Փետրուարի 19-ի՝ Գիրք նուիրելու օրուայ առիթով, գրում եմ երեք գրքի անուն, եւ առաջարկում եմ կարդալ դրանք։ Ինքս սահման էի ճշտել 3 գիրք, այլապէս այդ ցանկը ընդարձակ կը լինէր։ Իսկապէս դժուար ընտրութիւն էր, ու վերջապէս եզրակացրի հետեւեալ երեքը։
Շնորհաւոր Գիրք նուիրելու օրը։
- Հաֆեզի գազելները

Իրանցի մեծանուն քնարերգակ, բանաստեղծ Հաֆեզի գազելների պարսկերէն/ հայերէն երկլեզու հատորը լոյս է տեսել 2007 թուականին, Իրանի Սպահան քաղաքում։ Բնագրից թարգմանել է իրանահայ գրականագէտ, բանաստեղծ եւ թարգմանիչ Ազատ Մաթեանը։ Նա Իրանի “Սպահան” պետական համալսարանի հայոց լեզուի ու գրականութեան ամբիոնի դասախօս էր։ Ներկայիս բնակւում է ԱՄՆ-ում։
Հաֆեզն ապրել եւ ստեղծագործել է 14-րդ դարում, Շիրազ քաղաքում։ Նա գազելների վարպետ է։ Նրա գազելներում բիւրեղացուած են իրանական հոգեւոր եւ աշխարհիկ սիրերգութեան դարաւոր աւանդոյթները, որով այդ գողտրիկ ստեղծագործութիւնները իրենց չխամրող հմայքով շարունակում են ապրել իւրաքանչիւր իրանցու սրտում։ Հաֆեզը թարգմանուել է բազմաթիւ լեզուների։ Կէօթէն ազդուել է Հաֆեզից։ Ազատ Մաթեանի թարգմանած ծաւալով՝ Հաֆեզի գազելները, առաջին անգամ է ներկայացւում հայ ընթերցողին։
Հաֆեզ․—
“Գազելներդ շար մարգարիտ, արի՛, անուշ երգիր, Հաֆե՛զ,
Թող տաղերիդ ոսկի շաղեն կաթնածիրներն աստղածորան”։
“Ոսկի, արծաթ եթէ չունեմ, խեղճ դերվիշիս մի՛ լքիր,
“Տառապանքիս արցունքն՝ արծաթ, դէմքս՝ ոսկի համարիր”։
- “Գրիգոր Նարեկացի։ Նարեկացու հետ”։

“Նարեկացու հետ” պատկերազարդ հանրագիտակը կազմել է հայրենի մտաւորական ու բանասէր Եուրի Պետրոսեանը (Յուրի Պետրոսյան)։ Տպագրուել է 2011 թուականին, Երեւանում, “Էդիթ Պրինտ” տպագրատանը։
Հանրագիտակն իր մէջ պարունակում է Նարեկացիին ու նրա ստեղծագործութեանը նուիրուած՝ շուրջ 150 յօդուածներ ու նիւթեր, 600-ի հասնող գունաւոր ու սեւ-սպիտակ լուսանկարներ, պատկերներ, հայկական մանրանկարներ, կերպարուեստի գործեր, եւ յայտնի գրողների, բանաստեղծների, թարգմանիչների ստեղծագործութիւնները, որոնց ամբողջութիւնը հանրագիտակը դարձնում են գրաւիչ ու արդիական, տարողունակ եւ խօսուն։ “Նարեկացու հետ” հանրագիտակը նուիրուած է հայ տպագրութեան 500-ամեայ տարեդարձին։
Գրիգոր Նարեկացի․—
“Եւ այս բանական նուէրն հոտոտի՛ր
Որպէս անարիւն զոհաբերութիւն,
․․․Ու թող բուրի փառքիդ սեղանի վրայ,
Պահպանուի յաւերժ քո գանձարանում”։
“Կարող ենք նոյնիսկ մենք Աստուած լինել
Շնորհներով ու ձիրքով ընտիր”։
- Լեւոն Շանթի “Շղթայուածը”։

Աշխարհին յայտնի է բրիտանացի լրագրող, գրող Ջորջ Օրվելը՝ յատկապէս իր “Անասնաֆիրմա” (Animal Farm) հատորով։ Հաւանաբար շատերդ դա կարդացել էք բնագրով, կամ թարգմանութիւնները։ Չգրեմ այդ հատորի մասին․ նա որ կարդացել է՝ իմանում է, իսկ նա ով չի կարդացել, լաւ կանի անպայման կարդայ, քանի որ շատ զուգահեռներ կարելի է գծել Օրվելի անասունների դիմաշրջման, եւ աշխարհում, ու յատկապէս Հայաստանում տեղի ունեցած իշխանափոխութեան/ների միջեւ։
Ասեմ մի հետաքրքիր տեղեկութիւն,- Որ Ջորջ Օրվելից տասնամեակներ առաջ, նոյն բնաբանով թատերգ ունի գրող, թատերագիր, մտաւորական, ազգային-քաղաքական գործիչ Լեւոն Շանթը։ Կարդացէք Շանթ, յատկապէս նրա ոչ-ծաւալուն “Շղթայուածը” թատերգը, քանի որ այդ թատերգով ներկայացուած մարդու դիմաշրջումն ու այլանդակուելը շատ նման է ներկայիս Հայաստանում ընթացող քաղաքական զարգացումների, դիմաշրջումների ու այլանդակութիւնների հետ։ “Շղթայուածը” յոյժ արդիական է եւ անկրկնելի թատերգ։
ՌՈՒԲԻՆԱ ՕՀԱՆԵԱՆ