Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետանքները վերացնելու, Արցախի Հանրապետության մայրաքաղաքի զարգացման, ենթակառուցվածքների բարելավման ծրագրերը հնարավորինս արագ ու արդյունավետորեն իրականացնելու համար անհրաժեշտ է նաև մասնավոր հատվածի ակտիվ ներգրավում:
«Արմենպրես»—ի հաղորդմամբ՝ այս մասին «Ֆեյսբուքի» իր էջով հայտարարություն է տարածել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանը:
«Յուրաքանչյուր ֆիզիկական կամ իրավաբանական անձ կարող է իր լուման ներդնել Արցախի Հանրաետության մայրաքաղաքի կենսագործունեության մակարդակի բարձրացման հայրենաշեն գործում: Բոլոր սրտացավ մարդիկ կարող են գումար փոխանցել հատուկ այդ նպատակով ստեղծված` Ստեփանակերտի աջակցման հիմնադրամին, որի հիմնական նպատակը` 2020թ. սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի ընթացքում Ստեփանակերտի ռմբակոծության հետևանքները վերացնելն է:
Բացի այդ, աջակցության հիմնադրամի միջոցները նախատեսվում է նպատակաուղղել Ստեփանակերտի բնակչության և պատերազմի հետևանքով թշնամուն անցած բնակավայրերից հարկադիր տեղահանվածների կարիքները հոգալուն, զոհված և անհայտ կորած անձանց ընտանիքներին, ինչպես նաև աշխարհազորայինների, կամավորների, սոցիալապես անապահով, բազմազավակ ընտանիքներին ու հաշմանդամություն ունեցող անձանց աջակցելուն, սոցիալ-կենցաղային և այլ ծրագրերի իրագործմանը, Ստեփանակերտի բարեկարգմանն ու բարգավաճմանն ուղղված ծրագրերի իրականամանը, քաղաքապետարանին ենթակա հիմնարկ-ձեռնարկություններին աջակցելուն, մայրաքաղաքում կրթական, գիտական, մշակութային, սոցիալական, մարզական, առողջապահական, քաղաքաշինական և այլ հանրօգուտ նախագծեր ու ծրագրեր նախաձեռնելուն ու իրականացնելուն: Այնպես որ, եկեք ուս-ուսի տանք և միասնական ջանքերով ապրեցնենք մեր սրտի քաղաք Ստեփանակերտը….»,- նշել է Դավիթ Սարգսյանը՝ վստահեցնելով, որ այդ միջոցները նպատակային են ծախսվելու, իսկ ամբողջ գործընթացն իրականացվելու է առավելագուն թափանցիկության պայմաններում: