Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցությունը չի ընտրի Վճռաբեկ դատարանի դատավորի թեկնածուներին, որոնց թեկնածությունն առաջադրել է Բարձրագույն դատական խորհուրդը:
«Արմենպրես»—ի փոխանցմամբ՝ այս մասին խորհրդարանի նիստի ընթացքում հայտնեց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ նշելով, որ այդպիսով իրենց բողոքը կարտահայտեն ԲԴԽ նախագահ Ռուբեն Վարդազարյանի նկատմամբ:
Լիլիթ Մակունցը հայտնեց, որ դրա պատճառ է դարձել այն, որ Ռուբեն Վարդազարյանը բացահայտ անհարգալից վերաբերմունք է դրսևորել առաջնային մանդատ ունեցող պատգամավորների նկատմամբ:
«Իմ քայլը» խմբակցությունն այսօր չի ընտրելու ներկայացված թեկնածուներին, իր այս քայլով դիրքորոշում է հայտնելու ոչ թե թեկնածուների վերաբերյալ, այլ հենց պարոն Վարդազարյանի՝ որպես ԲԴԽ նախագահի գործունեության և հայտարարությունների վերաբերյալ»,- ասաց Մակունցը:
Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական և վարչական պալատի դատավորի թափուր տեղի համար առաջադրել էր Սամվել Գրիգորյանի, Արմեն Հայկյանցի և Արսեն Մկրտչյանի թեկնածությունները, սակայն Սամվել Գրիգորյանն ինքնաբացարկ էր հայտնել: