Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ երկրում իրավիճակը պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ: «Արմենպրես»-ը ներկայացնում է Մարդու իրավունքների պաշտպանի հայտարարությունը.
«Երկրում ստեղծված իրավիճակը բոլորիցս պահանջում է բացառիկ ջանքեր՝ ապահովելու համար համերաշխություն ու բացարձակ հարգանք մարդու իրավունքների նկատմամբ:
Չի կարելի թույլ տալ լարվածության բերող որևէ զարգացում:
Իշխանության ու առաջին հերթին իրավապահ մարմինները պարտավոր են ղեկավարվել բացառապես իրավունքի գերակայությամբ ու խստորեն ապահովել մարդու իրավունքների պաշտպանությունը երկրում:
Այս պատասխանատու օրերին առավել քան երբևէ մեզ անհրաժեշտ է զգոնություն և համերաշխություն»:
Հայաստանի Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբը փետրվարի 25-ին հանդես է եկել հայտարարությամբ՝ պահանջելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի և կառավարության հրաժարականը: ՀՀ վարչապետը հայտարարել է, որ տեղի ունեցողը համարում է ռազմական հեղաշրջման փորձ՝ իր կողմնակիցներին կոչ անելով հավաքվել Երևանի Հանրապետության հրապարակում: ՀՀ վարչապետը ժամը 16:00-ին Հանրապետության հրապարակում հանդես կգա ելույթով: