«Հայրենիքի փրկության շարժման» վարչապետի թեկնածու Վազգեն Մանուկյանը Բաղրամյան պողոտայում անցկացված հանրահավաքի ժամանակ, դիմելով մասնակիցներին, նշեց, որ պայքարի ընթացքում առջևում շատ աշխատանք կա կատարելու:
«Այսօր ժողովուրդն է այստեղ: Ժողովուրդն է, որ պետք է վերականգնվի, նվաճի Արցախը, իր հզորությունը ցույց տա: Մենք ոչ միայն պետք է վերականգնենք նախկինը, մենք ավելի բարձր մակարդակի պետք է հասնենք: Պետք է վերածնվենք նոր մակարդակով՝ ձգտելով մեծ գաղափարների»,- «Արմենպրես»—ի հաղորդմամբ, ասաց Վազգեն Մանուկյանը: Նա նշեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկությունը ՀՀ վարչապետը կրկին ուղարկել է ՀՀ նախագահին, ով եռօրյա ժամկետում որոշում պետք է կայացնի:
«Հետո հարցն անցնելու է Սահմանադրական դատարան: Մենք պետք է կանգնած լինենք, որպեսզի այս կառույցն ամուր ձևով պահպանի մեր ժողովրդի, մեր ազգի շահերը: Դա մեզնից է կախված»,-ասաց Վազգեն Մանուկյանը:
ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը նշեց, որ մեծ պատիվ է հանրահավաքին մասնակցելը, ժողովրդի կողքին գտնվելը:
«Մեր գերագույն հրամանատարը դուք եք, հարգելի հայրենակիցներ: Ուզում եմ շնորհավորել գարնանային առաջին օրը, կարծում եմ՝ այս ոգևորությունը թափ է տալու մեր գործի անիվին, որը բերելու է հաջողության: Մեր նպատակը մեկն է՝ ունենալ փորձառու կառավարություն, որն այս ճգնաժամից կհանի մեր երկիրը»,-ասաց Սեյրան Օհանյանն՝ ընդգծելով, որ շարունակելու են պահանջել ՀՀ վարչապետի հրաժարականը: Նա նշեց, որ հավաքվել են բանակին սատարելու, հայկական բանակին, որը փառապանծ ճանապարհ է անցել:
Շարժման համակարգող, ՀՅԴ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը տեղեկացրեց, որ իրենց շարքերը գնալով համալրվում են: Նա տեղեկացրեց, որ շարունակելու են մնալ Բաղրամյան պողոտայում: Հանրահավաքը շարունակվեց երթով դեպի ՀՀ նախագահի նստավայր՝ աջակցություն հայտնելու Արմեն Սարգսյանին: