Լոյս է տեսել Հրանուշ Հրանտի Յակոբեանի ‹‹Յիշում ենք եւ Պահանջում›› վերտառութեամբ ծաւալուն /840 էջ/ գիրքը։
Աշխատութիւնն ամփոփում է հեղինակի գիտական, հրապարակային զեկուցումները, ելոյթները, որոնք հիմնականում նուիրուած են Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի նախապատրաստմանը, տարածաշրջանային յանձնախմբերի հետ ՀՀ սփյուռքի նախարարութեան աշխատանքներին։
Աշխատութեան մէջ ներկայացուած են նաեւ Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցին նուիրուած միջոցառումները համակարգող պետական յանձնաժողովի գործունութիւնը, նիստերին հեղինակի ելոյթները, որոնք հիմնականում վերաբերում են Սփիւռքի տարբեր տարածքներում կատարուած աշխատանքներին։
Անդրադարձ է կատարուել Հայոց ցեղասպանութեան 100-րդ տարելիցի Համահայկական հռչակագրին, դրա բովանդակութեանն ու հիմնական սկզբունքներին, ինչպէս նաեւ համապետական, համահայկական հնչեղութիւն ունեցող ձեռնարկներին, դրանց նշանակութեանը։
Գրքում տեղ է գտել նաեւ հեղինակի «Հայկական սփիւռքը յարափոփոխ աշխարհում» գրքի այն հատուածը, որը նուիրուած է ցեղասպանութեանը` ‹‹Հայոց ցեղասպանութիւնից 100 տարի անց›› խորագրով։
Հեղինակն իր բոլոր ելոյթներում ընդգծում է, որ Օսմանեան կայսրութեան կողմից պետականօրէն ծրագրուած եւ իրականացուած Հայոց ցեղասպանութիւնը, միջազգային իրաւունքին համապատասխան, վաղեմութեան ժամկէտ չունի եւ երիտասարդութեանը, եկող սերունդներին կոչ է անում շարունակելու պայքարը հայութեան ոտնահարուած իրաւունքների վերականգնման, արդարութեան յաղթանակի եւ ցեղասպանութիւնների կանխման համար։
Հրանուշ Յակոբեանը Հայոց ցեղասպանութեան ճանաչման, դատապարտման եւ հետեւանքների վերացման ուղղութեամբ հայ ժողովրդի պայքարի շարունակութեան վերաբերեալ ներկայացրել է գիտագործնական, կազմակերպչական բնոյթի բազմաթիւ առաջարկներ, հարցադրումներ, ձեւակերպել երաշխաւորութիւններ, որոնք կարող են օգտագործուել Հայկական Սփիւռքում եւ Հայրենիքում։
Աշխատութիւնը նախատեսուած է հասարակական-քաղաքական գործիչների, ուսանողների, մագիստրոսների, ասպիրանտների, սփիւռքեան կառոյցների ղեկավարների, ներկայացուցիչների, սփիւռքագէտների, նաեւ ընթերցողների լայն շրջանակի համար։ Աշխատութիւնը հրատարակութեան է երաշխաւորել ՀՀ գիտութիւնների ազգային ակադեմիայի /ԳԱԱ/ Պատմութեան ինսթիթութի գիտական խորհուրդը։