Չորեքշաբթի, 18 Սեպտեմբերի, 2024
- Գովազդ -spot_img

Լազերային Պատերազմում Հայաստանի Պարտութիւնը Ցնցող Փարատոքս Է, Որը Հնարաւոր Է Հետ Փոխել

- Գովազդ -spot_img
spot_img

ԽՄԲԱԳՐԻ ԸՆՏՐԱՆԻ

ԴՈԿՏ. ԱՐՇԱՒԻՐ ԿԷՕՆՃԵԱՆ

            Աւարտուեց  2020 թուականը: Հայոց աշխարհը դեռեւս գտնւում է թուրք- ատրպէյճանական կոալիցիայի զաւթողական ուժերի պատճառած աննախադէպ նուաստացուցիչ պարտութեան ցնցումի ներքոյ: Պատերազմը սկսեց յանկարծակի, Սեպտեմբերի 27-ին, սակայն այն ակնկալելի էր՝ հաշուի առնելով Հայաստանի եւ Արցախի սահմանների մօտ դրանից քիչ առաջ անցկացուած եւ մեծապէս ծանուցուած ատրպէյճանա-թուրքական համատեղ զօրավարժութիւնները: Հայաստանի համար զարմանալի չպէտք է լինէր նաեւ այն հանգամանքը, որ զաւթիչները յաջողութեամբ գործի դրեցին գերարդիական ռազմական տեխնոլոգիա, որն էլ գլխաւոր պատճառը դարձաւ մարդկային եւ տարածքային ցաւալի կորուստների:

            Ներկայ յօդուածի նպատակն է կեդրոնանալ ողբերգական այս պատերազմի հիմնական ձախողումներից մէկի վրայ, որն ունի բազմապիսի՝ գիտական, տեխնիկական, տնտեսական եւ ռազմական ենթատեքստեր: Ճիշդ կը լինի, որ Հայաստանը լուրջ ընդունի այդ ենթատեքստերը եւ պատրաստ լինի դրանք անշեղօրէն ընդգտկելու իր հետագայ վերակառուցողական ծրագրերում: Հայաստանը պարտաւոր է ժամանակակից տեխնոլոգիաների կիրառմամբ գերարդիական զինատեսակների արտադրութիւնը դարձնել արդիւնաբերութեան բնագաւառում իր յառաջիկայ հինգ տարիների ծրագրի կենտրոնական բաղկացուցիչ մասը:

            Նման ծրագրի որդեգրումը խիստ իրագործելի է: Դա իրականում վերադարձ է լինելու դէպի ֆիզիկայի բնագաւառի այն եզակի հարուստ կենսափորձը, որը Հայաստանը ձեռք էր բերել, երբ Խորհրդային Միութեան փոքրագոյն հանրապետութիւնն էր: Այդ ժամանակ մեր հայրենիքը դարձել էր գիտական ուսումնասիրութիւնների եւ զարգացման խորհրդային կենտրոններից ամենակենսունակն ու ամենագնահատուածը: Ասում են, որ Հայաստանն այդ տարիներին ապահովում էր Խորհրդային Միութեան բարձր տեխնոլոգիաների ռազմական կարիքների մօտ կէսը, եւ դա ընդամէնը 30 տարի առաջ՝ նախքան անկախութիւն ձեռք բերելը 1991-ին:

            Որդեգրելով նման քաղաքականութիւն՝ Հայաստանը շատ շուտով կը դառնայ ոչ միայն իր սահմանների անվտանգութեան տէրն ու երաշխաւորը, այլեւ գերարդիական զէնքերի միջազգայնօրէն փնտռուած մատակարարը, ինչն իր հերթին կը նպաստի երկրի տնտեսական բարգաւաճմանը:

            Ցաւալի է, որ 1991-ի անկախութիւնից յետոյ Հայաստանի իրարայաջորդ կառավարութիւնները չկարողացան հասկանալ եւ պատշաճօրէն գնահատել, թէ մարտավարական ինչպիսի հարուստ ժառանգութիւն էին ձեռք բերել յանձին ընդհանրապէս բարձրակարգ կրթական համակարգի եւ մասնաւորապէս ֆիզիկայի բնագաւառի փորձագիտական արհեստավարժութեան, որն էլ անմիջական կապ ունէր ռազմարդիւնաբերութեան հետ: Իրականում, դժբախտաբար, 1991-ից ի վեր բոլոր տեսակի գիտութիւններն ու արուեստները կորցրել են խորհրդային ժամանակաշրջանում վաստակած կարեւորագոյնը լինելու իրենց առաջնահերթութիւնները:

            Պատկերացրէք, թէ ինչ կը լինէր, եթէ վերջին մի քանի տասնամեակների Հայաստանի ազգային ռազմավարական ծրագիրը ներառած լինէր անցեալի այդ ամբողջ հարստութեան հնարաւոր շարունակութիւնը: Այնժամ 44-օրեայ այս պատերազմի ընթացքում հայաստանեան հզօր լազերային հրանօթները տեղեկայուած կը լինէին Հայաստանի եւ Արցախի սահմաններին եւ բառացիօրէն կը փոշիացնէին թուրք-ատրպէյճանական անօգնական ԱԹՍ-ները, որոնք կը փորձէին ներթափանցել մեր հայրենիքի օդային տարածք: Նաեւ հակառակ տեղի ունեցածին, հայկական բանակի ԱԹՍ-ները՝ յագեցած բարձրորակ, խելացի, ճշգրիտ եւ դիպուկ հարուածային լազերային սարքաւորումներով, կը կարողանային թիրախաւորել թշնամու զօրքի առաջխաղացումները եւ իրենց բազաներում ջախջախել նրանց ԱԹՍ-ները՝ խուճապ առաջացնելով զաւթարար թուրքերի շարքերում:

            Նման սցենարը բոլորովին էլ երեւակայական չէ: Դա որոշակիօրէն կարող էր իրականանալ, եթէ Հայաստանի իրարայաջորդ վարչակազմերը ճիշդ գնահատէին մեր հարեւանների ռազմական ախորժակներն ու գործողութիւնները եւ առաւել լուրջ վերաբերուէին գնալով սաստկացող գոյութենական վտանգին, որ սպառնում էր մեզ վերջին մի քանի տարիների ընթացքում:

            Ի դէպ, մահացու զինատեսակներից մէկը, որի վրայ Թուրքիան եւ Ատրպէյճանը յենւում էին այդ տարիներին, հէնց մարտական լազերային տեխնոլոգիաներն էին: Դրանք մաս էին կազմում այն առաջաւոր տեխնոլոգիաների եւ փորձագիտական հարուստ «գանձարանի», որի ստեղծմանը մասնակից էր Հայաստանը մինչեւ 1991 թուականը, այսինքն՝ շատ աւելի վաղ, քան հարեւան երկու պետութիւնները: Փարատոքսն այն է, որ հէնց թուրքական, լազերային սարքաւորումներն են (լազերային ԱԹՍ-ները), որ ծնկի բերեցին մեր հերոս զինուորներին:

            Լազերի յայտնուելը 20-րդ դարի երկու էական եւ սենսացիոն գիտական յայտնագործութիւններից մէկն է: Երկրորդը ատոմային էներգիայի գիւտն էր: Երկուսն էլ հիմնուած են անցեալ դարաշրջանի սկզբում Էնշտեյնի յայտնաբերած ֆիզիքական երեւոյթների վրայ, որոնք սկսեցին գործադրուել միայն դարի կէսերին:

            Ըստ էութեան, լազերը խիստ ուղղորդուած, բարձր յաճախականութեան էլեկտրամագնիսական ճառագայթման (պարզ խօսքով՝ լոյս) աղբիւր է: Լազերային լոյսի եւ արեւից կամ այլ աղբիւրներից ստացուող սովորական լոյսի միջեւ տարբերութիւնն այն է, որ վերջինիս դէպքում լոյսի մասնիկները՝ քուանտները տատանւում են պատահական եւ ոչ-սինխրոն, իսկ լազերային լոյսի դէպքում՝ հակառակը՝ համաժամեցուած «սինխրոնացուած»: Դրանց սաստկութիւնը «ինտենսիւութիւնը» գումարւում է՝ արդիւնքում առաջացնելով կուրացնող պայծառութեան եւ, անհրաժեշտութեան դէպքում, կործանող ու մահացու ուժգնութեան համահունչ «կոհերենտ» ճառագայթ:

            Լազերային լոյսի բաւական պարզ թուացող այս յատկանիշը լազերի կիրառման անհաւանական մեծ դիապաւլոն է ստեղծում, ինչը նախկինում վերագրւում էր ֆանտաստիկայի ժանրին: Այժմ տարբեր տեսակի լազերային սարքերն իրենց չափերով կարող են լինել միլիմետրի կոտորակային մասից սկսած մինչեւ մի քանի քիլոմեթր երկարութեան: Կիրառման տեսակէտից դրանք կարող են նախատեսուած լինել տարբեր սարքերի համար՝ աչքի վիրահատութեան բարձր ճշգրտութեան, նուրբ գործիքներից սկսած մինչեւ տեղեկութիւն կրող ճառագայթների բարձր թողունակութեան օպտիկական մանրաթելային մալուխներ, որոնք տեղակայուած են ովկիանոսի յատակում: Այս սարքերը կարող են ներառել նաեւ բազմակիլովատ հզօրութեան դաժան լազերային հրանօթներ, որոնք տեղադրւում են զրահամեքենաների վրայ, որոնք էլ իրենց հերթին կարող են հետապնդել եւ բառացիօրէն այրել եւ վերացնել ինչպէս թռչող դրոններ, այնպէս էլ ռազմադաշտում տեղակայուած անշարժ ռազմական թիրախներ:

            Առաջին լազերները գործնականում յայտնուեցին 1960-ականներին, արեւմուտքում եւ արեւելքում գրեթէ միաժամանակ: Լազերի հայրերը են համարւում Թէոդոր Մէյմանն ու Չարլզ Թաունզն արեւմուտքից եւ Միխայիլ Պրոխորովն ու Նիկոլայ Քասովը Խորհրդային Միութիւնից:

            Մենք՝ հայերս, կարող ենք հպարտութեամբ նշել, որ Հայաստանի գիտնականներն առաջիններից էին աշխարհում, որ մուտք գործեցին այս նոր ու հետաքրքրաշարժ ոլորտ՝ լինելով խորհրդային գիտական աշխարհի անբաժան մի մասը:

            Միքայէլ Տէր-Միքայէլեանին է պատկանում խորհրդային առաջին կոմերցիոն/առեւտրային լազերի մշակումը 1965 թուին: Դրանից քիչ անց՝ 1967-ին, նա հիմնադրել է Երեւանից մօտ 30 քմ. հեռու՝ Աշտարակում գտնուող յայտնի ֆիզիքական հեռազօտութիւնների ինստիտուտը (ՖՀԻ): Տարիների ընթացքում ՖՀԻ-ն եւ հետազօտական այլ կենտրոններ եւ խմբեր Հայաստանը դարձրին ժամանակակից լազերային տեխնոլոգիաների օրրան, որի նախագծերը կիրառութիւն ստացան ոչ միայն Հայաստանում, այլեւ Խոհրդային Միութիւնում եւ ամբողջ աշխարհում:

            Արեւելքում եւ արեւմուտքում լազերները լայն կիրառում ստացան հետազօտական, բժշկական, արդիւնաբերական եւ այլ ոլորտներում: Լազերային զէնքի կործանարար ներուժը, որը մինչ այդ միայն գիտաֆանտաստիկ ժանրի գրողների եւ մուլտիպլիկատորների երեւակայութեան արդիւնք էր համարւում, անխուսափելիօրէն եւ շատ արագ յայտնուեց զինուորականների ուշադրութեան կենտրոնում:

            Աւելորդ է նշել, որ այդ ընթացքում եւ նոյնիսկ մինչեւ վերջերս թուրքերն ու ատրպէյճանցիները չկային լազերային հետազօտութիւնների համաշխարհային քարտէզի վրայ:

            Ցաւօք, 1991 թ. Հայաստանի անկախութեան վերահաստատումից յետոյ Գիտութիւնների ազգային ակադեմիան եւ շատ մասնագիտացած ինստիտուտներ դուրս մնացին երկրի առաջնահերթութիւնների ցանկից: Մինչ օրս դրանք գոյատեւման պայքար են մղում՝ կապեր հաստատելով արտասահմանեան ընկերութիւնների եւ կազմակերպութիւնների հետ եւ որոնելով դրամաշնորհներ արտաքին աղբիւրներից: Այսպիսով, գիտութեան զարգացմանն ուղղուած ազգային ռազմավարութեան բացակայութեան պայմաններում, թէպէտ որոշ որակեալ գիտական գործունէութիւն այդուհանդերձ ծաւալւում է, սակայն դա բնաւ չի կրում որեւէ ռազմավարական ուղղորդուածութիւն: Հայաստանի հզօրագոյն ուղեղներից շատերը, աստիճանաբար լքելով երկիրը, դարձան բարձր գնահատուած եւ պահանջուած ռեսուրս հիմնականում արեւմտեան գիտական եւ արդիւնաբերական շրջանակներում: Լինելով լազերային ոլորտի գիտաշխատող եւ դրա զարգացումներին նուիրուած հետեւորդ՝ 1991 թուից յետոյ Հայաստանի կատարած իմ յաճախակի այցելութիւնների ընթացքում (կապուած բոլորովին այլ՝ ազգային հարցերի հետ) ես ցաւով ականատես էի լինում այս իրողութեանը: Սակայն այդ ժամանակ Հայաստանի իշխանութիւններն առաւելապէս զբաղուած էին Խորհրդային ռեժիմի հետքերը վերացնելու գործով:

            Այնինչ ճակատագրի հեգնանքով, Հայաստանի հարեւան եւ ոխերիմ թշնամի Թուրքիան, յատկապէս 2010-ականներին, զբաղուած էր բաց թողածը լրացնելով: Թուրքիայի ռազմաշունչ նախագահ Ռեճեպ Թայիպ Էրտողանը որոշել էր լցնել իր ռազմական գանձարանը նորագոյն տեխնոլոգիաներով յագեցած սպառազինութեամբ: Էրտողանն արագ ըմբռնել էր այն հսկայական մարտավարական առաւելութիւնները, որ ժամանակակից պատերազմում տալիս են գերճշգրիտ նշանակութեան լազերային սարքերով զինուած մարտական ԱԹՍ-ները, ինչպէս նաեւ ցամաքային զրհամեքենաների վրայ տեղադրուած օպտիկական կառավարման հզօր լազերային հրանօթները:

            Անշուշտ, Էրտողանը ժամանակ չէր կորցնի գիտահետազօտական աշխատանքներ իրականացնելու վրայ: Նա պարզապէս գերադասեց գնել տեխնոլոգիան՝«նոու-հաուն», եւ անհրաժեշտ մարդկային ռեսուրսները՝ զէնքի տեղական արտադրութիւն հիմնելու համար: Իսկ պակասող մասերը որոշեց գնել արտերկրի մատակարարներից, որոնք պատրաստակամ էին շահութաբեր գործարքներ կատարել վճարունակ գնորդի հետ: Այժմ Թուրքիան արտադրում է իր «Պայրաքթար tb2» հարուածային ԱԹՍ-ները «Պայքար» ընկերութիւնում, որի սեփականատէրն  Էրտողանի փեսան է: Այդ դրոնները զինուած են L3 Harris Wescam գանատական ընկերութիւնից գնուած լազերային նշանակութեան համակարգերով:

            Իսկ զրահամեքենաների վրայ տեղադրուած թուրքական հակադրոնային լազերային հրանօթներն արտադրում է թուրքական «Ասելսան» ընկերութիւնը: Եւ վստահաբար, հէնց այս սարքաւորումներն են օգտագործուել թուրք-ատրպէյճանական տանդեմի կողմից Արցախի դէմ մղուած պատերազմում:

            Կարեւոր է նշել, որ, քանի որ լազերային սարքաւորումների արտադրութիւնը մեծ ներդրումներ չի պահանջում, Թուրքիայի՝ այս ոլորտին տրամադրած պիւտճէն ընդամէնը 450 միլիոն տոլարի կարգի է: Սակայն, ինչպէս իրաւամբ նշել է Էրտողանը, այդ փոքր ծախսով արտադրուած զէնքերն ունակ են թշնամուն պատճառելու միլիարդաւոր տոլարների հասնող վնաս:

            Հայերը շատ դասեր պէտք է քաղեն պատերազմից: Բայց գերագոյն խնդիրը ֆիզիքական գոյատեւումն է, որը պահանջում է պաշտպանութեան համակարգի ամբողջական վերակազմաւորում: Ստորագրուած յայտարարագրով ենթադրաբար ապահովուոյ հնգամեայ հրադադարի ընթացքում Հայաստանի գլխաւոր առաջնահերթութիւնը պէտք է լինի կառուցել առաջնակարգ բանակ՝ զինուած ժամանակակից հզօր ռազմական տեխնիկայով:

            Մի կողմից, Հայաստանում՝ այսօր քաղաքական առումով անպատասխանատու եւ աններելի կը լինի շարունակել ժամանակ վատնել փողոցներում՝ քաղաքական եւ քաղաքացիական ապարդիւն եւ ոչ արդարացուած անհնազանդութեան գործողութիւնների վրայ: Հաշուի առնելով, որ ներկայ կառավարութիւնը կորցրել է ժողովրդի վստահութիւնը եւ գործելու արդիւնաւէտութիւնը՝ պէտք է ձեւաւորուի ազգային հաշտեցման եւ միաւորման անցումային կառավարութիւն, նախընտրելի է՝ ներկայ իշխանութիւնների հետ համագործակցելով: Այդ կառավարութեան առաջին հրամանը պէտք է լինի՝ պատրաստուել մէկ տարուց պակաս ժամկէտում ընտրութիւնների միջոցով ընտրելու նոր ազգային ժողով եւ նոր կառավարութիւն, որն իր վրայ չի կրի կապիտուլացիայի խարանը:

            Միւս կողմից, վերոյիշեալին զուգահեռ, պէտք է առնուազն կազմաւորուի առանձին ազգային մարմին՝ տնտեսական եւ տեխնիկական փորձագէտների յատուկ կոմիտէ՝ տնտեսական եւ ռազմական վերակառուցման հնգամեայ պլան մշակելու նպատակով: Պլանի հիմնաքարերից մէկը պէտք է լինի գերարդիական ռազմարդիւնաբերական համակարգի ստեղծումը:

Հայաստանը դեռեւս ունի անհրաժեշտ բարձր մակարդակի ինտելեկտուալ ներուժը, տեխնիկական գիտելիքները եւ ենթակառուցուածքը, որոնք այդ պլանի բարեյաջող իրագործման գրաւականներից են: Ինչ վերաբերում է միւս գրաւականին՝ ֆինանսաւորմանը, ապա, նկատի ունենալով, որ նախատեսուող արտադրութեան տեսակը դրոնային եւ լազերային սարքաւորումներն են, անհրաժեշտ պիւտճէ կը լինի մատչելի՝ մի քանի հարիւր միլիոն տոլարի սահմաններում:

            Այս ոլորտում Հայաստանի արտադրանքը խոստանում է լինել մրցունակ եւ համապատասխանել որակի բարձրագոյն միջազգային չափանիշներին: Այն վստահաբար անմիջապէս կը գրաւի միջազգային ներդրողների ուշադրութիւնը: Ամէն դէպքում, հիմնուելով արցախեան պատերազմի փորձառութեան վրայ եւ ունենալով իրատեսական ծրագիր, վստահելի ղեկավարութեան ներքոյ, ինչպիսին կարող է ապահովել, օրինակ, ներկայ նախագահ Արմէն Սարգսեանը՝ այդ ծաւալի ֆինանսաւորումը հնարաւոր կը լինի ձեռք բերել՝ հիմնուելով թէկուզ ռուսաստանեան եւ միջազգային սփիւռքի հայկական աղբիւրների վրայ: Դա կարող է կատարուել երկարաժամկէտ ներդրումների սկզբունքով:

            Մենք պէտք է գիտակցենք, որ ներկայումս Հայաստանի պետականութեան գոյութիւնն է վտանգուած եւ պէտք է համախմբենք մեր ոյժերը: Հայաստանում հայերը պէտք է սթափուեն, իսկ սփիւռքում պէտք է անեն հնարաւոր ամէն ինչ օգնելու Հայաստանը վերադարձնելու բնականոն կեանքի եւ բարգաւաճման՝ ստեղծելով ամենախելացի, ամենաարդիւնաւէտ լազերային կործանիջ մարտական համակարգ, որը եկէք կնքենք «Սասունցի Դաւիթ» անունով:

            Այդ պահից սկսած, ով էլ լինի թշնամին՝ թուրքը, ատրպէյճանցին թէ մէկ ուրիշը, ստիպուած կը լինի լաւ մտածել նախքան մեր սահմանները խախտելը: Փոխարէնը, կարող է նոյնիսկ հերթի կանգնել՝ գնելու հայկական արտադրութեան գերարդիական զէնքերը:

Ծանօթ.  Դոկտ. Արշաւիր Կէօնճեան գանատահայ անուանի գիտնական մըն է: Ան բեղուն վաստակ ունի իբրեւ գիտական հետազօտող եւ հնարիչ: Ներկայիս ան հանգստեան կոչուած է Մոնթրէալի Մք Կիլ համալսարանէն ուր կը դասախօսէր Electrical Engineering-ի բաժնին մէջ: Գիտական ուսումնասիրութիւններ հրատարակած է high-power laser detection and damage-ի հետազօտութեանց մէջ: Ան երկար տարիներ գլխաւորած է պետական Laser Equipment Canadian Subcommittee of the international Electrotechnical Commission-ը: Իր գիտական մասնագիտութեան մէջ ունի աւելի քան քսան գիտական փաթեթներ:

Իր մասնագիտութեան կողքին Կէօնճեան ղեկավար դիրքերով մատուցած է ազգային ծառայութիւն՝ ՌԱԿ-ի, ՀԲԸՄ-ի եւ Հայց. Եկեղեցւոյ ծիրէն ներս:

Անգլերէնից թարգմանեց՝

ՅԱԿՈԲ ԾՈՒԼԻԿԵԱՆԸ

«The Armenian Mirror-Spectator» թերթից       

Secure Your Child’s Place at
DREAM BRIDGEMAN ACADEMY

Dream Bridgeman Academy is an international school in Yerevan deploying the Oxford International Curriculum under the supervision and evaluation of Oxford University Press.
It caters for children between the ages of 1.5 yrs to 6 yrs.
Book your tour and secure your place now.
Phone: +374 93 703005
www.bridgeman.am

spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img
- Գովազդ -spot_img

Ara D. Kassabian CPA, based in Glendale, California, provides a full range of tax preparation, accounting and bookkeeping services, either in your facility or at our location. Making it quick and easy to file your taxes.

spot_img

Զօրակցիր Զարթօնք Օրաթերթին

ԼՐԱՀՈՍ

Pyro Drone is the leading source of professional FPV drone racing parts, gear, and accessories. We strive our best to deliver the latest and most reliable FPV gear available on the market. Bringing the highest quality at an affordable price, our flagship Hyperlite line is amongst the most competitive FPV drone racing parts in the industry. For FPV racing frames, motors, batteries, straps, and more - Pyro Drone is truly your one stop shop for all things in drone racing!

spot_img
spot_img