցուն։ Քանի որ դիրքում հերոսացել են մեր տղաները, նրանք սրբությամբ են մոտենում ամեն ինչին։ Կարծես մի գիտակցում է հետապնդում, որ հայրենի հողը միշտ սրբությամբ պետք է պահել ու պաշտպանել։ Նրանք ընկան հայրենիքի համար… Նրանք հայրենիքինն էին… Այդ օրը մեզ հետ նաև ճանաչված ու սիրված լրագրող Լուսինե Զաքարյանն էր, ով 12 տարի է լուսաբանում է բանակային կյանքը։
Գարիկ Ավետիսյան