«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանին իրավապահները չեն հրավիրել հարցաքննության՝ ավելի վաղ արած հայտարարությունների առնչությամբ ոստիկանությունում հարուցված քրեական գործի շրջանակներում: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Մանուկյանը հայտնեց Ազատության հրապարակում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ՝ նշելով, որ քրեական գործի մասին տեղեկացել է մամուլից:
Մանուկյանը նշեց, որ Ազատության հրապարակը պետք է լինի շարժման ոչ թե ձևական, այլ իրական շտաբ, որտեղ քաղաքացիները կկարողանան աշխատանքից հետո գնալ, զբոսնել, հանդիպել քաղաքական գործիչների հետ ու հարցեր տալ նրանց:
«Սա կդառնա այն հրապարակը, որտեղ մարդիկ որոշումներ կկայացնեն ու կսկսեն իրականացնել: Շարժումներն այն ժամանակ են հասուն դառնում, երբ ոչ միայն ինչ-որ մեկը վերևից հրաման է տալիս՝ ինչ անել, այլ մարդիկ ցանցային, ինքնաբուխ որոշումներ են կայացնում: Կարծում եմ՝ երբ այստեղ զանգվածային հավաքված լինեն, ինչ-որ քանակից հետո կսկսվի այդ շղթայական ռեակցիան»,- ասել է «Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածուն:
Նա նշել է, որ որպեսզի շարժումը հաջողության հասնի, պետք է իշխանությանը զրկել երեք հենարաններից: Առաջին հենարանը, ըստ Մանուկյանի, մարդկանց այն հատվածն է, որն աջակցում է վարչապետին: Երկրորդը՝ «Իմ քայլը» կուսակցության պատգամավորներն են, իսկ երրորդը՝ ոստիկանությունը:
Վազգեն Մանուկյանը հայտնեց, որ փետրվարի 25-ին գնալու են Հայաստանի մարզեր: «Ավտոշարասյունով ուզում ենք պտտվել ողջ Հայաստանով, որովհետև գյուղերի վիճակը, կարծում եմ, շատ ավելի վատ է, նրանց տեղեկատվությունը շատ ավելի քիչ է: Այս ալիքների մեծ մասը շրջաններ չի հասնում»,- ասաց նա՝ նշելով, որ Երևանում կրկին երթեր ու հանրահավաքներ են սպասվում: