ԱՐՄԷՆ ՅՈՎՍԷՓԵԱՆ
Ընդմիջումներով հետեւեցի Մարտի 1-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինեանի հրաւիրած հանրահաւաքում նրա ելոյթին։ Կարծում եմ, պէտք չի մանրամասն խօսել նրա կարդացածի ու վերջում նրա ճառի մասին։ Վստահ եմ, կան շատեր, որ ամեն ինչ ճիշտ կը բնորոշեն։
Ինչո՞ւ ընդմիջումներով լսեցի։ Քանի որ ես սպասում էի նիկոլը պիտի խօսի ապագայ ծրագրերի մասին,- թէ գործնականում ինչպէ՞ս կարելի է երկիրը դուրս բերել քաոսային այս վիճակից։ Բայց նա հիմնականում ծանրացաւ անցեալի վրայ, ու փորձեց իր յանցանքը նորից բարդել ուրիշների վրայ։ Այսպէս չի լինում, պարոն վարչապետ։ Իհարկէ, նիկոլը ներողութիւն խնդրեց իր սխալների համար, բայց սա շա՜՜տ ուշ էր ու շատ քիչ է առհասարակ՝ յանցանքի ու սխալի տարողութիւնը նկատի ունենալով։ Այդ «սխալի» անունը դաւաճանութիւն է։
Պէտք չի անդրադառնալ նիկոլի խօսքերին առհասարակ, քանի որ նա երէկուայ հանրահաւաքում նորից հրապարակ նետեց մի քանի խօսք, որպէսզի դեղին մամուլն ու ժողովուրդը սկսեն քննել, քննարկել, վիճել, իրար պատասխանել ու փորձել եզրակացնել դրանց ճի՞շտ կամ սխալ լինելը։ Այս խաղը վաղուց սպառուած է։ Չպիտի տրուել այս խաղերին, քանի որ դրանք նպատակ ունեն շեղել մարդկանց միտքը ՀԻՄՆԱԿԱՆ հարցից, որ այս դաւաճանի ու նրա դաւաճան իշխանութիւնների հեռանալն է։
Այնուամենայնիւ, արձանագրենք մի քանի զարմանալի խօսք, որ ասաց նիկոլը։
— Հայաստանի Զինուած Ուժերի ԳՇ-ի պետը դաւաճան է․․․ Այս խօսքն ասում է մի մարդ, որ ինքը փախել է զինուորական ծառայութիւնից, որ ասում է ռուսական արտադրութիւն Իսքանդեր հրթիռը պատերազմի ժամանակ չպայթեց ու նրա արդիւնաւէտութիւնը 10 տոկոս է․․․
Երէկ վարչապետի մամլոյ խոսնակն ասաց, որ Իսկանդերի հարցով վարչապետին մոլորեցրել են․․․ Նախ՝ այս յայտարարութիւնը շա՜՜՜տ ուշացած էր ու վիճակ չի փոխի։ Երկրորդ՝ որեւէ քաղաքական լուրջ մարդու հնարաւոր չէ մոլորեցնել։ Քաղաքական մարդը պարտաւոր է ստուգի իր տեղեկութիւններն ու իր ասածի հաւաստի լինելը։ Ուրեմն պատճառաբանութիւնը ծիծաղելի է։
Արդէն մամուլը ողողուած է ԳՇ-ի պետին դաւաճան իմանալու նիկոլի ասածի մասին լուրերով ու մարդկանց գրառումներով։ Մենք չխօսենք այս մասին։ Ուրիշներ տեղն են նստեցնում նիկոլին, ու դա բաւական է։
(Յիշեցման կարգով, ու լաւ է մի հոգի ասի նիկոլին,- Բանակը եթէ պիտի ռազմական յեղարջում անի, նախապէս չի ասում։ Իր գործն անում է մի օրում, ու ՎԵՐՋ։ Սա չի՞ հասկանում նիկոլը, թէ՞ մարդկանց յիմարի տեղ է դրել։ Խօսքս զոմբիների մասին չէ)։
— նիկոլի խօսքերով՝ եթէ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարեանը հիմա բանտում լինէր, թուրքն ու ազերին չէին յարձակուի․․․ Սա էլ մի ուրիշ զառանցանք։ Քոչարեանի դատական գործընթացը ինչո՞վ է կապւում Արցախը բռնագրաւելու՝ Ազրպէյճանի նպատակների հետ։
— Մարտի 1-ին, նիկոլի հրաւիրած հանրահաւաքին ներկաների թիւը ես պարտութիւն եմ իմանում։ Հանէք սիվիլ հագուստ հագած զինուորներին, հանէք ապահովական ուժերին, հանէք մարզերից Երեւան բերած մարդկանց, տակում քանի՞ հոգի կը մնայ։ Շատ քիչ էր նիկոլի հրաւիրած հանրահաւաքին ինքնակամ եկածների թիւը։ Լրատուամիջոցները հաղորդեցին առաւելագոյնը 16,000 հոգի, մինչդեռ սպասուող նուազագոյն թիւը 50,000 էր։
Նոյն օրը, նոյն ժամին Երեւանի Բաղրամեան պողոտայում ընդդիմադիրների հանրահաւաքի մասին չանդրադառնանք հիմա։ Ես կարեւորում եմ այն, որ ըննդիմադիրների բողոքի ցոյցերին մասնակցողների թիւը աւելանում է:
Ամփոփեմ,-
Հայաստանի ներկայ հարցերի լուծումը հայ ժողովրդից կախուած չէ։ Հայաստանի հարցերի լուծումը դրսում է։ նիկոլը՝ իր իշախանութեան երեք տարիներում, Հայաստանը դարձրեց զրօ գործօն աշխարհում։ ԶՐՕ գործօն։ Փոքրիկ Հայաստանը իրենց կողմն են քաշում աշխարհում ուժերի տարբեր կենտրոններ․ միայն Թուրքիան ու Ռուսաստանը չեն։ Մենք երբեք չենք իմանայ՝ թէ հիմա ինչ են խօսում քուլիսներում։ Հիմա իմանում ենք այն՝ ինչ կարդում ենք, տեսնում ենք։
Հետեւելով մարդկանց գրառումներին սոցցանցերում, նկատելի է՝ դրանց ծանրակշիռ մեծամասնութիւնը նիկոլի եւ իր կառավարութեան հեռանալն է ուզում, եւ իր պահանջը արտայայտում է ամենակոպիտ խօսքերով։ Քաղաքական որեւէ գործիչ չի կարող իր գործունէութիւնը շարունակել՝ ժողովրդի կողմից իրեն նկատմամբ հակակրանքի պայմաններում։ Չեմ կարծում, որ այս առումով բացառութիւն է Հայաստանը։ նիկոլը սպառուել է, ու չի կարող շարունակել ղեկավարել Հայաստանը։ Թէեւ նա իր ելոյթում նահանջի որոշ խօսքեր ասաց, բայց դրանք ոչ-մի նշանակութիւն չեն կարող ունենալ ՀԻՄԱ։ Նա նշեց, որ բոլոր հայերը իրար եղբայրեներն են՝ անկախ իրենց քաղաքական թեքումներից․․․ Այսինքն՝ հիմա բոլորը ՍՊԻՏԱԿ են․․․ Էլ չկան սեւեր։ Ասածը, որքան որքան էլ դրական հնչի, քաղաքական մարդը այսքան հեղհեղուկ եւ աննկարագիր չի լինում։ Նման մարդիկ ամենավտանգաւորն են աշխարհում։ Ու սա նաեւ փաստում է, որ նիկոլը աջակիցների կարիք ունի հիմա, այլապէս՝ ըստ իր էութեան՝ մարդիկ սեւ են, ու չկան սպիտակներ։ Չմանրամասեցնեմ։
Թէ ի՞նչ լուծում կստանայ Հայաստանի ապագայ քաղաքական ղեկավարութեան հարցը, կարելի է միայն նախատեսութիւններ անել։ Կան մի քանի տարբերակներ։ Նշեմ ամենահաւանական երկուսը,-
-Գնալ ԱԺ-ի արտահերթ ընտրութիւնների, որ հէնց իշխանութիւնների առաջարկն էր, ու հէնց իրենք տապալեցին այս առաջարկը՝ նշելով որ ունեն ժողովրդի նեցուկը։ Այս հարցը կրկին օրակարգ բերելը շատ բան է նշանակում, եւ այս առաջարկը կտրուկ մերժում է ընդդիմութիւնը։ Կայ եւ այն վտանգը, որ իշխանութիւնները օգտուեն կառավարական լծակներից, եւ ընտրախախտումներից վերարտադրուեն։
— Ներկայ ԱԺ-ն ընտրում է նոր վարչապետ, որ պարտականութիւն կունենայ ձեւաւորել ժամանակաւոր կառավարութիւն։
Աստուած խելք, խոհեմութիւն եւ համբերութիւն տայ բոլորին՝ հայ ժողովրդին այս քաոսից դուրս բերելու համար։ Հայաստանի գոյութեան եւ անվտանգութեան գլխաւոր երաշխաւորը Հայոց բանակն է։ Ամուր պիտի կանգնել բանակի կողքին եւ թոյլ չտալ որեւէ ձեւով նսեմացնեն, արժէզրկեն, լուսանցք քշեն, կամ գլխատեն բանակը։