Մարտի 3-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնակցեց «Հայկական լեռնաշխարհի եւ դրա յարակից տարածքների ժողովուրդների քրիստոնէական պատմական-մշակութային ժառանգութիւնը» առցանց համաժողովին, որ կազմակերպուել էր Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի (Շուէտ), Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Արցախի հոգեւոր-մշակութային ժառանգութեան հարցերով գրասենեակի, «Վիեննայի ակումբ» քաղաքական եւ տնտեսական վերլուծութեան համաեւրոպական կենտրոնի եւ «ՊԱՆԱՊ» խաղաղութեան պաշտպանութեան դաշինքի կողմից (Սլովաքիա)։
Համաժողովի համաատենապետներն էին Կենտրոնական Եւրոպայի եւ Շուէտի Հայրապետական պատուիրակ Տ. Տիրան եպիսկոպոս Պետրոսեանը, Պետական Էրմիտաժի գլխաւոր տնօրէն պրոֆ․, դոկտ․ Միխայիլ Պիատրովսկին եւ Եւրոպայի հայկական միութիւնների ֆորումի նախագահ դոկտ․ Աշոտ Գրիգորեանը։ Երկօրեայ համաժողովի ընթացքում երկու տասնեակից աւելի զեկոյցներով հանդէս կը գան արտերկրի եւ Հայաստանի նշանաւոր գիտնականներ, հասարակական գործիչներ եւ եկեղեցականներ։
Համաժողովը բացուեց Նորին Սրբութիւն Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Կաթողիկոսի խօսքով, որի ընթացքում Հայոց Հայրապետն իր օրհնութիւնն ու գնահատանքը բերեց կազմակերպիչ յանձնախմբին, զեկուցողներին եւ մասնակիցներին։