Երևանում՝ Ալ. Թամանյանի անվան ճարտարապետության ազգային թանգարան-ինստիտուտում, փետրվարի 20-ին բացվել է Շուշիի գորգերի թանգարանից պատերազմի ընթացքում տարհանված նմուշների ցուցադրությունը:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ գորգերը Շուշիի թանգարանի հիմնադիր Վարդան Ասծատրյանի անձնական հավաքածուից են և Շուշիից տարհանվել են 2020 թվականի նոյեմբերի 1-ին։
«Պատերազմի ժամանակ՝ հոկտեմբերի վերջին Շուշիի գորգերի թանգարանի մոտակայքում մեծ հրթիռ էր պայթել և վնասել շինությունը, ջարդվել էին դռներն ու պատուհանները: Ես ստիպված էի տարհանել գորգերը, որովհետև այլընտրանք չկար: Ժամանակին գիտակցեցի, որ կարող ենք կորցնել պատմամշակութային արժեք ներկայացնող այս գորգերը: Զանգահարեցի Արցախի կրթության, գիտության ու մշակույթի նախարարին, ավտոմեքենա տրամադրեցին և տարհանեցինք ցուցադրության ներկայացված նմուշները: Մոտ 100-120 գորգ, որոնք պահպանվում էին Շուշիի թանգարանային ֆոնդում մնացին այնտեղ»,-պատմեց Ասծատրյանը:
Նրա հաղորդմամբ՝ Շուշիից հաջողվել է դուրս բերել շուրջ 160 գորգերի ցուցանմուշներ: Շուշիի գորգերի երևանյան ցուցադրությանը ներկայացված ամենահին նմուշը 350 տարեկան է՝ Ասկերանի շրջանի Շոշ գյուղից։
«Գորգերի այս հավաքածուն, որի ցուցանմուշները թվագրվում են 17-ից 20-րդ դարասկզբով, գնել եմ այն ընտանիքներից, որտեղ գործվել են: Ուստի հայտնի են նաև դրանց պատմությունը, տեղավայրերն ու տարեթվերը: