Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը շնորհավորել է լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին՝ 70-ամյա հոբելյանի առիթով։ «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի բաժնից։
«Հարգելի΄ Միքայել Գրիգորիի
Ի սրտե շնորհավորում եմ Ձեզ՝ ծննդյան 70-ամյա հոբելյանի առիթով: Այդ տարիները Ձեր և մեր հարստությունն են, քանի որ Դուք, լինելով բարձրակարգ լրագրող, մեծ ներդրում եք ունեցել Արցախի լրագրողական համայնքի կայացման գործում: Երկար տարիներ ղեկավարել եք խորհրդարանի լրատվական ծառայությունը: Եղել եք ռադիոյի ադրբեջանական ծառայության հիմնադրման ակունքներում, որը և ղեկավարում եք այսօր»,- նշել է Արթուր Թովմասյանը:
Նա հավելել է, որ Արցախին պատուհասած պատերազմներն անդառնալի ու վշտալի սուրհանդակներ են ուղարկել հայ ընտանիքներ, և ցավով ընդգծել, որ այդ վշտին հաղորդակից է եղել նաև Միքայել Հաջյանի ընտանիքը, այն էլ՝ երկակի: «Սակայն, դեռևս կանգնած լինելով արցախյան ազգային-ազատագրական պայքարի ակունքներում և Արցախին վիճակված ճակատագրի կերտման ճանապարհին, դուք ամենայն տոկունությամբ և զսպվածությամբ շարունակում եք Ձեր ամենօրյա նվիրվածությամբ ապրել ու արարել հանուն Արցախի:
Թող Ձեր զավակների չապրած տարիները վայելեն Ձեր թոռները, որոնք, թերև , պապիկի միակ մխիթարանքն ու նեցուկն են»,- մաղթել է Արցախի ԱԺ նախագահը:
Նրա խոսքով՝ Միքայել Հաջյանին հաջողվել է ապրել ու արարել, լույսի ու հավատի կանթեղներ վառել և լրագրողի ստեղծագործ ու բեղուն գործունեությամբ, մարդկային լուսավոր կերպարով, ազգային վառ ու առաքինի նկարագրով հանրության համար դառնալ հարգելի ու ակնածանքի արժանի կերպար:
«Ապրե’ք երկար, ապրե’ք ստացածն աշխարհին վերադարձրած մարդու հոգեպարար ինքնազգացումով, որովհետև այն ինչ կերտել եք մարդու և աշխարհի հանդեպ տածած ազնիվ սիրով էր ու թող կրկնակին հատուցվի Ձեզ»,- եզրափակել է ԱՀ ԱԺ նախագահը լրագրող, հրապարակախոս Միքայել Հաջյանին հղված շնորհավորական նամակում։